Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԳԻՆԸ

Հունիս 27,2003 00:00

ՀՅԴ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԳԻՆԸ ՀՅԴ նախընտրական եւ կառավարության ծրագրերը նույնական են միայն «բաժակաճառային» ցանկությունների մասով: Իսկ Դաշնակցության որոշակի խոստումներից միայն հատուկենտներն են տեղ գտել դաշնակցային կառավարության գործունեության ծրագրում: Շանսերը, թե պետական ապարատը կարող է արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ՝ նույնքան են, որքան հավանականությունը, թե հնարավոր է սեփական մազերից քաշելով դուրս գալ ճահճից: Սակայն Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրել է. «Պետական կառավարման համակարգի գործունեության օրինականության, հրապարակայնության, հստակ իրավական կարգավորման, ինչպես նաեւ՝ այդ գործունեության նկատմամբ պետական ու հասարակական վերահսկողության համար պայմանների եւ մեխանիզմների ապահովում»: Կառավարությունը նույնպես իր ծրագրում առանձին գլուխ է հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարին, որում սակայն առանձնակի տարբերություններ չկան այն ամենից, ինչ այս առնչությամբ գրվում էր Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի կամ դեռեւս պաշտոնապես չդաշնակցած Անդրանիկ Մարգարյանի կառավարությունների ծրագրերում: «Ամենայն վճռականություն եւ անզիջողականություն», «թափանցիկ եւ մատչելի» կապակցությունների հեղեղում ՀՅԴ վերոհիշյալ առաջարկի հետ միակ փոքր-ինչ աղերսվողը խոստումն է, թե «վճռական եւ անհապաղ միջոցներ» են գործադրվելու, որպեսզի համակարգվի վերահսկողական ծառայությունների գործունեությունը: ՀՅԴ ծրագրում շատ հստակ է «Կրթություն» ենթաբաժինը: Առաջարկվում է ներդնել պետբյուջեով հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նոր ձեւ՝ ըստ սովորողների թվի, անցնել խորհուրդների միջոցով դպրոցների կառավարման նոր համակարգի, խոստացվում է ընդլայնել բուհերի պետպատվերը եւ կանոնակարգել վարձավճարների չափի սահմանումը եւ օգտագործումը: Այս ամենը տեղ չի գտել կառավարության ծրագրում, որտեղ դրա փոխարեն կան այսօրինակ արտահայտություններ. «Կրթության համակարգը պետք է սերունդներին հաղորդակից դարձնի ազգի ուժին եւ հանճարին, մեծագործություններին եւ կորուստներին, ներարկելով այն բանի գիտակցությունը, որ հզորացման գաղտնիքները թաքնված են սեփական ոգու, իսկ անհաջողությունները՝ սեփական թուլությունների մեջ»: Հուսով ենք, Սերգո Երիցյանը կկարողանա իրականացնել այս վեհ առաքելությունը: ՀՅԴ-ն խոստացել էր տարեցտարի ավելացնել մշակույթի ասպարեզի բյուջետային ֆինանսավորումը: Իսկ կառավարությունը միայն պատրաստակամ է ապահովել «մշակույթի զարգացման համար հատկացվող բյուջետային միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործումը»: Դաշնակցության նախընտրական ծրագրում առանձին ենթաբաժին է «Աշխատանք եւ զբաղվածությունը», որտեղ խոսվում է ե՛ւ «բնակչության առավել խոցելի խմբերի» զբաղվածության ապահովմանն աջակցելու, ե՛ւ մասնագիտություններով գործազուրկների վերապատրաստման, ե՛ւ այն գործատուներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին, որոնք ստեղծում են նոր աշխատատեղեր, ե՛ւ անգամ խոստացվում է անհատույց ֆինանսական միջոցներ տրամադրել այն գործազուրկներին, որոնք ցանկություն ունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ազնի՛վ նպատակներ են, որոնցից եւ ոչ մեկը տեղ չի գտել կառավարության ծրագրում: Սակայն հուսով ենք, որ սոցապ նախարար Աղվան Վարդանյանը, որպես կարգապահ դաշնակցական, այնուամենայնիվ կիրականացնի իր կուսակցության այդ խոստումները: Նա նաեւ պիտի հասնի նրան, որ սոցիալական արտոնությունները տրամադրվեն գերազանցապես դրամական վճարումների տեսքով, յուրաքանչյուր տարի իրականացվի բնակչության եկամուտների ինդեքսավորում: Այդպես է ծրագրել Դաշնակցությունը: Նույնը վերաբերում է եւ առողջապահության դաշնակցական նախարարին. հիշեցնենք, որ ՀՅԴ-ն խոստացել է. «Բուժաշխատողի աշխատանքային մասնակցությամբ բուժհաստատության դրամարկղ մուտքագրված գումարի զգալի մասը պետք է ձեւակերպվի որպես աշխատավարձ»: Մինչդեռ կառավարությունը ծրագրում է մի բան, որ ՀՅԴ ծրագրում բնավ չի եղել՝ շարունակել առողջապահության համակարգի օպտիմալացման գործընթացը: Կառավարության ծրագրից դուրս մնացած եւս մի խոստում, որ տվել էր ՀՅԴ-ն. «Գործուն մեխանիզմներ պետք է ստեղծվեն առավել անապահով խավի ներկայացուցիչների բնակարանային ապահովվածության խնդրի լուծման համար»: Եվ սա էլ դեռ ամբողջը չէ՝ պիտի կառուցեին ջրամատակարարման նոր համակարգեր սակավաջուր բնակավայրերում, վերակառուցեին ինքնահոս համակարգերը: Այս ամենը Դաշնակցությունը նախատեսում էր իրականացնել նաեւ պետական միջոցների շնորհիվ: Մինչդեռ կառավարությունն այժմ որոշել է աստիճանաբար հրաժարվել «խմելու ջրի եւ ոռոգման համակարգի ընկերությունների սուբսիդավորման քաղաքականությունից»: Իսկ այժմ՝ մի մաթեմատիկական խնդիր. կհաջողվի՞ ՀՅԴ-ին պարզերես դուրս գալ իր ընտրախավի առջեւ եւ կատարել խոստումը, թե առաջիկա 4 տարվա ընթացքում հարկային մուտքերը հասցնելու են ՀՆԱ 25%-ին (ընդսմին՝ ֆիզիկական անձանցից գանձվող եկամտահարկն իջեցնելով 12%-ի. ԱԱՀ-ն ներկայիս 20%-ից հասցնելով 16%-ի, եւ ընդհանրապես՝ զգալիորեն կրճատելով հարկերի քանակությունը), եթե կառավարությունն իր ծրագրում ընդամենը «կարեւորում է հարկային բեռի հետագա աստիճանական թեթեւացումը», եւ խոստանում ՀՆԱ-ի տարեկան 6-8% իրական աճ: Ձախողվելու է նաեւ ազգային փոքրամասնություններին տրված խոստումը, թե կառավարության համակարգում ստեղծելու են «ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող հատուկ պետական կառույց»: ՀՅԴ-ն չի կարողանա իր խոստումների տերը լինել նաեւ արտաքին տնտեսական քաղաքականության մասով, որ ներառում է, ասենք, արտերկրում ՀՀ առեւտրատնտեսական ներկայացուցչությունների ձեւավորումը, քանի որ դաշնակցային կառավարության ծրագրում այդ ոլորտն ընդհանրապե՛ս է բացակայում: Հայտնի պատճառով՝ դա կառավարության «բոստանը» չէ, եւ վարչապետը չէ, որ այնտեղ թելադրում է խաղի կանոններ: Հա, ի դեպ, «Օրինաց երկրի» պես՝ ՀՅԴ-ն էլ է խոստացել խնայողական ավանդներն աստիճանաբար վերադարձնել ավանդատուներին ու ոռոգման ջրի համար որոշ տեղերում տրամադրել բյուջետային սուբսիդիաներ: Եվ հիմա ի՞նչ եղան այդ խոստումները… ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել