Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆԵԼԻՔ ՇԱՏ ԿԱ, ՃԻՇՏ ԱՇԽԱՏԵԼ Է ՀԱՐԿԱՎՈՐ

Հունիս 26,2003 00:00

ԱՆԵԼԻՔ ՇԱՏ ԿԱ, ՃԻՇՏ ԱՇԽԱՏԵԼ Է ՀԱՐԿԱՎՈՐ Հարցազրույց Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի անդամ, «Դեպրոտիվո Արմենիո» ակումբի նախագահ Նորայր Նակաշյանի (Նակիսի) հետ։ Պարոն Նորայրը հերթական անգամ հայրենիք է եկել հայկական ֆուտբոլին գործնականորեն աջակցելու նպատակով։ Նակիսն իր հետ բերել է արգենտինացի ինը ֆուտբոլիստների, որոնցից չորսն արդեն համալրել են «Փյունիկի» կազմը, իսկ մյուսները կարող են օգտակար լինել մեր մյուս ակումբներին, եթե, իհարկե, հրավերք լինի։ – Արգենտինայի նման ֆուտբոլային գերտերությունում ֆեդերացիայի ղեկավար կազմ ընդգրկվելն ու վճռորոշ ձայն ունենալը հեշտ բան չէ։ Դա ձեզ ինչպե՞ս հաջողվեց։ – «Դեպորտիվո Արմենիոն», որի նախագահն եմ, հայկական անուն ունեցող պրոֆեսիոնալ միակ թիմն է աշխարհում։ Ակումբին սատարում է Արգենտինայի 140 հազարանոց հայությունը։ Ֆեդերացիայի անդամ դարձել եմ ակումբի միջոցով։ Ֆեդերացիայի կազմում կա 400 թիմ, որից 23-ը՝ երկրի առաջնության 2-րդ դիվիզիոնում։ Այդ թիմերն ինձ ընտրել են ընդհանուր նախագահ, եւ ֆեդերացիայում ներկայացնում եմ նրանց շահերը։ – Արգենտինայում, մասնավորապես ձեր ակումբում, հայ ֆուտբոլիստներ շա՞տ կան։ – Ոչ, չկան։ Հայը ծնվում է կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք պահելու, բիզնեսով զբաղվելու համար։ Սպորտը հայի կյանքում ազատ ժամանցի ձեւ է։ – Հայաստանում ֆուտբոլն ամենասիրված մարզաձեւն է։ Սակայն տարիներ շարունակ զարգացման տեմպերը ցածր են։ Ի՞նչ է հարկավոր անել։ – Պետք է դրսից ֆուտբոլիստներ շատ բերել ու տեղում բարձրակարգ խաղացողներ աճեցնել։ Բերեմ Կոլումբիայի օրինակը։ Այդ երկրում ֆուտբոլը հսկայական առաջընթաց ապրեց դրսից շատ ֆուտբոլիստներ ներմուծելու շնորհիվ։ Կոլումբիան այնքան ժամանակ այդպես վարվեց, մինչեւ ներքին առաջնությունն ուժեղացավ, տեղում սկսեցին կադրեր աճել։ Ու հիմա նրանք այլեւս ֆուտբոլիստ չեն գնում, այլ վաճառում են։ Նույնն է նաեւ Թուրքիայի պարագայում։ Այսօր Հայաստանը դրսից շատ ֆուտբոլիստներ պետք է բերի։ Բայց հարկավոր է ճիշտ ընտրություն կատարել, խաղացողներ հրավիրել ֆուտբոլային պատմություն, ավանդույթներ ունեցող երկրներից։ Եվ ես տեսնում եմ, որ Հայաստանի այսօրվա ֆուտբոլային ղեկավարությունն այդ ջանքերը գործադրում է։ – Նկատի ունեք ձեր բերած ֆուտբոլիստների՞ն։ – Ոչ միայն նրանց։ Ես Հայաստան ֆուտբոլիստ եմ բերում առանց որեւէ շահույթ հետապնդելու։ Պարզապես, ուզում եմ հնարավորությանս սահմաններում օգնած լինել մեր ֆուտբոլին։ – Որակական առաջընթացն անվիճելի է, բայց, այնուամենայնիվ, տեմպերը ցածր են։ – Մի ծաղկով գարուն չի գա։ Միայն Ռուբեն Հայրապետյանի ջանքերով շատ բան չի ստացվի։ Պիտի բոլորը մտածեն, ովքեր ֆուտբոլում են ու պատասխանատվություն են կրում։ Ակումբների ղեկավարներն ու մարզիչները պետք է փոխեն մտածելակերպը, մոտեցումները, որ արդեն հնացել են։ Ամեն մի մարզիչ միշտ էլ սովորելու բան ունի։ Ցանկանալ է պետք։ Օրինակ, հիմա Արգենտինայից ինը ֆուտբոլիստ է եկել Երեւան։ Բայց այստեղի ակումբային մարզիչներից ոչ ոք գոնե մի անգամ չի գնացել տեսնելու նրանց խաղը։ Նրանց միջոցով կարելի է պատկերացում կազմել լատինաամերիկյան ֆուտբոլի մասին, որն աշխարհում առաջատարներից է։ Կամ, երբ հավաքականը հավաքվում է մեկտեղ։ Այնտեղ քիչ չեն լեգեոներականները, որոնք խաղում են Ռուսաստանում ու Եվրոպայի այլ երկրներում։ Հետաքրքիր չէ՞ տեսնել նրանց, Միխայ Ստոյկիցայի մարզումային մեթոդիկան։ Ստոյկիցան տարբեր երկրներում աշխատելու հարուստ փորձ ունի։ Մի՞թե նրանից ինչ-որ նոր բան յուրացնելիք չկա։ Սովորելն ամոթ չէ։ Ավելին ասեմ. մարզիչ կա, որի անունը հիմա չեմ տա, ասում է. «Սովետի տարիներին մենք այսպես ու այնպես էինք մարզվում»։ Եղբայր, այդ տարիներն անցել են Բեռլինի պատի հետ միասին։ Շատ ջուր է հոսել։ Ֆուտբոլն էլ արմատապես փոխվել է։ Ակումբները, կարծես, մեկուսացած են միմյանցից։ Մարզիչներին, ասես, հավաքականը չի հետաքրքրում։ Չեն հավաքվում՝ քննարկելու խաղերը, միասնաբար վրիպումները շտկելու։ Հավաքականում ամեն բան թողնված է Ստոյկիցային։ Ինքնագովություն չհամարեք։ Հիմա Հայաստանում է Արգենտինայի պես երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամը։ Նա, ամենայն հավանականությամբ, ավելի շատ բան տեսած կլինի, ավելի ծանոթ է համաշխարհային ֆուտբոլի ներկայիս վիճակին, զարգացման տենդենցներին։ Ու էլի մարզիչներն անտարբեր են։ Ես լինեի, Նակիսի պոչը բաց չէի թողնի ու անպայման ինձ օգտակար մի նոր բան կիմանայի նրանից։ Իմ կապը Հայաստանի ֆուտբոլի հետ սկսվել է 80-ականներին, երբ ֆուտբոլն այլ մարդիկ էին ղեկավարում։ Բայց այն ժամանակ Հայաստանում ինձ հիշում էին միայն, երբ կարիքս զգում էին։ Ես էլ անպայման աշխատում էի օգտակար լինել։ Ոչ ոք Նակիսին չէր դիմում Հայաստանում ֆուտբոլային գլոբալ հարցեր քննարկելու, կոնկրետ գործեր ձեռնարկելու նպատակով։ Հիմա Ռուբեն Հայրապետյանն է, որ մեզ հետ մշտապես գործնական կապեր է պահպանում։ Ու դա արդյունք կտա։ Միայն թե, կրկնում եմ, ակումբները պետք է նրան թեւ ու թիկունք կանգնեն։ – Ֆեդերացիայի հետ համագործակցության ծրագրեր ունե՞ք։ – Անշուշտ։ Այդ նպատակով էլ այստեղ եմ, ու Ռուբենի հետ աշխատում ենք։ Ծրագրերը շատ են ու բազմաճյուղ։ Սկսած մրցավարությունից, մարզիչների ու բժիշկների որակավորումը բարձրացնելուց, մինչեւ դոպինգային ստուգման կազմակերպումը։ Ցանկանում ենք, որպեսզի ֆուտբոլի բոլոր ճյուղերը կարգավորվեն։ – Մեզ մոտ շատ է խոսվում անարդար մրցավարությունից։ – Պետք է մեկընդմիշտ վերջ տալ այդ խոսակցություններին։ Եթե մրցավարը «կեղտոտ արյուն» ունի, այդպիսինին պետք է դուրս շպրտել ֆուտբոլից։ Մրցավարը նույն դատավորն է ու գործ ունի ճակատագրերի հետ։ Նա պետք է ազնիվ ու մաքուր լինի։ Բայց հանիրավի էլ են դժգոհում։ «Փյունիկ»-«Շիրակ» խաղում Արարատ Ճաղարյանն ու եզրայինները լավ աշխատեցին, ինձ դուր եկան։ Բայց պարտվող թիմը դժգոհում էր։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել