ՋԱՅԼԱՄՈՒԹՅՈՒՆՆ՝ ԻԲՐԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Ըստ ամենայնի՝ Եվրախորհրդի հետ աշխատող պաշտոնյաները որդեգրել են՝ մեղմ ասած, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ ուղղակի ստելու գործելակերպ: Նախ՝ նրանք հայտարարում էին, թե պայմանավորվածություն կա, եւ Եվրախորհուրդը մեր ընտրությունների վերաբերյալ իր գնահատականը ներկայացնելու է ԵԱՀԿ-ից առանձին: Մինչդեռ ԱԺ ընտրությունների վերաբերյալ էլ այս հաստատությունները ներկայացրին համատեղ եզրակացություն: Հետո Եվրոպայի խորհրդի հետ ի պաշտոնե շփվող մեր այրերը սկսեցին մարդկանց ականջներին լապշա կախել, թե ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի ընտրությունների հարցը չի՛ քննարկվելու, որեւէ որոշում չի՛ ընդունվելու՝ ուղղակի նախապատրաստված զեկույցն ընդունվելու է ի գիտություն: Հայտնի է, որ ե՛ւ քննարկում եղավ, ե՛ւ առաջարկ եղավ չճանաչել ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մանդատները՝ ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային կեղծարարության եւ «Ընտրական օրենսգրքի» խախտումների պատճառով: Եվ փոխանակ գոնե այժմ փորձեին վերլուծել կատարվածի պատճառները՝ Եվրախորհրդում ձայնազրկվելու վտանգի առջեւ հայտնված մեր արտաքին քաղաքականության պատասխանատուներն էլի շարունակում են պնդել, թե այդ «զեկույցը պարզապես ընդունվելու է ի գիտություն», «դրանից որեւէ իրավական հետեւանք չի բխում»: Ավելին՝ մի քանի օր փայփայում էին այն թեզը, թե դա միայն զեկուցողի անձնական առաջարկն ու մասնավոր կարծիքն էր, որից զարմանք էին ապրել եւ անակնկալի եկել այլ պատվիրակներ՝ մինչեւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ստիպված եղավ վկայել հակառակը: Սակայն մերոնց քարոզչական զինանոցում այլ հոգեպահուստ էլ կա՝ պնդում են, թե այս առաջարկը շարունակություն չի ունենալու, հարցն օրակարգ չի մտնելու, եւ Հայաստանի պատվիրակությունը չի զրկվելու իր մանդատներից: Այսինքն՝ էլի շարունակում են «փափուկ բարձ դնելու» եւ լուսավոր գալիքի վերաբերյալ հեքիաթներ պատմելու ընտրված մարտավարությունը: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ