Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնաբանում են ԵԽ ԽՎ որոշումները…

Հունիս 25,2003 00:00

Մեկնաբանում են ԵԽ ԽՎ որոշումները… … Հայաստանի մասին Մեկնաբանելով ԵԽ ԽՎ լիագումար նիստի ընդունած բանաձեւը, որով Հայաստանի նկատմամբ քաղաքական պատժամիջոցների սպառնալիք է հնչել՝ նկատի առնելով ԱԺ ընտրություններում «ընտրախախտումների ծավալն ու լրջությունը», Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Այդ կետի գոյությունը զեկույցում անակնկալի է բերել անգամ Հայաստան այցելած դիտորդական խմբի անդամներին, քանի որ նրանք կանխավ տեղեկացված չեն եղել, որ այդպիսի բան պիտի գրվի»: Սակայն ԵԽ ԽՎ պատգամավորներից ոչ մեկը նիստերի դահլիճում չի ընդդիմացել Հայաստանի նոր պատվիրակության մանդատները չվավերացնելու առաջարկին: Մինչդեռ պրն Ռուստամյանը պնդել է, թե այդ զեկույցը պարզապես ընդունվելու է ի գիտություն եւ չի կարող դիտվել որպես Եվրախորհրդի որոշում. «Սրանից որեւէ իրավական ուղղակի հետեւանք չի բխում: Քանի դա չի դարձել հանձնաժողովների քննարկման առարկա, հանձնաժողովներն իրենց տեսակետները չեն ներկայացրել եզրակացության ձեւով, եւ այնուհետեւ դա չի քվեարկվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում՝ սա չի կարող դառնալ Եվրախորհրդի որոշում»: Քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում Արմեն Ռուստամյանն ասել է նաեւ, որ նորընտիր պատվիրակության լիազորությունների չվավերացման հնարավորությունը չի տեղավորվում այն տրամաբանության մեջ, թե Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար աշխատելով, կարելի է յուրացնել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման եվրոպական փորձը: … Ադրբեջանի մասին ԵԽ ԽՎ բյուրոն մերժել է ադրբեջանական պատվիրակության առաջարկը՝ Ադրբեջանում սպասվող նախագահի ընտրության կապակցությամբ 2004-ի հունվարյան նստաշրջան տեղափոխել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցի քննարկումը։ «Եվրոպայի խորհրդի երկրներում քաղաքական բանտարկյալներ լինել չեն կարող, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով բանտարկված մարդկանց: Այդ մարդիկ պետք է ազատ արձակվեն: Անդամակցությունը մեր կազմակերպությանը հարգանք է նախատեսում Եվրոպայի խորհրդի չափանիշների նկատմամբ եւ իրավունք չի տալիս շարունակել մեր հիմնարար արժեքներին եւ սկզբունքներին հակասող գործողությունները,- հայտարարել է ԵԽ ԽՎ նախագահ Պիտեր Շիդերը:- Այս հարցի քննարկումը տեղի կունենա, ինչպես եւ նախատեսվել էր, հունիսի 26-ին»։ ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւն ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը երեկ ասել է, թե Եվրախորհուրդը կրկնակի չափանիշներ է կիրառում՝ հիշեցնելով, որ Հայաստանի դեպքում մահապատժի վերացման հարցի քննարկումը հետաձգվեց եւ չկայացավ ընտրություններից առաջ: Ըստ գործակալությունների հաղորդումների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել