Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւը նորից Հյուսիսից ծագեց

Հունիս 26,2003 00:00

Արեւը նորից Հյուսիսից ծագեց Մեր «շեֆերի» դարդերը կարծես թե քիչ են, դեռ Արեւմուտքը լկտիաբար ստիպում է նրանց պայքարել կոռուպցիայի դեմ։ Բայց, դե, մեր իշխանությունները հո իրենք իրենց դեմ չե՞ն պայքարելու։ Հենց այս, թվում է, անելանելի պահին, վերստին եկավ «օրհնված սհաթը» եւ հյուսիսից ճանապարհը ցույց տրվեց տարբեր միջազգային կեղեքիչների ձեռքին տանջվող մեր իշխանություններին։ Մեկ օր առաջ Մոսկվայում կալանավորվեցին մեկ գեներալ- փոխնախարար, մի քանի գնդապետ-վարչության պետեր, իրենց հերթին են սպասում մի քանի տասնյակ փոխգնդապետ-մայորներ։ Ռուսաստանի Հանրային հեռուստատեսությունը արդեն երկու օր է ամենայն մանրամասներով ներկայացնում է իրենց «հակակոռուպցիոն» գործիչների կատարած փայլուն օպերացիան, այն էլ այն պահին, երբ Վլադիմիր Վլադիմիրովիչը Բուկինգհեմյան պալատում իր անգլերենի փայլուն իմացությունն էր ցուցադրում։ Մեզ մոտ էլ նմանատիպ մի բան կանեն։ Բնականաբար, նախարարներին ոչ ոք չի կասկածի կոռուպցիայի մեջ, քանզի նրանք քաղաքական դեմքեր են, ինչը, բնականաբար, պարկեշտության ցուցանիշ է։ Ավելի տրամաբանական կլինի որեւէ փոխնախարարի կալանավորելը՝ իր օգնականներով հանդերձ։ Կամ՝ մի քանիսին միանգամից։ Ըստ երեւույթին, ուշադրության կենտրոնում կհայտնվեն մեկ կամ երկու տնտեսական ոլորտի փոխնախարարներ, որեւէ նախկին նախարար, ուժային կառույցների որեւէ վարչության պետ, իսկ ընդունելության քննությունների ժամանակ՝ հանձնաժողովի որեւէ պատասխանատու։ Այսինքն, մի երկու ամսից «Հայլուրն» ու «02»-ը արդեն կցուցադրեն մի քանի դղյակ, որոնք արդեն պատկերվել են «Առավոտում»: Կխոսեն նրանց «Բրաբուսներից», «Պորշերից», արտասահմանում ունեցած նրանց վիլաներից, ինչպես նաեւ արտասահմանյան թանկարժեք բուհերում նրանց երեխաների ուսումնառությունից։ Մի խոսքով, ամեն ինչ կընթանա քրեստոմատիական սցենարով։ Երեք տարի առաջ, երբ նախագահի մամուլի քարտուղարը բրիֆինգի ժամանակ կարդաց եվրոպական կառույցներից մեկի շնորհավորական ուղերձը՝ ուղղված ՀՀ նախագահին՝ կոռուպցիայի դեմ կատարած փայլուն պայքարի կապակցությամբ, ներկա լրագրողները տարակուսեցին։ Մի քանի ամսից գոնե այդ տարակույսը այլեւս չի լինի։ Իսկ ԵԽ-ի եւ ԵՄ-ի համապատասխան կառույցներին մեր համապատասխան մարմինները կներկայացնեն «փայլուն աշխատանքի պտուղները»։ ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել