Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱՐԻԿԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԶՈՀ ԷՐ

Հունիս 27,2003 00:00

ԳԱՐԻԿԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԶՈՀ ԷՐ Իսկ քրեական հեղինակություններն իրար դեմ պատերազմ են սկսել «Հունիսի 25-ին, ժամը 12:45-ին Երեւան քաղաքի ոստիկանության բաժանմունքից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նուբարաշենի խճուղում, քաղաքային աղբանոցի մոտ սպանություն է կատարվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12-ի սահմաններում նշված վայրի բլրի գագաթից, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, դարանակալելով, մայրաքաղաքից Նուբարաշեն համայնքի խճուղում ավտոմատից կրակահերթ է արձակել «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ստացված հրազենային վնասվածքներից տեղում մահացել է վարորդը՝ Սաշիկ Հակոբյանը, իսկ հրազենային տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ուղեւորներ Արտյոմ եւ Արկադի Գեւորգյանները, Գարիկ Հարությունյանը։ Վերջին երկուսը հիվանդանոցում մահացել են»։ Ոստիկանության այս պաշտոնական հաղորդագրությունը «Առավոտը» ստացել է երեկ, ժամը 11-ին։ Մինչդեռ հունիսի 25-ին մինչեւ կեսգիշեր ոչ ոստիկանությունից, ոչ պաշտպանության նախարարությունից որեւէ հստակ տեղեկատվություն չկար կատարված ահաբեկության մասին։ Ավելին, առանձին աղբյուրներ, ցավոք սրտի, թյուրիմացության մեջ գցեցին «Առավոտին», բախման կողմեր ներկայացնելով նույն ավտոմեքենայում ահաբեկության զոհ դարձածներին։ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրօրի 99 հոդվածի 4-րդ մասով (ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն): Ձերբակալվածներ չկան, չկան կասկածյալներ, փախուստի դիմած հանցագործություն կատարած անձինք դեռ չեն բացահայտվել: Արտյոմ Գեւորգյանը ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։ Երեկ ժամը 20-ի տվյալներով՝ նրա վիճակը մնում էր ծանր: Դեպքի վայրում իրավապահ մարմիններն առգրավել են AKM տեսակի 3 ինքնաձիգ եւ փամփուշտներ: Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելեց ՊՆ նախկին փոխնախարար Գեղամ Հարությունյանը եւ հայտնեց հետեւյալը. «Իմ հորեղբոր որդին՝ ՊՆ Բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանը, 1996թ.-ից այդ պաշտոնում է։ Բանակի լավագույն սպաներից մեկն է եղել եւ ոչ մի օր չի ապրել այն կյանքով, այն հարաբերություններով, որը, ըստ էության, Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած միջադեպի պատճառն է եղել։ Պատճառը մաֆիոզ թշնամանքն է։ Իր հայտնվելը ավտոմեքենայում լրիվ պատահական է։ Նա եղել է աշխատանքի վայրում։ Կնոջ կողմից հեռավոր բարեկամական կապ ունի ահաբեկման ենթարկված Գեւորգյաններից մեկի տղայի հետ, որը կնոջ հորաքրոջ աղջկա ամուսինն է։ Գեւորգյանները եկել են իր մոտ՝ աշխատանքի վայր, խնդրել են գնալ Սովետաշենի հոգեբուժարան՝ մասնագիտական կոնսուլտացիա կազմակերպելու հարցով։ Այնպես որ, նա բախման կողմ չի եղել, այլ, ցավոք, բախման պատահական եւ անմեղ զոհ»։ Հունիսի 28-ին, ժամը 12-ից Գարիկ Հարությունյանին հրաժեշտ կտան Սպայի տնից։ Հուղարկավորությունը՝ ժամը 14-ին, Եռաբլուր պանթեոնում։ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանից փորձեցինք լրացուցիչ տեղեկություններ իմանալ եղբորորդիների նկատմամբ կատարված ահաբեկության մասին։ Նրա պատասխանն էր. «Առավոտ» թերթի հետ մենք գործ չունենք։ Սրիկայությունից բացի նա ոչինչ չի կարող անել»։ ԱԺ ներկայիս պատգամավոր Սամվել Ալեքսանյանից, որի հետ, ըստ լուրերի, տնտեսական խնդիրներ ուներ Գեւորգյանների ընտանիքը, առայժմ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ «Առավոտը» ցավակցում է միջադեպի անմեղ զոհերի հարազատներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել