Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՄԲԻԿԵՐԸ» ՄՏԱՎ ՍԴ

Հունիս 26,2003 00:00

«ԿՈՄԲԻԿԵՐԸ» ՄՏԱՎ ՍԴ Գ. Հարությունյանը գլուխ է կոտրում՝ ինչ պատճառաբանությամբ մերժել Ս. Աբրահամյանին ՍԴ-ն երեկ սկսեց թիվ 18 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սուրեն Աբրահամյանի դիմում-բողոքի քննությունը, որի ընթացքում վերջինիս լիազոր-ներկայացուցիչներն իրենց փաստարկներով ՍԴ-ին կանգնեցրին բավական անցանկալի իրավիճակի առջեւ: Դատական ողջ գործընթացին ներկա էր նաեւ ընտրախախտումների հեղինակ Գեւորգ Հակոբյանը եւ գլուխը բռնած լսում էր բոլոր այն մեղադրանքները, որոնք Ս. Աբրահամյանի ներկայացուցիչները հասցեագրում էին իրեն ու իր հովանավորյալ ընտրահանձնաժողովին: Ինչպես թիվ 3, այնպես էլ այս ընտրատարածքային հանձնաժողովը դատարանում իր շահերը ներկայացնելու համար դիմել էր ՏԻՄ ներկայացուցիչներին: Այս ԸԸՀ-ն դիմել էր Էրեբունու թաղապետ Մ. Սեդրակյանի գլխավոր օգնական Սեյրան Մկրտումյանին, որն ընտրությունների ժամանակ եղել է նաեւ Գ. Հակոբյանի վստահված անձը: Այս հանգամանքն ընդգծելու համար Ս. Աբրահամյանի լիազոր-ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ՍԴ-ում բացարկ ներկայացրեց՝ պնդելով, թե արդեն օրինաչափություն է դարձել, որ ԸԸՀ-երին ՍԴ-ում ներկայացնում են «հաղթող» թեկնածուի շահերը պաշտպանող անձինք: ՍԴ-ն, բնականաբար, մերժեց բացարկը՝ իր հերթին պնդելով, թե օրենքով նման բանն արգելված չէ: Երեկվա դատական նիստում դիմումատուի հնչեցրած փաստարկների խտությունը գերազանցում էր մինչ օրս ներկայացվածներին, ինչին չկարողացավ որեւէ հակափաստարկ ներկայացնել պատասխանող կողմը: Վերջինս ընդամենը հայտարարում էր, թե դիմումատուի բերած փաստարկները «մտացածին են, հորինովի», եւ որ ինքը «պնդում է, որ նման բաներ չեն եղել»: Այս զեղումներին չկարողացավ չարձագանքել անգամ Գագիկ Հարությունյանը եւ պատասխանող կողմին հիշեցրեց, որ ՍԴ-ում պետք է խոսել փաստերով, եւ «ոչ թե՝ ազնիվ խոսք՝ եղել է, ազնիվ խոսք՝ չի եղել մակարդակի» հայտարարություններով: Անդրադառնալով 04/08 տեղամասին, որն ընտրությունների ավարտից անմիջապես հետո հոսանքազրկվել է, պատասխանող կողմը հայտարարեց, թե՝ ոչ թե հանձնաժողովի նախագահն ու անդամներն են սեղանի տակից քվեաթերթիկներ լցրել սեղանի վրա, այլ՝ Ս. Աբրահամյանի վստահված անձը, որին ոստիկանների օգնությամբ տեղամասից դուրս են հրավիրել: Գ. Հարությունյանի հարցին, թե կա՞ արդյոք գրանցամատյանում նման արձանագրություն, Մկրտումյանը պատասխանեց, թե նման արձանագրություն կազմել է ոստիկանությունը: Իսկ Ս. Աբրահամյանի լիազոր-ներկայացուցիչ Վ. Զուռնաչյանի հարցին՝ արդյոք ԸԸՀ-ն այդ առթիվ դիմե՞լ է իրավասու մարմիններին, որպեսզի քրեական գործ հարուցեն, հետեւեց Մկրտումյանի հետեւյալ պատասխանը, ինչը դահլիճին բավական «ուրախացրեց». «Մեզ Սուրեն Աբրահամյանը օգնեց, քանի որ նա օգնեց ԸԸՀ-ին եւ ինքը դիմեց դատախազություն, էլ մենք չդիմեցինք»: Ի դեպ, դատարանում Մկրտումյանը նաեւ հայտարարեց, թե միայն 04/08 տեղամասն է ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում հոսանքազրկվել, սակայն հարկ է նշել, որ այդ տեղամասային կենտրոնում տեղակայված են եղել 2 տեղամասեր՝ 04/08 եւ 04/09: Այսինքն՝ չէր կարող հոսանքազրկվել միայն 1 տեղամաս: ՍԴ-ն՝ լսելով դիմումատուի փաստարկները, որոնք չկարողացավ հակառակն ապացուցել ԸԸՀ-ն, եկավ այն եզրահանգման, որ այս գործով որոշում կայացնելու համար «խիստ» անհրաժեշտ է ԸԸՀ-ից պահանջել դիմումում նշված թվով 7 տեղամասերի՝ 04/03, 04/06, 04/07, 04/08, 04/09, 04/13 եւ 04/14, ստուգումների վերաբերյալ ամփոփիչ թիվ 1 եւ 2 արձանագրությունները, 03/96, 04/00, 04/04, 04/15, 0416, 04/19 եւ այլ տեղամասերի ամփոփիչ թիվ 1 եւ 2 արձանագրությունները, որտեղ, ըստ դիմումատուի, բավական թվով անճշտություններ կան, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պահանջել դիմումատուի ներկայացրած բողոքների պատասխանները: Այսպիսով, երեկ ՍԴ-ն դարձյալ հայտնվեց շատ բարդ իրավիճակում, քանի որ չի կարողանում որեւէ ձեւ գտնել՝ մերժելու Ս. Աբրահամյանի դիմում-բողոքը: Իսկ դա Գ. Հարությունյանը ցանկանում է անել ոչ թե Վլադի «գեղեցիկ աչքերի» համար, այլ իր վերին «սրբություն» իշխանությունների համապատասխան պատվերը կատարելու նպատակով: Դատական նիստն ընդմիջվեց մինչեւ հունիսի 27-ը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել