Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հունիս 26,2003 00:00

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ Ասում է «Արժանապատիվ ապագա» կուսակցության համանախագահ, իրավաբան Ստեփան Ծաղիկյանը – Պրն Ծաղիկյան, «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքի կողմից առաջադրվել էիք ԱԺ պատգամավորության թեկնածու։ Ինչպիսի՞ն է ընտրությունների նկատմամբ ձեր գնահատականը։ – Համոզվեցի, որ հայ իրականության մեջ ընդհանրապես յուրաքանչյուր ընտրություն ավելի անբարոյականացնում է եւ կազմակերպիչներին, եւ հասարակությանը։ Ընտրությունն այսօր Հայաստանին այնքան է հակացուցված, որքան մարդու առողջությանը վնասող ամենավատ թմրանյութը։ Կարող եմ ասել, որ ընտրություններն ընդամենը վերարտադրեցին իշխանություններին՝ տվյալ քաղաքական ռեժիմին։ – Ի՞նչն էր առանձնահատուկ այս ընտրություններին։ – Այն, որ ձեռներեցները, օլիգարխները, բիզնեսմենները, ինչ բառ ուզում եք դրեք, համատարած ներկայացված են խորհրդարանում՝ իրենց տոհմածառերով։ Ստացվում է այնպես, որ ամենահզոր օլիգարխը պետության մեջ պաշտպանված չէ։ Նրանք եկան խորհրդարան իրենց սեփականությունը ապահովագրելու։ Հստակ է, որ այսօր Հայաստանում ամբողջ քաղաքական կամ տնտեսական բուրգը կառուցված է կոռուպցիոն երեւույթի վրա։ Հետեւաբար, կարելի է հասկանալ, որ քաղաքական որոշ ուժեր, հատկապես վերջին ժամանակներս, խոսում են կոռուպցիայի կանխարգելման մասին։ – Դուք՝ իբրեւ վերջին 30 տարիներին կոռուպցիայի հիմնահարցերով զբաղվող, ինչպե՞ս եք վերաբերում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված մոդայիկ գործունեությանը։ – Նախ տեղեկացնեմ, որ միակ եղած պետական փաստաթուղթը նախկին նախագահի՝ Տեր-Պետրոսյանի 1992թ. սեպտեմբերի 1-ի հրամանագիրն է՝ «ՀՀ հրամանագիրը պաշտոնեական դիրքի չարաշահումների եւ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին»։ Հայաստանն ամենավերջին պետությունն է աշխարհում, որ չունի կոռուպցիայի կանխարգելման մասին օրենք, ծրագիր, ռազմավարություն։ Այդ հրամանագրից եւ ոչ մի տող, եւ ոչ մի կառավարության կողմից չիրականացվեց։ – Պրն Ծաղիկյան, Համաշխարհային բանկը 300 հազար դոլար գումար էր տրամադրել ձեզ փաստաթուղթը մշակելու համար։ Ի՞նչ ստացվեց արդյունքում։ – Նախ ՀԲ-ն պարտադիր պայման էր դրել, որ ոչ մի մասնագետ (դրսի կամ ներսի) չպետք է միաժամանակ զբաղեցնի որեւէ պաշտոն։ Ես, որ 7 տարի շարունակ Ազգային ժողովի քրեական եւ վարչական օրենսդրական փորձաքննության բաժնի վարիչն էի, հեռացա։ Եվ 6 տեղական եւ 2 միջազգային մասնագետներով 7 ամիս աշխատեցինք, ստեղծեցինք 200 էջանոց փաստաթուղթ։ Լսել եմ, որ 200 էջից բաղկացած փաստաթուղթը դարձրել են 2 տասնյակ էջ։ Վերջին տարբերակը թե ինչ է դարձել՝ ինքս չեմ տեսել։ Չի կարող այսպիսի հակաիրավական մթնոլորտում խոսք լինել տնտեսական, քաղաքական, ժողովրդավարական զարգացումների մասին։ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի նախագիծը չունի նախադեպ որեւէ այլ փաստաթղթի համեմատությամբ, եթե վերցնենք գործող Սահմանադրությունը եւ բարեփոխված տարբերակը, որը հանրաքվեի դրվեց մայիսի 25-ին։ Աշխատանքային խումբը, որն ինքս եմ ղեկավարել, դրույթ առ դրույթ ներկայացրել է բոլոր պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, անցկացրել է բազմամարդ լսումներ (ԱԺ, կառավարություն, շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ)։ Պրոբլեմը չի ընկալվում։ Կոռուպցիան ընկալվում է որպես կաշառակերություն, հովանավորչություն։ Ցանկացած զանցանք, ցանկացած պաշտոնեական չարաշահում, որը քրեորեն հետապնդելի է՝ կոռուպցիա է։ Կոռուպցիայի տարածվածությունը Հայաստանում փաստ է։ Հասարակությունն ամբողջությամբ ողողված է դրանով, սակայն կոռուպցիան ընկալում է իբրեւ բնական երեւույթ, իբրեւ սովորույթ։ – Ինչքանո՞վ է արդար, որ կոռուպցիայի դեմ պայքարում են հենց իրենք՝ կոռումպացվածները։ – Ցավն այն է, որ մենք հասարակությունը, երկիրը բաժանում ենք իշխանությունների եւ ժողովրդի։ Պետությունը ստեղծում են երկու առաքելությամբ՝ անվտանգության եւ հասարակության բարեկեցության համար։ Եթե մարդիկ պետական բուրգ են ստեղծում, մի նպատակ ունեն՝ ծառայել։ Մեր պատկերացումն այն է, որ իշխանություն են ստեղծում՝ եւ մեկս մեկի հետ կապ չունենք։ Սակայն գտնում եմ, որ պետական բուրգը պետք է լինի այնպես, որ կարողանաս պահել։ Ռազմավարության մեջ ուղղակի գրված էր, որ պետք է պահվի փոքր պետական ապարատ, պաշտոնները չպետք է կրկնվեն, լիազորությունները արդյունավետ լինեն։ Հայաստանում ամենաներքեւից մինչեւ ամենավերին ատյանի ծառայողը շանս չունի մաքուր ապրելու։ Կիսամիջոցները ոչինչ են։ Ըստ էության, կոռումպացված է հասարակությունը, երկիրը, իսկ մասնագիտացված օղակներն են իրավապահ մարմինները, դատական համակարգը։ Հնարավորություն չկա ներսում մաքուր մնալ։ Հայաստանում չպետք է այդպիսի բուրգ պահել։ Միակ ելքը երկիրը տեղից շարժելու, հարստացնելու, չարիքի դեմ պայքարելն է։ – Սահմանադրության նոր տարբերակում տեղ գտա՞վ հակակոռուպցիոն պայքարը։ – Տեղեկացնեմ, որ մի քանի տասնյակ դրույթներ են ավելացել՝ կաշառքի, չարաշահումների, պաշտոնեական իրավախախտումների մասով։ Իսկ թե ինչու չանցավ Սահմանադրությունը, կարող եմ պնդել, որ ժողովուրդը իշխանության կողմից պատրաստած ցանկացած փաստաթուղթ, այդ թվում Սահմանադրությունը, չի ընկալում։ Ժողովուրդը իշխանությունը իրենը չի համարում։ 1000 տարի առաջ կաշառքը, կոռուպցիան իբրեւ վիտանգավոր, արատավոր դրսեւորում, գիտակցվել է հայ իրավագետների կողմից։ Ավելին, նրանք սահմանել էին «կաշառքի որակյալ» տեսակները։ – Պրն Ծաղիկյան, կոռուպցիայի դեմ մեկ քայլ անողները մշտապես պնդում են, թե ահաբեկում են իրենց։ Ձեզ արդյոք նույն «ուրախությունը» չի՞ պատճառվել։ – Իմ գործելակերպի նկատմամբ նույնիսկ որոշակի ճնշումներ չեն եղել։ Ավելի լավ է ճնշում լինի, գոնե կիմանաս բանի տեղ դնող կա։ Դասական անտարբերությունը սարսափելի է։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել