Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Հունիս 26,2003 00:00

ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ «Ես մոտիկից եմ հետեւել «Ա1+» հեռուստաընկերության շուրջ առաջացած իրավիճակին եւ համարում եմ, որ մամուլի ազատությունն ու անկախությունը շատ կարեւոր տարրեր են բազմակարծիք ժողովրդավարության համար: Ես էլի եմ շարունակելու հետեւել խնդրի շուրջ տեղ գտնելիք զարգացումներին»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: Նա մեկնաբանել է նաեւ Հայաստանի ԱԺ ընտրությանը վերաբերող այն ձեւակերպումը, ըստ որի՝ կարող են չճանաչվել ՀՀ պատվիրակության լիազորությունները, եւ հիշեցրել այդ ընտրությունների միջազգային դիտորդների քննադատությունը. «Շատ կարեւոր է, որ Հայաստանը դասեր առնի դրանցից»: Շվիմերն ավելացրել է. «Պատրաստ եմ օգնել, օժանդակել, որ Հայաստանում այլեւս չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ նախորդ ընտրությունների ժամանակ»: Նա հստակեցրել է, թե խոսքն առաջին հերթին՝ նախընտրական շրջանի մասին է. «Նաեւ նախագահի ընտրության երկու փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում ծավալված իրադարձությունների. այն մարդկանց ձերբակալությունների, ովքեր ցույցեր անելով բողոքում էին ընտրություններում տեղ գտած կեղծիքների դեմ»: Անդրադառնալով այն պնդումներին, թե ՀՀ խորհրդարանի ընտրությունների վերաբերյալ զեկույցի հեղինակ Բերնարդ Շրայներն իր անձնական նախաձեռնությամբ է փաստաթղթում կետ մտցրել նոր պատվիրակության լիազորությունների չճանաչման մասին՝ Վալտեր Շվիմերն ասել է, թե դա արդար ու ազնիվ մոտեցում չէ. «Այդպես չի լինո՛ւմ: Զեկուցողը նշանակվում է ԵԽ ԽՎ-ի կողմից՝ նա լիազորված անձ է եւ ունի մանդատ… Զեկուցողը, որպես կանոն, իր տեքստը քննարկում է հանձնաժողովի կոլեգաների հետ, եւ այն փաստաթուղթը, որ վերաբերում է Հայաստանի ընտրություններին՝ նաեւ նրա գործընկերների տեսակետն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել