Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ՝ ԻԳԻԹՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Հունիս 26,2003 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ՝ ԻԳԻԹՅԱՆԻ ՀԱՄԱՐ Ժամանակակից արվեստի թանգարանի (ԺԱԹ) շուրջ կրքերը շարունակում են բորբոքված մնալ «Տոտալիտար ռեժիմի տարիներին ես կարողացել եմ թանգարան ստեղծել, իսկ անկախության օրոք ձեռքներիցս շենք են խլում։ Մի հատ հարցրեք Ռոբերտ Նազարյանին՝ ո՞նց է եղել, որ առանց իր եւ գլխավոր ճարտարապետի տեղյակ լինելու՝ շենքը վաճառվել է ու այսօր չենք կարող մի ամբողջ սերունդ ցուցադրել»,- հայտարարում է ԺԱԹ տնօրեն, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։ Իսկ փոխտնօրեն Մանվել Խաչատրյանը գտնում է, որ «Արիտիկ» ՍՊԸ-ն (որն իրականացնում էր նոր մասնաշենքի շինարարությունը) իրենց «քցել» է։ Հիշեցնենք, որ «Արիտիկը» (նախագահ՝ Տիգրան Առաքելյան) քաղաքապետ Ռ. Նազարյանի 22.06.2001թ. թիվ 667 որոշմամբ, պետք է «սեփական միջոցներով իրականացներ քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված շենքի կառուցումը» եւ «կառուցման ենթակա շենքի ընդհանուր մակերեսի 57,7%-ը ի սեփականություն, անհատույց հանձներ Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս Ժամանակակից արվեստի թանգարանի»։ «Արիտիկ» ՍՊԸ-ն, սակայն, թանգարանի տնօրինության պնդմամբ, թերանում է կատարել համապատասխան փաստաթղթերով ձեւակերպված իր պարտավորությունները։ Խմբագրություն եկած գործարար Արայիկ Հայրապետյանը, որ ներկայացավ «Արիտիկի» նախագահ Տ. Առաքելյանի մորեղբայր, հայտարարեց, որ որպես ավագ, ինքը մասնակցել է «Արիտիկի» ու ԺԱԹ-ի միջեւ ընթացող բանակցություններին։ Ա. Հայրապետյանն էլ իր հերթին է պնդում, որ տուժող կողմը ոչ թե ԺԱԹ-ն է, այլ «Արիտիկը», որն «ուղղակի թակարդն է ընկել»։ Ըստ Ա. Հայրապետյանի, ի սկզբանե որոշված է եղել կառուցվող շինությունը ինքնարժեքով հանձնել ԺԱԹ-ին։ Իսկ այն կարելի է հաշվել միայն շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո։ Բացի դրանից, գործարարի պնդմամբ, իրենց «շատ պայմանավորվածություններ թղթի վրա չեն երեւում»։ Ա. Հայրապետյանը հիացած չէ նաեւ քաղաքապետի՝ ԺԱԹ-ին տարածքն անհատույց հանձնելու մասին որոշմամբ։ Ի դեպ, «Արիտիկի» ներկայացուցիչը դատարանում՝ Նիկոլայ Հակոբյանը եւս գտնում է, որ «քաղաքապետը գերազանցել է իր իրավունքները», դրա համար էլ «Արիտիկը» դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Արայիկ Հայրապետյանը «Առավոտին» հայտնեց հետեւյալը. «Մենք, իրավաբանների խորհրդով, միշտ անլուրջ ենք վերաբերվել այդ որոշմանը, որովհետեւ Հայաստանում ամեն օր լիքը նման որոշումներ են դուրս գալիս ու դրանցից ոչ մեկը չի իրականանում։ Իսկ Իգիթյանի մոտ, չգիտես ինչու, տպավորություն կա, որ բոլոր բիզնեսմեններն իրեն պարտք են ու ամեն ինչ պիտի իրեն նվեր տան։ Այսօր «Արիտիկից» պահանջում են կամ տարածքը նվեր տալ, կամ դրա փոխարեն վճարել 729 հազար դոլար, որն աբսուրդ է։ Չգիտեմ ինչպես են հաշվել։ Երեւի նկատի ունեին, որ տարածքը պետք է ճոխ վերանորոգված ու կահավորված լիներ, արձանիկներով զարդարված։ Նրանք օգտվել են Տիգրան Առաքելյանի անփորձությունից, կոպիտ ասած՝ մեզ ուզում են ֆռռացնել։ Զարմիկս էլ, որ նոր է եկել Ամերիկայից, չգիտեր, որ բանավոր խոսքը Հայաստանում արժեք չունի։ Ինչ վերաբերում է Իգիթյանի շուրջ ստեղծված ֆուրորին, այն կեղծ է։ Մարդկանց մոտ նրա հեղինակությունը բարձրացել է այն տարիներից, երբ վերջինս հայհոյել է Գորբաչովին։ Իսկ ընդհանրապես, նրա աշխատաոճն է բիզնեսմենների հետ այդպես վարվելը։ Պլոկելուց, տիրանալուց հետո բոլոր տարածքները այլ նպատակի են ծառայեցվում՝ դառնում են խանութներ, բինգոներ, «Բրաբիոն»։ Զարմանում եմ նաեւ, որ փոխանակ ինքը ենթարկվի քաղաքապետերին, վերջիններս են իրեն ենթարկվում։ Դա դեռ քիչ է, հեռուստատեսությամբ էլ հայտարարում է, թե՝ մի բան եղավ՝ կգնամ Հայաստանից։ Ես եմ հանրապետության բյուջեն լցնողներից մեկը, ոչ թե ինքը։ Հազարավոր աշխատատեղեր եմ ստեղծել։ Էդ որ ամեն տեղ հայտարարում է՝ իմ տարածքը վերցրել են, հո իր տան տարածքը չի՞, Ժամանակակից արվեստի թանգարանի տարածքն է։ Կամ, եթե ինքը ԺԱԹ-ի տնօրենն է, ինչո՞ւ է տարվա մեծ մասը դրսում անցկացնում ու թանգարանին տերություն չի անում»։ Ի դեպ, Ա. Հայրապետյանը հավաստիացրեց, որ վերջին շրջանում Հ. Իգիթյանի հետ բանակցելու իր բոլոր փորձերը վերջինիս կողմից միշտ մերժվել են։ Փոխարենը, «Իգիթյանը ամենուր մրոտում է իմ անունը, բայց ես դաստիարակություն ունեմ, հարգում եմ նրա տարիքն ու ճերմակ մազերը։ Եվ առաջին անգամ ստիպված եմ նրան հրապարակավ պատասխանել»։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում Հենրիկ Իգիթյանը խանդավառ կերպով սատարում էր Ռոբերտ Քոչարյանին։ Ենթադրելի է, հետեւաբար, որ արվեստաբանը որեւէ տարածքի պրոբլեմ մոտ ապագայում չի ունենա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել