Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունիս 26,2003 00:00

ՄՐՑՈՒՅԹԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթեւոսյանը երեկ որոշում է կայացրել առանց քննության թողնել «ԱրմենԱկոբ», «Երեւան», Դար-21», «ԷՎ» եւ «Թիվի-5» հեռուստաընկերությունների դիմումը, որոնք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջում էին ետ վերադարձնել 2002-ի հոկտեմբերին հայտարարված կապուղիների մրցույթի իրենց փաթեթները՝ լրամշակման համար: Երեկ հեռուստաընկերությունների ներկայացուցիչն անգամ չէր ներկայացել դատարան: Եվ դատավորը սկզբում ցանկացել էր քննությունն անցկացնել առանց դիմումատուների, բայց հետո կայացրել էր վերոհիշյալ վճիռը: Մանավանդ որ՝ հեռուստաընկերությունների ներկայացուցիչն ավելի վաղ բանավոր հայտնել էր, թե բողոք չունեն, եւ փորձել ետ վերցնել հայցադիմումը: Այսպիսով, ուժի մեջ մնաց Տնտեսական դատարանի նախկին որոշումը 5 հեռուստաընկերությունների դիմումը մերժելու մասին: Ըստ այդմ՝ 8 ամիս առաջ հայտարարված մրցույթի առջեւ այլեւս իրավական որեւէ պատնեշ չկա: Ազգային հանձնաժողովը թերեւս հաջորդ շաբաթ նիստ գումարի եւ որոշի, թե երբ են քննարկելու այս 5 ու նաեւ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» մրցութային առաջարկները: Ի դեպ՝ հիշեցնենք, որ հեռուստաընկերությունների այս հնգյակը մինչ այս նույնիսկ Վճռաբեկ դատարան էր հասել նույն բողոքով, թե ձգձգված մրցույթի պատճառով իրենց ներդրումային եւ այլ պարտավորությունները դարձել են ժամկետանց, ուստի պետք է հնարավորություն տրվի լրամշակել դրանք: Որեւէ երաշխիք չկա, թե ներքին կարգով նրանց արդեն իսկ չի ընձեռվել այդ հնարավորությունը եւ չեն փոփոխվել կես տարուց ավելի հանձնաժողովում պահվող այդ փաթեթները: Գուցե դրանո՞վ է պատճառաբանված հայցադիմումից հանկարծակի հրաժարումը: Իսկ գուցեեւ՝ դատական քաշքշուկների միջոցով հեռուստաընկերություններն ուղղակի ժամանակ էին ձգում, քանի որ շահագրգիռ էին քարոզարշավի ժամանակ փող աշխատել: Կամ նրանց այդպես էր հրահանգված՝ անել ամեն ինչ, որ ընտրությունների ընթացքում «Ա1+»-ը եւ «ՆՏ»-ն ոչ մի շանս չունենային եթեր վերադառնալու: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել