Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի Եվրոպա

Հունիս 27,2003 00:00

Դեպի Եվրոպա «Հարավկովկասյան պետություններ, ճանապարհ՝ դեպի Եվրոպա»։ Այս թեմայի շրջանակներում Սեւանի «Մոթել» պանսիոնատում ընթացավ քաղաքացիական եւ իրավական հետազոտությունների «Կոնկորդ» կենտրոնի եւ «Ֆրիդրիխ Երկրորդ» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային կոնֆերանսը։ Ի՞նչ է Եվրոպան մեզ համար։ Ինչո՞ւ եւ ե՞րբ ենք պատրաստվում ինտեգրվել եվրակառույցներին ու որդեգրել համապատասխան արժեհամակարգ կամ պատրաստվո՞ւմ ենք արդյոք։ Առավելապես ահա այս հարցադրումների ֆոնին ծավալվեցին հայ, ադրբեջանցի եւ վրացի փորձագետների ու քաղաքագետների զեկույցները եւ քննարկումները։ Պետք է նկատենք, որ կոնֆերանսի ադրբեջանցի ներկայացուցիչների զեկույցները մոտեցումների ու տեսակետների թարմությամբ առանձնապես աչքի չէին ընկնում։ Դարձյալ հին, հայտնի կաղապարները եւ ըստ այդմ՝ նույն ու լավ ծանոթ հարակից դատողությունները։ «Հայաստանը շարունակաբար չի ճշտում հակամարտող կողմերի անվանումները»,- ի մասնավորի նշում է ադրբեջանական «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը։ Վերջինս ճիշտ չի համարում այն, որ հակամարտության մեջ ամբողջովին ներքաշված Հայաստանում փորձեր են անում հարցը ներկայացնել իբրեւ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ ծագած կնճիռ, մինչդեռ «բոլորս էլ հրաշալի գիտենք, որ այդպես չէ»։ «Զերկալոյի» մեկնաբանի հետ մեր ունեցած զրույցում վերջինս նշեց նաեւ, թե ղարաբաղյան հակամարտությունն այն սակավաթիվ հարցերից է, որոնց նկատմամբ համընկնում են Ադրբեջանի գրեթե բոլոր, հաճախ հակամետ քաղաքական ուժերի մոտեցումները։ «Ինտերնյուս-Ադրբեջան» կազմակերպության ներկայացուցիչ, տնտեսական փորձագետ Կյանուն Գուլուզադեն եւս իր դատողություններում օրիգինալ չէր։ Շարադրելով խնդրի կարգավորման գրեթե պաշտոնական տեսակետը, Գուլուզադեն խնդիրը դիտարկեց տարածաշրջանի հետագա տնտեսական փոխհամագործակցության համատեքստում։ Այս առումով ուշագրավ էին քաղաքագետ Աղասի Ենոքյանի դիտարկումները։ Քաղաքագետը նկատել է տալիս, որ Հայաստանի տնտեսությունն առավել քան հարմարված է շրջափակման տրամաբանությանը, ուստի՝ օլիգարխներին ամենեւին ձեռնտու չէ նախկին կոմունիկացիաների ապաշրջափակումը, ինչը կհանգեցնի նրանց բիզնեսի գերիշխող դերի նվազեցմանն ու գերեկամուտներից զրկվելուն։ «Կոնկորդ» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ի ամփոփումն հարցի վերաբերյալ հնչած տեսակետների, համոզմունք հայտնեց, թե երկու երկրների հասարակությունները «խիստ դեզինֆորմացված են»։ Ըստ բանախոսի, ԼՂՀ հարցում ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները շատ հեռու են իրատեսական լինելուց, իսկ նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը պարզապես չեն ուզում կարգավորել խնդիրը, ինչն «ուղղակիորեն կվտանգի նրանց իշխանությունը»։ Հարցին, թե ի՞նչ փոխզիջման է պատրաստ Ադրբեջանը կարգավորման հարցում, Ռաուֆ Միրկադիրովը պատասխանում է. «50 կամ 100 հազար մարդու անվտանգությունն ապահովելու համար ստեղծվող բուֆերային գոտիներից տեղահան է եղել շուրջ կես միլիոն մարդ։ Մի՞թե դա փոխզիջում չէ»։ Այս ամենով հանդերձ, Հարավկովկասյան երեք պետությունների ներկայացուցիչները մի հարցում համակարծիք են. եվրոպական ուղղություն ընտրած այս տարածաշրջանում առկա հակասությունները պետք է անպայման կարգավորվեն, այլապես ինտեգրացումն անհնար կդառնա։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել