Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրարբուք»՝ պանդոկում

Հունիս 26,2003 00:00

«Ջրարբուք»՝ պանդոկում Մի քանի օր առաջ Թումանյան 18 հասցեում գտնվող «Ասպետ պանդոկի» տերը՝ Ստեփան Աղաջանյանը իր սեփականությունը գտավ մեկ մետր բարձրությամբ ջրով ողողված։ «Օրը շաբաթ էր, ուր ասես գնացինք՝ է՛լ ջրմուղ-կոյուղի, է՛լ թաղապետարան, բայց ոչ մի տեղից օգնություն չստացանք,- պատմում է պրն Աղաջանյանը,- ստացվում է, որ նման իրավիճակներում հայտնված քաղաքացին բոլորովին մենակ է իր գլխին եկած փորձանքի հետ»։ Ս. Աղաջանյանը «պանդոկի» չորս սեփականատերերից մեկն է, տարածքը վերագործարկել է բոլորովին վերջերս՝ հունվարին կրկին «ջրհեղեղի» տակ մնալուց հետո։ «Այն ժամանակ ողջ քաղաքն էր այդ վիճակում, շատ շենքերի խողովակներ պայթեցին ու ջուրը լցվեց բնակարաններ ու նկուղներ։ Բնականաբար, ոչ մեկին չդիմեցինք, ինքներս վերանորոգեցինք, ողջ գույքը թարմացրինք ու նոր էինք սկսել աշխատել՝ հիմա էլ այս պատահարը»,- իր բողոքը շարունակեց Ս. Աղաջանյանը։ Այս անգամ «հեղեղման» պատճառը դիտահորով («լյուկ») անցնող խողովակի խցանումն էր։ Ելք չգտնելով, կոյուղաջուրը դուրս է եկել իր համար ամենացածր վայրից՝ կիսանկուղում տեղավորված պանդոկի կոյուղատարից։ Արդյունքում՝ ջրի տակ են մնացել սառնարաններ, վառարաններ, սեղան-աթոռներ, դաշնամուր, կահ-կարասի ու սարքավորումներ, չհաշված մթերքը։ Պանդոկատերերի հաշվարկով, իրենց կրած վնասը կազմում է շուրջ 5 հազար դոլար։ Եվ եթե ձմռանը տեղի ունեցածի «մեղավորն» անսպասելի սառնամանիքն էր, ու այն դատապարտելը կամ վնասի հատուցում պահանջելն՝ անհնարին գործ է, ապա այս անգամ Ս. Աղաջանյանը համոզված է, որ «ինչ-որ մեկը պիտի պատասխան տա»։ Իսկ ո՞վ։ Վթարի հաջորդ առավոտյան, երբ Ջրմուղ-կոյուղու «Կենտրոն» մասնաճյուղից «առաքված» մասնագետները մաքրել-բացել են խողովակը, պանդոկատերերը դիտահորում հայտնաբերել են քարի ու ավազի կուտակումներ։ «Լյուկի մոտ փողոցը քանդում են՝ արդեն մի քանի օր է, ինչ Լինսի հիմնադրամով նորոգվում է Թումանյան փողոցը, հնարավոր է, որ բանվորների անփույթ աշխատանքի հետեւանքով քար ու ավազ լցվի հորն ու խցանվի խողովակը»,- ենթադրում է սեփականատերը։ «Առավոտը» դիմեց հնարավոր պատասխանատուներին: «Այդ փողոցում շինարարությունն իրականացնում է «Վահագն եւ Սամվել» ՍՊԸ-ն։ Ես արդեն զրուցել եմ ընկերության նախագահ Ղուկաս Գրիգորյանի հետ ու համամիտ եմ նրա կարծիքին՝ ողջ կոյուղացանցը փտած է, մենք ամեն մի քայլափոխի համոզվում ենք դրանում, ու չեմ կարծում, որ մեր շինարարներն են մեղավոր։ Մյուս կողմից էլ՝ թող դիմեն դատարան եւ եթե պարզվի, որ մեր գրասենյակի մեղքը կա, ապա տվյալ շինարարական կազմակերպությունը պարտավոր է վերացնել պատճառած վնասի հետեւանքները»,- մեր հարցմանը պատասխանեց «Լինսի» «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը։ Հաջորդ հնարավոր պատասխանատուն՝ «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը, նույնպես տուժողներին մատնացույց արեց դատարանի ճանապարհը։ «Թող այդ քաղաքացիները քաղհայցով դիմեն դատարան, եթե պարզվի, որ դիտահորը մեր սպասարկման տարածքում է, ուրեմն պարտավոր ենք կրել պատասխանատվություն պատճառված վնասի համար։ Բայց հնարավոր է, որ այն գտնվի շենքի համատիրության կամ ԲՇՏ-ի սպասարկման տակ, այդ դեպքում նրանց էլ կենթարկեն պատասխանատվության»,- պարզաբանեց «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը։ Նա «պանդոկատերերին» խորհուրդ տվեց դատարան դիմելուց առաջ դիտահորի ենթակայության հարցի ճշտման համար նախ պարզաբանում ստանալ իրենց ընկերության «Կենտրոն» մասնաճյուղից եւ Կենտրոն թաղապետարանի կոմունալ բաժնից։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել