Ոստիկանը՝ կնոջ պաշտպան Մատի եւ մենթալիտետի արանքում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը երեկվանից երեքօրյա վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել Հայաստանի ոստիկանների համար՝ «Պայքար ընտանեկան բռնությունների դեմ» թեմայով։ Քննարկման համակարգողն էր Վարշավայից ժամանած, գենդերային հարցերով խորհրդատու Թինա Իլզեն։ Ոստիկանության գնդապետ Վալերի Խուբլարյանը որեւէ նոր բան չասաց, այլ նշեց, որ «ոստիկանությունն ունի պարտականություններ, անցումային շրջանում բազում են խնդիրները», հայ ոստիկաններն էլ զօրուգիշեր լծվել են մայրության, մանկության, ընտանիքի հոգածության գործին։ Մեկ այլ գնդապետ՝ Կարեն Մեհրաբյանը, շեշտեց, որ հայկական ընտանիքներում առկա կոնֆլիկտները բացատրվում են նրանով, որ բաղկացած են մի քանի սերնդի ներկայացուցիչներից։ Պարզվեց, որ միայն 2002թ., շնորհիվ ոստիկանության, բացահայտվել են 408 «անհաշտ ընտանիքներ»։ Չհասցրինք խայտառակ լինել աշխարհով մեկ, քանի որ Կ. Մեղրաբյանը ասաց, որ մեր մենթալիտետով հայկական ընտանիքներին բնորոշ չէ դիմել ոստիկանությանը։ Ուշադրությամբ լսվեց կանխարգելիչ միջոցառումների մասին մեր ոստիկանների խոսքը։ Ըստ պրն Մեղրաբյանի, գոյություն ունի «համոզման» մեթոդ (հնարավոր այսպիսի բառակապակցությամբ՝ «արա, դե վերջ տվեք, էլի, հայ չե՞ս») եւ «կանխարգելիչ զրույց՝ պարզ եւ մատչելի» (հնարավոր այս բառակապակցությամբ՝ «ուզում ես բաժին տանե՞նք»)։ Ուշագրավ է, որ մեր ոստիկանները ընտանիքում բռնություն կիրառողի դերը վերապահել էին միայն այն անձանց, ովքեր եղել են ազատազրկվածներ, կենցաղային հողի վրա դատապարտվածներ, մանր խուլիգանության համար պատասխանատվության ենթարկվածներ, ոստիկանությունում հաշվառման կանգնածներ, հոգեբուժարանների հիվանդներ։ Այլ խոցելի շերտեր չգտնվեցին։ ԵԱՀԿ դեսպան Ռոյ Ռիվը ողջունեց աշխատանքային հանդիպումը եւ նկատեց, որ ուսանելին այն է, որ մասնագետը մասնագետի հետ է խոսում։ Ռ. Մ.