Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐԱԿՅԱԼ ՍՊԱՌՈՂՆԵՐ

Հունիս 24,2003 00:00

ՈՐԱԿՅԱԼ ՍՊԱՌՈՂՆԵՐ Միջին խավը՝ ինտերնետ ցանցում Հացամթերքի արտադրության կամ մանրածախ առեւտրի կետերի անընդհատ բազմացումը որեւէ լուրջ բան չի ասում երկրի զարգացման մասին, քանի որ նույնիսկ ամենահետամնաց երկրներում հացարտադրությունն ու առեւտուրն անպակաս են: Իսկ ահա, ասենք, ռեստորանների կամ բացօթյա սրճարանների օրավուր աճող քանակը խոսում է տվյալ երկրում շրջանառվող որոշակի գումարների մասին: Պահանջարկն է ծնում առաջարկ: Նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ ենթադրել, որ քաղաքի բոլոր սրճարանների, ռեստորանների, սաունաների, զվարճանքի այլ վայրերի հաճախորդները միայն այն մի քանի տասնյակ մեծահարուստներն են, որոնց անունները (իսկ ավելի հաճախ՝ մականունները) գիտենք բոլորս: Մնում է միայն ընդունել, որ կան առնվազն մի քանի հազար հայաստանցիներ, որոնցից որոշակի խավ էր երազում ձեւավորել Սեյրան Ավագյանը: Եթե այսքան բազմացել են տաքսի ծառայությունները, գեղեցկության սրահները, մերսման եւ սպորտի կենտրոնները, դա նշանակում է, որ կան մարդիկ, ում այդ ամենը պետք է: Սակայն այս շարքում ամենաուրախալին ինտերնետ-ակումբների կամ համակարգչային այլեւայլ ծառայություններ առաջարկող կենտրոնների չընդհատվող աճն է: Քանզի սրանք խոսում են միջին վաստակ ունեցողների ոչ միայն քանակի, այլեւ որակի մասին: Դրանից է, որ այսօր ինտերնետ-ակումբները դարձել են բավականին հաջողակ բիզնեսի աղբյուր: Մեր երկիրը դեռ չի հասել նրան, որ ամեն ընտանիք (առավել եւս՝ յուրաքանչյուր մարդ) ունենա իր համակարգիչը: Դա բավականին թանկ հաճույք է: Սակայն համակարգիչներից օգտվելու ցանկություն ունեցողների թիվը գնալով աճում է: Հաճախ դա ոչ թե պարզ քմահաճույք է, այլ անհրաժեշտություն: Ի՞նչ պայմաններով եւ ի՞նչ ծառայություններ են առաջարկում Երեւանի ինտերնետ-ակումբները: Այս հարցերի պատասխանները ստանալու համար նախորդ շաբաթն անցկացրի մայրաքաղաքի տարբեր ինտերնետ-ակումբներում: Ամենակարեւորը՝ պարզեցի, որ դրանք բավականին մատչելի են: Կախված առաջարկվող ծառայություններից եւ մատուցման որակից, ինտերնետից օգտվելու մեկ ժամն արժե 300-500 դրամ: Ընդ որում, որքան շատանում են ակումբները, այնքան, բնականաբար, ընկնում են գները: Շուկայական հարաբերություններ: Ինտերնետ-ակումբները հաճախորդ գրավելու համար տարբեր մեթոդների են դիմում: Ոմանք իջեցնում են գները, ոմանք զեղչային ճկուն համակարգեր են մտցնում, ոմանք համատեղում են սրճարանները կամ թեյարանները ինտերնետ-ակումբների հետ: Օրինակ, Կոմիտաս փողոցի վրա գտնվող Ինտերնետ-թեյարանում հաճախորդներին բազմատեսակ թեյերի ընտրանի է առաջարկվում, թարմ խմորեղեն: Բացի այդ, այստեղ նորույթ էր ներմուծված. եթե մի ժամվա համար վճարում ես 400 դրամ, ապա ձեռք բերելով 3000 դրամանոց քարտ, կարող ես 10 ժամ օգտվել ինտերնետից: Իսկ ահա, Օպերայի հարեւանությամբ, Մոսկովյան փողոցի սկզբնամասում գտնվող ինտերնետ-ակումբում, ի տարբերություն նմանատիպ ակումբների հիմնական մասի, վճարում ես այնքան, որքան օգտվում ես ինտերնետից: Եթե մյուս տեղերում մինչեւ 15 րոպեն արժե 100-200 դրամ, եւ անկախ այն բանից՝ 15, թե 3 րոպե ես աշխատել համակարգչով, վճարում ես նշված գումարը, ապա վերոնշյալ ակումբում 5 րոպեի համար ընդամենը 50 դրամ ես վճարում: Այստեղ եւս առաջարկվում են սուրճ, սենդվիչներ, զովացուցիչ ըմպելիքներ: Քիչ վեր գտնվող «Մետրիքս» ակումբում շեշտը դրված է սպասարկման վրա: Գեղեցիկ դիզայն, հարմարավետ աթոռներ, եւ այլն: Բնականաբար, ինտերնետ-ակումբներից օգտվողները հիմնականում երիտասարդներն են՝ ուսանողներն ու բարձր դասարանցիները: Այս առումով հասկանալի է, որ ամենից շատ ինտերնետ-ակումբները գտնվում են բուհերի շրջակա փողոցներում՝ Կորյունի, Իսահակյան, Տերյան: Շարունակելի ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել