Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբինյանը միշտ անկաշառ է եղել»

Հունիս 27,2003 00:00

«Ռուբինյանը միշտ անկաշառ է եղել» ՍԴ-ն երեկ մերժեց թիվ 13 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուներ Կարապետ Ռուբինյանի եւ Հայկ Մանուկյանի դիմում-բողոքները: Այնտեղ բերված էին փաստարկներ այն մասին, թե ինչպես է այդ ընտրատարածքում ընտրախախտումներով պատգամավոր դարձել «Օրինաց երկրացի» Գրիգոր Մարգարյանը: Թեկնածու Կ. Ռուբինյանն իր խոստումից չէր հրաժարվել ու ՍԴ չէր ներկայացել, փոխարենը եկել էր իր լիազոր172ներկայացուցիչ Սաբեթ Խլղաթյանը: Անիմաստ է շարադրել դիմումատուների բողոքում արձանագրված փաստերի մանրամասները, քանի որ դատական նիստի ընթացքում շատ ավելի հետաքրքիր հայտարարություններ հնչեցին: ՍԴ-ում դոցենտ թեկնածու Հ. Մանուկյանը շարունակ հայտարարում էր, թե Կ. Ռուբինյանի նման մեծ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչը, որը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում, չէր կարող «պարտվել մի մարդու», որին ոչ ոք չի ճանաչում: «Այդ թաղում, տարածքում իմ ուսանողներն են: Բացի այդ, մեծ հեղինակություն ունեցող Կարապետ Ռուբինյանը չէր կարող պարտվել նորելուկ մեկին, որը ոչ հեղինակություն ունի, ոչ էլ կարող էր հաղթել»,- դատարանում իր եզրափակիչ ելույթի ընթացքում հայտարարեց Հ. Մանուկյանը: Վերջինս ՍԴ-ին երկու անգամ խնդրեց, որ պետք է նրանց որոշման մեջ «ի հայտ գան ստրասբուրգյան արձագանքները, եւ պետք է հաղթանակի արդարությունը»: Այս հայտարարություններին ի պատասխան, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, թե՝ ՍԴ-ն քննության է առնում կոնկրետ իրավական վեճ, իսկ «մնացած արձագանքները պետք է հաշվի առնեն ու դրանց ուշադրություն դարձնեն քաղաքական ինստիտուտները»: Հ. Մանուկյանը դատարանում նաեւ նշեց, թե ինքը բողոք չի ներկայացրել դատական ատյաններին այն պատճառով, երբ տեսել է, թե ինչպես են այդ ատյաններում «քար լռության» մատնել հեղինակավոր թեկնածու Կ. Ռուբինյանի դիմումները: «Եթե նրան մերժում էին, ապա ես իմ հնարավորություններով չարժեր մտնեի այդ խաղերի մեջ»,- դատարանում ազդարարեց Հ. Մանուկյանը: Պատասխանող կողմ հանդիսացող թիվ 13 ԸԸՀ նախագահ Մարիետա Խաչատրյանն իր եզրափակիչ ելույթում չփորձեց հերքել իրենց վերագրվող մեղադրանքները՝ անգործություն, հովանավորություն Գ. Մարգարյանին եւ այլն: Փոխարենը նա գործին չառնչվող մի սենսացիոն հայտարարություն արեց: Մ. Խաչատրյանի խոսքերով, Կ. Ռուբինյանի հորեղբոր որդին՝ Արամ Ռուբինյանը, ընտրություններից հետո մի քանի անգամ զանգահարել է ԸԸՀ քարտուղարին՝ Հովհաննես Տեր-Հարությունյանին, ու սպառնացել. «Քանի որ ոտնահարվել է Կարապետ Ռուբինյանի հեղինակությունը, ապա պահանջում ենք 5000 ԱՄՆ դոլար՝ վերականգնելու համար նրա ոտնահարված հեղինակությունը»,- դատարանում հայտարարեց Մ. Խաչատրյանը՝ ավելացնելով, թե իրենց մոտ կա այդ ձայնագրությունը՝ կատարված բջջային հեռախոսից: Թեկնածու Ռուբինյանի հասցեին հնչած այդ մեղադրանքներին ի պատասխան, նիստի մասնակիցներից մեկը հայտարարեց, թե Կ. Ռուբինյանի նման «անկաշառ մարդը երբեք չէր կարող նման քայլի դիմել»: Իսկ պրն Ռուբինյանի լիազոր172ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը դեռեւս պետք է խորհրդակցի իր պաշտպանյալի հետ՝ որոշելու համար՝ դիմե՞լ դատախազություն նման զրպարտության համար, թե՞ ոչ: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել