«ՕԵ»-Ի ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԳԻՆԸ Դաշնակցային կառավարության գործունեության ծրագրում ընդգրկված չէ «Օրինաց երկրի» նախընտրական ծրագրի խոստումների առյուծի բաժինը: Ումի՞ց պիտի խաբված ընտրողներն ակնկալեն դրանց կատարումը: Եվ նորից՝ ավանդների մասին Գլխավոր խոստումը, որին հավատալով էին գուցե որոշ դյուրահավատ ընտրողներ ձայն տվել «Օրինաց երկրին»՝ կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված հետեւյալ դրույթն է. «Պետության հնարավորության շրջանակներում միջոցներ ձեռնարկել խորհրդային տարիներին խնայբանկերում քաղաքացիների ունեցած ավանդները վերադարձնելու համար, ինչը պահանջում է (ակնհայտորեն այս ծրագիրը կազմողը չունի հայերեն լեզվամտածողություն.- Ա. Ի) դեռեւս 2000 թվականին ՕԵԿ ԱԺ խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման եւ իրավական պաշտպանության երաշխիքների մասին» օրենքի ընդունում ԱԺ-ի կողմից»: Ավելին՝ ծրագրում ամրագրված է, թե պիտի իրականացվի «բանկերի սնանկացման արդյունքում քաղաքացիների գումարների կորստի հետաքննություն», եւ մեղավորները պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության: Եվ վերջապես՝ ՕԵԿ-ը խոստացել էր իրականացնել բնակչության բանկային ավանդների ապահովագրում: Ի դեպ, այս բոլոր թեմաներն արծարծվում են ոչ միայն նախընտրական ծրագրում, այլ քարոզարշավի ընթացքում կուսակցության տարածած այլ գրքույկներում եւս: «Ինչո՞ւ եմ վստահում «Օրինաց երկրին» գրքույկում իբրեւ կուսակցության դիրքորոշում է շարադրվում. «Ավանդները պետության կողմից օրենքով պետք է ճանաչվեն որպես պետական ներքին պարտք եւ վերադարձվեն ավանդատուներին օրենքով սահմանված կարգով՝ ելնելով պետության հնարավորությունից, ըստ սոցիալական խմբերի առաջնահերթության»: «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» անվանվող գրքույկում մեջբերվում է Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե այս խնդիրն «առավել քան հրատապ» է ու ՕԵԿ-ը «հետեւողական է լինելու թե՛ խաբված ավանդատուների, եւ թե՛ ժողովրդի ավանդները վերադարձնելու հարցում»: Սակայն կառավարության ծրագրում, որը շրջանառության մեջ դրվեց Արթուր Բաղդասարյանի ստորագրությամբ՝ ոչ մի խոսք չկա ոչ միայն խաբված ավանդատուների, այլ անգամ ավանդների ապահովագրման մասին (փոխարենը կառավարությունը խոստանում է ստեղծել «ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման մեխանիզմներ»): Իսկ ՕԵԿ-ը թերեւս այս խնդիրն այլեւս այդքան էլ հրատապ չի համարում՝ ավարտվել են ընտրությունները: «Սառույցին գրված» այլ խոստումներ Ավանդների վերադարձի խոստումը թերեւս ամենաակնառու օրինակն է, բայց ոչ միակը: Մեջբերենք ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի այլ՝ արդեն իսկ չիրականացման դատապարտված խոստումներ եւս: Կուսակցությունը խոստացել էր պայքարել «կլանային տնտեսության, «քաղաքական տանիքների» եւ ֆինանսատնտեսական օլիգարխիկ խմբերի ձեւավորման դեմ», իսկ կառավարության ծրագրում այս մասին խոսք չկա: ՕԵԿ-ը խոստացել էր խստացնել «հարկային վարչարարության կիրառումն անբարեխիղճ, հատկապես խոշոր եւ «տանիքներ ունեցող» հարկատուների նկատմամբ»: Կառավարությունը չի տվել նման խոստում: «Օրինաց երկիրը» խոստացել էր իջեցնել ոռոգման ջրի սակագինը: Գյուղացիներն այժմ կարող են ԱԺ-ի դիմաց բողոքի ցույցեր կազմակերպել «Ի՞նչ եղավ մեր ոռոգման ջուրը» պաստառով, քանի որ կառավարության ծրագրում ընդամենը խոստացված է «գործուն միջոցներ» իրականացնել «ոռոգման ջրի անխափան մատակարարման» ուղղությամբ: Կառավարության ծրագրում ընդգրկվելու պատվին չարժանացածներից են «կենսաթոշակային տարիքի նվազեցում, կենսաթոշակի չափի կապակցում աշխատանքային վաստակի հետ» եւ «բազմազավակության եւ ծնելիության նյութական պատշաճ խրախուսման համակարգի ստեղծումը» ՕԵԿ խոստումները: Ի տարբերություն այս կուսակցության՝ կառավարությունը նաեւ չի պարտավորվել անընդհատ ավելացնել առողջապահության համակարգի ֆինանսավորումը: Գուցե թե կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանն այժմ եւ իրականացներ իր կուսակցության նախընտրական խոստումը եւ պետպատվերի շրջանակում սահմանամերձ ու հեռավոր գյուղերի համար կազմակերպեր «մանկավարժական մասնագիտությունների գծով նպատակային ընդունելություն», սակայն կառավարության ծրագրում այդ մասին եւս խոսք չկա: Ինչպես, ի դեպ, նաեւ ՕԵԿ-ի մեկ այլ խոստում՝ «բյուջետային հատկացումների ավելացում Հայաստանը տարածաշրջանում գիտական զարգացումների առաջատար երկիր դարձնելու նպատակով»: Իսկ գուցե ՕԵԿ-ին հաջողվի առանց կառավարության օժանդակությա՞ն իրականացնել իր այդ խոստումները, ու միջոցներ հայթայթի նաեւ Սեւանի կոլեկտորի կառուցման համար կամ աջակցի Որոտանի հիդրոհանգույցի շահագործման խնդրի լուծմանը: Գուցե կառավարության ցանկությանը հակառա՞կ փորձեն նրա կազմում ստեղծել «սփյուռքահայության հետ կապերի ինքնուրույն մարմին» եւ իրականացնել «Քո տունը Հայրենիքում» ծրագիրը: Մնացյալը՝ լռություն Եթե կառավարության ծրագիրն իրոք մշակվել է նաեւ ՕԵԿ նախընտրական ծրագրի համադրմամբ՝ տարակուսելի է, թե ինչու են կառավարության ծրագրից բացակայում ամբողջական ոլորտներ, որոնց անդրադարձել է այս կուսակցությունը: Այսպես՝ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրում ներառված է «Քաղաքական համակարգ» գլուխը, որտեղ խոստացված է «մարդու իրավունքների պաշտպանության իրական մեխանիզմների ձեւավորում» կամ «աջակցություն իրապես անկախ մամուլի ձեւավորմանը եւ կայացմանը»: Կառավարությունը ծպտուն անգամ չի հանել արտաքին քաղաքականության մասին: Ուրեմն՝ ՕԵԿ-ի ընտրողներն ումի՞ց են պահանջելու իրենց ընտրյալի ծրագրում իբրեւ «առավել կարեւորագույն խնդիր» առանձնացված «ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը»: Թեեւ այստեղ արդեն խնդիրը պոպուլիստական փուչ խոստումներին «Օրինաց երկրի» տուրք տալը չէ, այլ կառավարության ծրագրի թերությունն է, որ անդրադարձ չկա նման կարեւորագույն խնդիրներին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Առաջիկայում կհամադրենք նաեւ ՀՅԴ նախընտրական եւ կառավարության ծրագրերը: