Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունիվերսալ» ստուգումներ կապելլայում

Հունիս 25,2003 00:00

«Ունիվերսալ» ստուգումներ կապելլայում Ելնելով վերակազմավորման պահանջներից, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը դեռեւս հունիսի 17, 18, 19-ին պետք է բաց մրցույթ անցկացներ՝ սոպրանո, ալտ, տենոր եւ բաս ձայների համար։ Սակայն կոլեկտիվի ճնշման տակ այն հետաձգվել էր մեկ շաբաթով։ Որոշ մասնակիցների պնդմամբ, հստակ չէին մրցույթին մասնակցելու պայմանները, իսկ հանձնաժողովը բաղկացած էր Հովհաննես Չեքիջյանի կողմնակիցներից։ Տեղեկացնենք, որ երեկվանից մրցույթն արդեն սկսվել է ու կտեւի մինչեւ հունիսի 26-ը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կապելլայի գեղարվեստական ղեկավարը կտրականապես հրաժարվեց մրցույթի պայմանների վերաբերյալ «Առավոտի» հարցերին պատասխանելուց։ Նրա փոխարեն պարզաբանումներ տվեց տնօրեն Եղիշե Խերանյանը։ Նա նախքան հարցերին պատասխանելը, պահանջեց հրապարակել Հովհաննես Չեքիջյանից դժգոհ ու մրցույթի համար խմբագրություն ահազանգած երաժիշտների անունները։ Հետաքրքիր էր, որ իր պահանջն էլ հիմնավորեց այսպես. «Ես իրավունք ունեմ այդ մասին իմանալու մշակույթի մասին պատրաստվող օրենքով»։ Այն հարցին, թե ինչ չափանիշների պիտի համապատասխանեն մրցույթի մասնակիցները, տնօրենը տվեց ուշագրավ պատասխան. «Մրցույթի մասնակիցները պետք է ունենան ունիվերսալ չափանիշներ՝ սկսած իրենց ձայնային տվյալներից, վերջացրած մասնագիտական բոլոր պարամետրերով, նաեւ աշխատանքի նկատմամբ վերջին մեկ տարում ցուցաբերած վերաբերմունքով»։ Բացի նրանից, որ հաշվի են առնվելու վերջին մեկ տարում համերգներում ունեցած նրանց ելույթները, հատուկ ուշադրություն է դարձվելու, «թե ինչպես են հաճախել, ինչքանով են ենթարկվել կարգապահության պահանջներին կամ ունե՞ն նկատողություններ»։ Ակնկալվում է, որ հատկապես վերջին «առավելությունների» տեր մասնակիցները մրցույթի արդյունքում «պլանի տակ» կհայտնվեն։ «Կապելլան վատ վիճակում է, երգիչը ստանում է 8500 դրամ, փոխանակ էդ մասին գրեք, կեղծ ահազանգի հետեւից եք եկել,- նախատեց Ե. Խերանյանը,- մի հատ հետաքրքրվեիք՝ ինչ կադրեր կան, մաեստրոյին հարց տայիք՝ լավ ձայներ ունե՞նք, թե՞ չէ։ Էսօրվա հայ ժուռնալիստին պիտի հետաքրքրի՝ մաեստրոն հրաշք ձայների հանդիպե՞լ է նախնական լսումների ժամանակ»։ Ի դեպ, նա նաեւ տեղեկացրեց, որ հանձնաժողովի կազմում իրենից բացի (Ե. Խերանյանը մասնագիտությամբ ռեժիսոր է), մյուսները պրոֆեսիոնալներ են, մշակույթի լավագույն գործիչներ։ Պարզեցինք, որ Հ. Չեքիջյանի ղեկավարած հանձնաժողովում հիմնականում նրա «մերձավորներն» են, մարդիկ, ովքեր դատարանում պաշտպանել են նրան կապելլայի դժգոհ հատվածի «ոտնձգություններից»։ Իսկ մշակույթի նախարարությունից հանձնաժողովի կազմում միայն Վարդան Վարդանյանն է (նկարիչ), Կոմպոզիտորների միությունից ներկայացուցիչ չկա։ Դրա փոխարեն քննողների մեջ են Ռաֆիկ Սահակյանցը (խմբի տեսուչը) եւ կապելլայի երկու դիրիժորները՝ Կառլեն Ալեքսանյանն ու Հարություն Օդաբաշյանը։ Ու թեեւ Ե. Խերանյանը նշեց, որ մրցույթի պայմանները պարզեցված են ու դրանց մասին նախօրոք հայտարարվել է փորձերի ժամանակ, կոլեկտիվի որոշ անդամներ հակառակն են պնդում։ Նրանք վստահ են, որ մրցույթը կծառայեցվի իրենցից ազատվելու նպատակին։ Մյուս կոլեկտիվներում հանձնաժողովի անդամները հիմնականում հրավիրված են լինում տարբեր կազմակերպություններից, որպեսզի ապահովվի հանձնաժողովի անկախությունն ու անաչառությունը։ Բացի այդ, ոչ թե հանձնաժողովն է կամայականորեն որոշում, թե ով ինչ կատարմամբ պետք է հանդես գա, երաժիշտները քննվում են, օրինակ, հարցաթերթիկների տարբերակով։ Այս ամենը բացառված է կապելլայի հայտարարած բաց մրցույթի պարագայում։ Եվ, ըստ մրցույթի որոշ մասնակիցների, ստեղծված են բոլոր հնարավորությունները, «ապստամբ» երաժիշտներից ազատվելու համար։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել