ՉԿԱՆ ԼԱՎ ԼՈՒՐԵՐ Գիտի «Կենտրոն» հեռուստաընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր, «Միացյալ աշխատավորական կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանը: Գուրգեն Արսենյանը «Շարմից» «Կենտրոնի» բաժնետոմսերը ձեռք էր բերել շուրջ 800 հազար դոլարով, որի մեջ զգալի տոկոս էին կազմում հեռուստաընկերության պարտքերը, որոնք «Կենտրոնը» հասցրել էր կուտակել իր գոյության ընդամենը մեկ տարվա ընթացքում: Մեր այս տեղեկությունները պրն Արսենյանը չցանկացավ հերքել կամ հաստատել՝ պատճառաբանելով առեւտրային գաղտնիքը: Առայժմ չհայտնեց նաեւ, թե բաժնետոմսերի քանի՞ տոկոսն է իր սեփականությունը. «Երբ ամբողջովին վերջացնենք գործընթացը եւ բաժնետոմսերը գրանցենք ռեեստրում՝ կիմանաք»: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը «Շարմի» առաջարկի ֆինանսական ձախողման մասին վկայող այս փաստն այսպես էր մեկնաբանել. «Որեւէ՛ հեռուստաընկերություն որեւէ՛ պահի, որպես տնտեսվարող սուբյեկտ՝ կարող է վաճառել իր բաժնետոմսերը: Հանձնաժողովի տեսակետից՝ կարեւոր է, որ բաժնետոմս ձեռք բերող հիմնադիրները պահպանեն եւ իրականացնեն այն մրցութային առաջարկը, որով արտոնագրվել էր ընկերությունը»: Փաստ է, որ ինքը՝ «Շարմն», այդ առաջարկը չէր իրականացրել, սակայն հետաքրքիր էր, թե մտադի՞ր է Գուրգեն Արսենյանը հետեւել այդ ծրագրին եւ հեռարձակել «Միայն լավ լուրեր» անվանումով երկար սպասված հաղորդումը եւ ընդհանրապես՝ լավատեսական բնույթ ունեցող այլ ծրագրեր: «Ձեռք բերելով բաժնետոմսերի փաթեթը՝ մենք իհարկե, ծանոթացել ենք այն պարտավորություններին, որոնք ստանձնել էր մրցույթում հաղթած կազմակերպությունը,- պատասխանեց պրն Արսենյանը:- Եվ առանց հիմնական հայեցակարգային շեղումներ անելու՝ փորձում ենք որոշ «նյուանսներ» հարմարեցնել մեր մոտեցումներին: Գտնում ենք, թե լուրի լավ կամ վատ լինելն էական չէ՝ կարեւորը հասարակությանը տեղեկ ատվական կարգին ծառայություն մատուցելն է՝ այդ սկզբունքն ավելի ճիշտ է»: Մեր դիտարկմանը, թե եթերից չի երեւում, որ փորձում են «Շարմի» ծրագրի «նյուանսները» հարմարեցնել եւ իրականացնել դրանք՝ «Կենտրոնի» սեփականատերն այսպես արձագանքեց. «Պատրաստվում ենք ամբողջ «բլոկով» ներկայացնել այդ փոփոխությունները: Սեպտեմբերին այդ խնդիրն արդեն լուծված կլինի: Իսկ այժմ նախապատրաստում ենք մի քանի նոր հաղորդաշարեր: Խնդիր ունենք տեխնիկական հագեցվածության ավելացման, որ այժմ իրականացնում ենք»: Ի դեպ, երբ պրն Արսենյանից հետաքրքրվեցինք, թե կարծում է, որ կարողանալո՞ւ է ետ բերել իր ներդրած գումարը, հեռուստատեսություն ունենալը համարում է շահավե՞տ բիզնես, հետեւեց հաստատական պատասխան, որին հավելեց. «Հայաստանի հեռուստատեսային շուկան բավական աղտոտված է հարաբերությունների տեսանկյունից, քանի որ մեզանում հստակ կանոնակարգված չէ ու չի գործում ձեռնարկությունների կողմից հարկվող շրջանառությունից գովազդին արվող մասհանումների պակասեցումը, ինչը ստեղծում է բնականոն բիզնես-միջավայր: Թերեւս այդ հարցերին հետագայում անդրադառնանք իբրեւ խորհրդարանականներ, որպեսզի տնտեսության այդ հատվածին էլ ստիպենք աշխատել շահավետ ու համապատասխան հարկեր մուծել պետբյուջե»: Ակնհայտ էր՝ ակնարկը վերաբերում էր այն իրողությանը, որ բոլոր հեռուստաընկերությունները ներկայանում են իբրեւ վնասով աշխատող ձեռնարկություններ՝ խուսափելով շահութահարկի վճարումից: Ի դեպ՝ միակ բացառությունն «Ա1+»-ն էր: Հայտնի է՝ «Կենտրոնի» նկատմամբ մեր ուշադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրա ֆինանսական եւ այլ խոստումներն ավելի լավը համարվեցին, քան այն, ինչ իրականացնում էր «Ա1+»-ը: Հետաքրքրվեցինք, թե Գուրգեն Արսենյանի համար համոզի՞չ են այն փաստարկները, որ կատարվածը քաղաքական որոշման հետեւանք էր. «Տարբեր տեսակետներ կան հասարակության մեջ՝ այդ թվում նաեւ այն, որ մատնանշեցիք: Բայց ճիշտն ասած, քանի որ ընդհանրապես մասնակից չեմ եղել ո՛չ այդ մրցութային գործընթացին, ո՛չ էլ որոշումների կայացմանը՝ իմ տեսակետը կարող է միայն լոյալ լինել: Այսինքն՝ պետք է իմ հետեւությունների հիմք ընդունեմ միայն այն, ինչ ասվել է ինձ. որ «Շարմն» ուղղակի ցանկանում էր մտնել հեռուստատեսային շուկա»: Մեր հարցին, թե իր կարծիքով՝ օգտագործվե՞ց այդ ցանկությունն «Ա1+»-ին եթերազրկելու համար, հետեւեց «Այնքանով՝ որքանով» պատասխանը. «Ինչ որ չափով՝ օգտագործվեց, ինչ-որ չափով էլ՝ այդ մարդիկ էին պատրաստ սեփական եթեր ունենալու համար մտնել այդ պայքարի մեջ»: Պատասխանից պարզ է, որ Գուրգեն Արսենյանին դիվանագիտական աշխատանքի ուղարկելու ժամանակն է: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ