Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացահայտվել է «Կոմբիկերի» ծածկագիրը

Հունիս 25,2003 00:00

Բացահայտվել է «Կոմբիկերի» ծածկագիրը Դեռեւս ԱԺ ընտրություններից առաջ իշխանական վերնախավից համառ լուրեր էին տարածվում, թե ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը չի կարող մտնել խորհրդարան, քանի որ դա է եղել իշխանությունների քաղաքական որոշումը: Այսօր ՍԴ-ն կլսի թիվ 18 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սուրեն Աբրահամյանի դիմում-բողոքը, որում առկա են պահանջվող բոլոր այն փաստաթղթերը՝ համաձայն որոնց՝ ՍԴ-ն պետք է որ բավարարի այն: Բացի վստահված անձանց, ՏԸՀ ներկայացուցիչների ու դիտորդների համապատասխան արձանագրություններից, գործին կցված են նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանին, Էրեբունու դատախազ Մ. Բադիրյանին /թվով 4/, ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին ու ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին ուղղված բողոքները: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում պատգամավոր է «ընտրվել» ՀՀԿ-ական Գեւորգ Հակոբյանը, որը հայտնի է իր՝ «Կոմբիկերի Վլադ» մականունով: Այս ընտրատարածքն առանձնանում է նրանով, որ մի քանի տեղամասեր արդյունքների ամփոփման փուլում «հանկարծ» որոշել են հոսանքազրկվել /04/08, 04/09/, որի ընթացքում քվեատուփերը մնացել են հսկողությունից դուրս, կամ լապտերները միացնելով՝ հայտնաբերել են, որ հանձնաժողովի նախագահներն ու տեղակալները քվեաթերթիկներ են դնում սեղանի վրա /ըստ դիմումի, այդ քվեաթերթիկները եղել են չծալված վիճակում/: Նշվել են նաեւ այն տեղամասերը, որոնց հանձնաժողովի նախագահները որոշել են ամփոփիչ նիստն անցկացնել Գ. Հակոբյանի վստահված անձանց աշխատասենյակում՝ նախատեսվածից 4-5 ժամ ուշացումով /04/03/, առանց հաշվարկելու, մարելու եւ զմռսելու չօգտագործված քվեաթերթիկները: Բազմաթիվ են բողոքում մատնանշված տեղամասերը /04/03, 04/06, 04/08, 04/09, 04/13, 04/14 եւ այլն/, որտեղ ընտրությունների ավարտից մեկ կամ կես ժամ առաջ ընտրությունների մասնակիցների թիվն այլ է եղել /ըստ տեղամասերում մասնակիցների թիվն արձանագրող վստահված անձանց գրառումների/, ինչը սակայն զգալիորեն մեծացել է ամփոփիչ արձանագրություններում: Ս. Աբրահամյանը ներկայացրել է նաեւ ԸԸՀ կողմից իրեն տրամադրված՝ ընտրությունների մասնակիցների ժամանակացույցը: Օրինակ, ըստ այդ ժամանակացույցի, թիվ 04/13 տեղամասում ժամը 20:00-ի դրությամբ մասնակիցների թիվը եղել է 426, ինչը սակայն արդեն ամփոփիչ արձանագրության մեջ հասել է 1538-ի: Նման ռեկորդային «աճ» արձանագրվել է գրեթե բոլոր այն տեղամասերում, որոնք կամ հոսանքազրկվել են, կամ որոնց նախագահները որոշել են քվեաթերթիկները պահել չհրկիզվող պահարաններում ու անորոշ ժամանակով հեռանալ: Այսօր Ս. Աբրահամյանի լիազոր ներկայացուցիչները ՍԴ ուշադրությանը կներկայացնեն ՀՀ ՆԳ անձնագրային բաժնից ստացված ամենաուշագրավ տվյալները: Անձնագրային բաժնի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է Հ. Գեւորգյանի կիրառած հնարքներից այն, որ ընտրությունների ընթացքում նա ունեցել է իր ծածկագիրը: Այսինքն՝ ընտրատարածքի այն բնակիչները, որոնք բացակայում են ՀՀ-ից ու չեն կարող մասնակցել ընտրություններին, նա գրանցամատյաններում նրանց ծննդյան տարեթվերը լրացրել է «01/01»-ով, որի արդյունքում ստացվել է այնպես, որ, ասենք, Աթոյան 124 հասցեում բնակվող ընտանիքի թվով 9 անդամներ ծնվել են հունվարի 1-ին /01/01/, բայց տարբեր թվականների: Այս բացակա ընտրողների անունների դիմաց էլ լրացվել են կեղծ անձնագրային տվյալներ, ու քվեաթերթիկներ են լցոնվել քվեատուփերը: Միայն 9 տեղամասից ստացված տվյալներով՝ 1282 նման դեպք է արձանագրվել, իսկ դրանց ընդհանուր թիվը կազմում է շուրջ 50 տոկոս: Նման փաստերը բազմաթիվ են, որոնք կարող են իսկապես անհնարին դարձնել, որ ՍԴ-ն իրականացնի դիմումը մերժելու մասին իշխանությունների հանձնարարականը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել