ՈՐԱԿՅԱԼ ՍՊԱՌՈՂՆԵՐ Միջին խավը՝ ինտերնետ ցանցում Սկիզբը՝ նախորդ համարում: Իսահակյան փողոցի «Երիտասարդական» մետրոյից մինչեւ ԵՊՀ առնվազն մեկ տասնյակ ինտերնետ-ակումբ կա: Հասկանալի է, որ դրանք որակապես նույնը չեն: Մի տեղ սպասարկումն է լավը, մի այլ տեղ գներն են ավելի մատչելի, մի ուրիշում՝ առաջարկվում են այլ ծառայություններ եւս: Այս կողմերի լավագույն ակումբներից մեկը «Սմակ» կոչվողն է: Նույն տարածքում կա եւ քսերոքսի, եւ ֆոտո-ծառայությունների, եւ ֆաստ-ֆուդի, եւ գրենական պիտույքների վաճառքի, եւ համակարգչային ամենատարբեր ծառայությունների առաջարկ: Այսինքն, ստեղծված է հնարավորություն, որպեսզի ուսանողները, առանց ավելորդ ժամանակ կորցնելու, միաժամանակ լուծեն իրենց բոլոր խնդիրները, ընդհուպ՝ սնունդը: Ինտերնետից օգտվելն այստեղ նույնպես համեմատաբար մատչելի է՝ մեկ ժամն արժե 200-400 դրամ: Չմոռանանք նշել, որ հաճախ ինտերնետ-ակումբները լուծում են ավելի կարեւոր խնդիր՝ նրանք փոխարինում են ծանոթությունների ակումբներին: Եվ իրոք, ուրիշ որտե՞ղ կարելի է գտնել ավելի շատ կիրթ, խելացի եւ գեղեցիկ աղջիկներ (տղաներ), քան ինտերնետ-ակումբում: Զրույցի ժամանակ նման ակումբներից մեկի աշխատակիցն ասաց, որ հատկապես աղջիկներն այստեղ հաճախ գալիս են նոր ծանոթություններ հաստատելու նպատակով՝ «գիտեն, որ ինտերնետից օգտվող տղան գոնե մի քիչ կիրթ պետք է լինի»: Իսկ ընդհանրապես, ինտերնետ- ակումբներում հիմնականում իրենց ինտերնետային փոստն են ստուգում: Աշխատակիցների տվյալներով, այդ նպատակով ակումբ հաճախողները գրեթե 70%-ն են կազմում: Իսկ փոստը ստուգելը հաճախ ընդամենը երկու-երեք րոպե է տեւում, այստեղից էլ՝ «մինչեւ 15 րոպեն՝ 150 (200) դրամ» հաճախ հանդիպող հայտարարությունը: Շատ են նաեւ նրանք, ովքեր «chat» են մտնում, հանդիպում «forum»-ներում: Մի խոսքով՝ վիրտուալ աշխարհ, վիրտուալ կապեր: Մեր զրուցակցի բացատրությամբ, ակումբներում ժամավճարային գների տարբերությունը կախված է ոչ միայն համակարգիչների որակից, այլեւ տարածքի վարձակալության եւ այլեւայլ խնդիրներից. «Եթե տարածքի համար վճարում ես $300, եւ տեղադրել ես 10 համակարգիչ, պարզ է, որ հաճախորդներից վերցնելու ես ավելի շատ, քան նա, ով նույն գնով վարձակալած տարածքում դրել է 20 համակարգիչ»: Տարածքի համար վճարը քաղաքի տարբեր վայրերում տարբեր է: Դա է թերեւս պատճառը, որ, ասենք, Դավիթաշենում գտնվող ինտերնետ-ակումբում, որը նաեւ ավիատոմսերի վաճառքով է զբաղվում, մինչեւ 15 րոպե ինտերնետից օգտվելն արժեր 100 դրամ, իսկ քաղաքի կենտրոնում գտնվող, բայց շատ ավելի անհրապույր ակումբում՝ 150 դրամ: Ընտրելով իրենց սպասարկողին՝ «Արմինկո», «Նետսիս», «Իքստերնետ», «Վեբ» եւ այլն, ակումբներն առաջնորդվում են տարբեր սկզբունքներով: Ծառայություններից մեկն ավելի մատչելի է կապ տրամադրում, մյուսն՝ ավելի որակյալ, երրորդը՝ զեղչով, եւ այլն: Մեր զրուցակիցներից մեկն ասաց, որ կան ակումբներ, որ նախընտրում են էժան, բայց ոչ այնքան որակյալ կապուղին, քանի որ դրա միջոցով կապը բավականին դանդաղ է, իսկ դա ինքնըստինքյան նշանակում է, որ հաճախորդը փոստը կարող է ստուգել ոչ թե երկու-երեք, այլ յոթ-ութ րոպեում: Իհարկե, սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը, որ հաջորդ անգամ այդ հաճախորդը կնախընտրի 50-100 դրամ ավելի մուծել, բայց նյարդերը չքայքայել, եւ կգնա մեկ այլ ակումբ: Հետաքրքիր էր նաեւ այն, որ, ի տարբերություն, ասենք, իմ անձնական կամ աշխատավայրում գտնվող համակարգիչների, որոնցով ես միաժամանակ կարող եմ բացել մի քանի ինտերնետային էջ, իմ այցելած գրեթե բոլոր ակումբներում այդ հնարավորությունը նեղացված էր: Մի տեղ ինձ նամակ եկավ՝ «չի կարելի միաժամանակ բացել երկու էջից ավելի», մեկ այլ տեղում ուղղակի չէին բացվում էջերը՝ ծանրաբեռնվածությունը թույլ չէր տալիս: Բնականաբար, մեզ հետաքրքրում էր նաեւ այն, թե արդյոք նման ակումբներում արգելք դրվա՞ծ է պոռնո-սայթերի վրա: Պարզվեց, որ դա եւս կախված է ակումբից: Մեր զրուցակիցներից մեկն ասաց, որ իրենք պարբերաբար զգուշացվում են օրինապահ մարմինների կողմից՝ նման սայթերի վրա արգելք դնելու ցանկալիության մասին: Սակայն կան 24-ժամ գործող ինտերնետ-ակումբներ, որոնց հիմնական եկամուտը հենց այդ սայթերից անարգել օգտվելու հնարավորությունն է: Քաղաքի ծայրամասերում նկատվում է հետաքրքիր տենդենց. փոքրիկ, անհրապույր մի տարածքի վրա (առավելապես՝ նկուղային) նշված է «Ինտերնետ», սակայն այդ տարածքում կա ամեն ինչ, բացի համակարգչից: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ «Ինտերնետ-ակումբ» հավակնոտ ցուցանակի ներքո մի նկուղում դրված է մի քնձռոտ համակարգիչ, որից օգտվելու համար հերթի են կանգնած մի քանի դեռահաս: Նրանք, իհարկե, ոչ թե ինտերնետից են օգտվում, այլ համակարգչային խաղեր են խաղում: Ինտերնետային «հիվանդությամբ» դեռ չեն վարակվել մեր հանրապետության հեռավոր շրջանները, եւ «Բարի լոտոյի» կամ ՀՌԱԿ-ի շնորհիվ գյուղական դպրոցների ձեռք բերած համակարգիչներն այնտեղ հիմնականում ծառայում են որպես գրամեքենա կամ խաղալիք: Սակայն պատմության անիվն անշրջելի է, եւ մոտ ապագայում վիրտուալ աշխարհը մուտք կգործի նաեւ լեռներ: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ