Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքրիկ ողբերգություններ»՝ հանրապետական ստադիոնում

Հունիս 24,2003 00:00

«Փոքրիկ ողբերգություններ»՝ հանրապետական ստադիոնում Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանի մեկնարկային հանդիպումում «Փյունիկը» 1։0 հաշվով հաղթեց «Շիրակին»։ Ֆուտբոլում պարտությունից ոչ ոք ապահովագրված չէ։ Պարզապես պետք է կարողանալ պայքարել ու պարտվել արժանապատվորեն։ Մի բան, որ այս խաղում չես ասի հյուրերի մասին։ Այդ օրը Հայաստանի չեմպիոնն, իրոք, ավելի ուժեղ էր։ Առավել եւս, որ թիմի կազմը համալրվել է հարավամերիկացի չորս ֆուտբոլիստով։ Այնպես որ, «Փյունիկի» հաղթանակն օրինաչափ էր։ Բայց, մեր կարծիքով, դրանում երեւանցիներին «օգնեց» նաեւ «Շիրակը»։ Ամբողջ խաղի ընթացքում գյումրեցիներն ապավինեցին պաշտպանությանը, իսկ նրանց սակավաթիվ առաջխաղացումները վտանգ չէին պարունակում։ Տպավորությունն այնպիսին էր, որ հյուրերի գերնպատակը սեփական դարպասն անառիկ պահելն էր։ Ու դրա համար նրանք գործադրում էին ամեն միջոց։ Իսկ նման տակտիկայով, հայտնի է, հաջողության չես հասնի։ Բայց դա մարզիչների խնդիրն է։ Հիմա ուզում ենք խոսել մի այլ երեւույթի մասին, որը շատ մտահոգիչ է։ «Շիրակը», որ հանրապետության լավագույն թիմերից է, այս խաղում առանձնացավ նաեւ ոչ ֆուտբոլային որակներով։ Նրանց ցուցադրածը հանրապետականում մի որոշ մասով նաեւ «փոքրիկ ողբերգությունների» թատրոնի էր նմանվում։ Ֆուտբոլը պայքար է, հաճախ նաեւ՝ կոշտ։ Բայց գնդակի համար «բախումներից» հետո շիրակցիներն այնպես էին տապալվում ու թավալ տալիս, ասես մեծ ավտովթարի էին ենթարկվում։ Ճիշտ է, եղան դեպքեր, երբ խաղացողն իսկապես օգնության կարիք էր զգում։ Բայց քանի՜-քանի անգամ պատգարակ բերվեց դաշտ ու հետո պարզվեց՝ իզուր։ Եվ եթե հաշվելու լինենք, խաղի 90 րոպեներից մոտ 15-ը տրամադրվեց գյումրեցի ֆուտբոլիստներին «ուշքի բերելու» վրա։ Կարծում ենք, որ ժամանակի՝ այդ եղանակով ձգձգումը խաղի տեմպը գցելու, քիչ վերն ասած սեփական դարպասն անառիկ պահելու հնարքներից էր։ Հյուրերն աչքի ընկան նաեւ ֆուտբոլի բոլոր նրբություններին «հրաշալի, անթերի տիրապետելու» որակներով։ Որպես կանոն, նրանք ցուցադրական զարմանքով էին արձագանքում մրցավարի սուլիչներին, իհարկե, եթե այն հնչում էր ի վնաս իրենց, ու հընթացս էլ նրան «սովորեցնում», թե տվյալ պարագայում ինչ որոշում պետք է կայացնի։ Մի բան էլ. գյումրեցիները ժամանակ առ ժամանակ միմյանց նկատմամբ էլ անհարգալից էին՝ իրար անպարկեշտ խոսքեր էին շպրտում, որը լսելի էր դաշտին մոտ աշխատող ֆոտոլրագրողներին, գուցե նաեւ տրիբունաների առաջին շարքերում նստածներին։ Իսկ նրանց մեջ քիչ չէին նաեւ երիտասարդ կանայք ու երեխաները։ Եվ վերջում։ Գյումրեցիներին սազական չէ ու պատիվ չի բերում այն, որ հանդիպումից հետո նրանց «թիվ 7-ը»՝ Արարատ Հարությունյանը, արհամարհելով բոլորին, անգամ մարզիչներին, «նեղացած» գնաց հանդերձարան՝ չցանկանալով սեղմել ոչ միայն մրցավարների, այլեւ «Փյունիկի» իր գործընկերների ձեռքը։ Իսկ պահեստայիններից մեկն արդեն վազքուղում ինչ-որ բան էր հոխորտում մրցավարների վրա ու ձեռքերն անկանոն թափ տալիս։ Այս ամենը հուշում է, որ «Շիրակում» ներքին կարգապահությունը կաղում է, ֆուտբոլիստների հետ պատշաճ հոգեբանական աշխատանք չի տարվում։ Իսկ դա նախեւառաջ պետք է հենց «Շիրակին», որին բոլորս սիրում ենք։ «Շիրակի» պարտությունը հնարավորություն տվեց Երեւանի «Բանանցին» միավորներով հավասարվել գյումրեցիներին՝ «Միկայի» նկատմամբ հաջորդ օրը գեղեցիկ հաղթանակ տանելուց հետո։ Առաջինը հաջողության հասավ «Միկան»։ 15-րդ րոպեին եռաքայլ կոմբինացիայից հետո Էմիլ Մեսրոպյանը ճշգրիտ փոխանցումով դարպասապահի հետ մեն-մենակ դուրս հանեց Արամ Ոսկանյանին, որն էլ հաղթող դուրս եկավ Վորոբյովի հետ մենամարտում։ Բայց խփած գոլից հետո «Միկան» աստիճանաբար զիջեց նախաձեռնությունը եւ առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ Արա եւ Արամ Հակոբյան եղբայրների ջանքերով հաշիվը հավասարվեց։ Իսկ երկրորդ խաղակեսը դարձավ Արա Հակոբյանի բենեֆիսը։ Նախ 60-րդ րոպեին Արան առաջինը հասավ Արամ Հակոբյանի ձախ թեւից կատարած փոխանցմանը՝ առաջ մղելով «Բանանցին»։ 71-րդ րոպեին խափանելով «Միկայի» գրոհը, Ռոմեո Ջենեբյանը գնդակը անմիջապես հասցեագրեց Արային, որն էլ խաղը վերցնելով իր վրա, շրջանցեց երկու մրցակցի եւ ընդառաջ ելած դարպասապահ Ֆելիքս Հակոբյանի վրայով գնդակը հանգիստ ուղարկեց «Միկայի» դարպասը։ Նույնպիսի հակագրոհի ժամանակ էլ Արա Հակոբյանը արարեց 4-րդ գոլը։ Միայն թե այս անգամ Արային վայր գցեցին տուգանային հրապարակում եւ հենց տուժողն էլ իրացրեց 11 մետրանոց հարվածը, դառնալով առաջնության ռմբարկուն։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել