Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԾԻՎԸ»՝ «ՃՆՃՂՈՒԿԻ» ԲՆՈՒՄ

Հունիս 24,2003 00:00

«ԱՐԾԻՎԸ»՝ «ՃՆՃՂՈՒԿԻ» ԲՆՈՒՄ Արդեն մոտ երեք ամիս է, ինչ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն է նշանակվել Տիգրան Հեքեքյանը, որը իր ղեկավարման առաջին իսկ օրվանից կարծես նպատակ է դրել հակադրվել մանկավարժներին եւ նվաստացնել նրանց: «Ես արծիվ եմ, ճախրում եմ երկնքում, ստիպված իջել եմ այս ճնճղուկների բունը՝ փրկելու այն կործանումից»։ Ահա այս «նշանաբանով» սկսվեց նրա գործունեությունը այն դպրոցում, որի շրջանավարտներից մեկն էլ, ինքն է։ Ինչպես Տ. Հեքեքյանն է խոստովանում, ինքը ստեղծված է միմիայն ստեղծագործական աշխատանքի համար եւ երաժշտական դպրոց տնօրինելու արվեստը համարում է իր արժանապատվությունից ցածր։ Երեւի այդ էր պատճառը, ինչպես նաեւ դպրոց ղեկավարելու տարրական հմտության եւ փորձի բացակայությունը, որ նա դիմեց իր ծանոթներից մեկի «օգնությանը», տալով նրան ֆինանսատնտեսական գծով փոխտնօրենի պաշտոն՝ միաժամանակ ձեւակերպելով նաեւ որպես վարորդ։ Մեր տնօրենն իսկապես զբաղված մարդ է՝ նա աշխատում է միաժամանակ 3 տեղում, իսկ մեր դպրոցը ղեկավարում է հեռակա կարգով՝ հեռախոսով։ «Ես ի ծնե մանկավարժ եմ եւ հոգեբան»,- հայտարարում է տնօրենը եւ հրավիրում է աշակերտների ժողով՝ արգելելով ծնողներին եւ ուսուցիչներին ներկա լինել այդ ժողովին։ Ահա այդ ժողովների հիմնական բովանդակությունը համառոտ։ Երեխան պետք է ծնողից եւ ուսուցչից գաղտնի պահի այն, ինչի մասին խոսվել է ժողովում, երեխան պետք է բացահայտի ուսուցչի թերությունները եւ անմիջապես հայտնի տնօրենին, աշակերտը ցանկացած պահի կարող է մտնել տնօրենի մոտ, իսկ ուսուցիչը պետք է հերթագրվի եւ ժամերով սպասի։ Դրանք են պրն Հեքեքյանի «մանկավարժական սկզբունքները»։ Օրինակները շատ են, հաճախ՝ համեմված ուսուցիչների հասցեին ուղղված ոչ պատշաճ արտահայտություններով, ուստի սահմանափակվում ենք այսքանով։ Ի դեպ, այս երեք ամիսների ընթացքում մոտ 9 աշխատող հեռացել է դպրոցից՝ չդիմանալով նման դժոխային պայմաններին։ Մենք, մանկավարժներս, զրկված ենք նույնիսկ ուսուցչանոցից, պարզվում է, որ «դա սովետական կարգերի մնացորդներից է», այժմ այն կոչվում է «ընդունարան»։ «Դպրոցը ձերը չէ, դասարանները, գործիքները ձերը չեն, դահլիճը ձերը չէ»,- դիմում է նա ուսուցիչներին։ Իսկ եթե դպրոցի աշակերտը ցանկանում է մենահամերգ տալ իր իսկ դպրոցի դահլիճում, պետք է գումար վճարի։ Այդպիսի մի արտառոց դեպք, ցավոք, արդեն եղել է։ Գումարը, իհարկե, ձեւակերպվեց որպես «ինքնակամ» նվիրատվություն դպրոցին։ Այս տարվա ավարտական պետական քննությունները նշանակված ժամկետից երկու անգամ հետաձգվեցին, որովհետեւ քննական հանձնաժողովի ներկայացուցիչները հրավիրված էին կոնսերվատորիայից եւ դպրոցը ստիպված էր հարմարվել նրանց գրաֆիկին։ Իսկ թե ինչու էին ներկայացուցիչները հրավիրվել դրսից, այդ հարցի պատասխանը տալիս է ինքը՝ տնօրենը։ «Այս դպրոցում չկան կարգին մասնագետներ»։ Եվ դա ասվում է այն դպրոցի մասին, որի լավ համբավը տարածվել է նույն այդ դպրոցի դասատուների տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Այսպիսով, բազմաթիվ շրջանավարտներ օրեր շարունակ գտնվում էին չպատճառաբանված սպասողական եւ նյարդային վիճակում։ Սակայն ամենացավալին այն է, որ դասատուն, որը յոթ տարի աշխատել է աշակերտի հետ, իրավունք չուներ մասնակցելու գնահատմանը։ Իսկ տնօրենը, որը նույնիսկ ներկա չէր լինում քննություններին եւ ծանոթ չէր ոչ ուսուցչի աշխատանքին եւ ոչ էլ աշակերտներին, ժամանում էր միայն գնահատման պահին եւ առաջնորդվում դրսից եկած օտար մարդու կարծիքով։ «Իսկ դասատուն ինչ կապ ունի աշակերտի հետ»,- ահա այսպիսի պատասխանի արժանացավ մեր արդարացի բողոքը։ Մի խումբ ուսուցիչներ Այս նամակը «Առավոտի» խմբագրություն էին բերել Սայաթ-Նովայի անվան դպրոցի երիտասարդ մանկավարժները։ Տիգրան Հեքեքյանի ծառայությունները մեր մշակույթի առաջ անուրանալի են՝ նա իր մանկական երգչախմբով պատվով է ներկայացնում Հայաստանը աշխարհի ամենահեղինակավոր բեմահարթակներում։ Բայց լինել տաղանդավոր խմբավար՝ չի նշանակում կարողանալ ղեկավարել երաժշտական դպրոց։ Այս գործի համար մարդկային եւ մասնագիտական հատուկ որակներ են պետք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել