Լրահոս
Օրվա լրահոսը

Եղանակ ստեղծողները մնում են պոլիտեխնիկցիները

Հունիս 24,2003 00:00

Եղանակ ստեղծողները մնում են պոլիտեխնիկցիները Այս տարվա հոկտեմբերի 15-ին պաշտոնապես կնշվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 70-ամյակը: Այս շրջանակներում, հունիսի 21-ին կայացավ բուհի էներգետիկայի ֆակուլտետը 30 տարի առաջ ավարտած ուսանողների հավաքը: Ի դեպ, այս ֆակուլտետը ոլորտին հայտնի մարդիկ է տվել: Այստեղ են սովորել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու Ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Վերջինիս եւ էլի 9 հոգու շնորհվեց «ՀՊՃՀ շրջանավարտների միություն» հ/կ-ի անդամության տոմսեր: Էներգետիկներից շատերը ավարտելուց հետո միմյանց չէին հանդիպել, ու նրանց կրկին միավորեց «պոլիտեխնիկի ճաշարանը», որտեղից էլ, ինչպես ներկաներն էին ուրախությամբ նշում, սկսվում է այս երկրի ապագան: Ասվածի ապացույցն այն իրողությունն է, որ մեր երկրի առաջին դեմքերը եղել եւ մնում են պոլիտեխնիկցիները: «Վերջին նախագահական ընտրություններում թեկնածուներից երեքը պոլիտեխնիկցի էին՝ Ռոբերտ Քոչարյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես Գեղամյանը»,- հպարտությամբ նշեց ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Սարգսյանը: Ի դեպ, վերջինիս հիշելով, պոլիտեխնիկական կրթություն չուներ գրեթե ոչ մի ՀՀՇ-ական: Պոլիտեխնիկցի են ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Հարկային պետական ծառայության պետ Երվանդ Զախարյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը, նախկին գյուղնախարար Դավիթ Զադոյանը, ՍԻՄ-ականներ Հրանտ Խաչատրյանը եւ Հայկ Բաբուխանյանը, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը եւ նույնիսկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Շարքը շարունակում են ԱԺ պատգամավորներ ու գործարարներ: Ինչպես նշեց բուհի պրոռեկտոր Խաչիկ Խաչատրյանը, «Հայոց աշխարհը 70 տարի կառուցել է պոլիտեխնիկը՝ իր 150 հազար շրջանավարտներով, որոնց մեջ ամենաառաջին մարդկային գիծն այն է, որ բոլորն էլ պոլիտեխնիկցի են: Եթե ուշադիր լինեք, պոլիտեխնիկցիները բոլոր բնագավառներում հաջողություն են ունենում, նաեւ՝ կանանց, որովհետեւ նրանք իրենց առջեւ դրած խնդրի լուծումը հասցնում են մինչեւ վերջ»: Պրն Խաչատրյանը նկատում է, որ նոր սերնդի մեջ ուսման նկատմամբ ծարավը մի քիչ նվազել է, ինչն էլ պայմանավորված է «արդյունաբերության հարաբերական դադարով, իսկ պոլիտեխնիկն արդյունաբերության կիրքն է»: Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի սարքավորումների կոմպլեկտացիայի բաժնի պետ Գրիշա Համբարձումյանի կարծիքով՝ «Պոլիտեխնիկը խորհրդային ժամանակներից իր որակական հատկանիշներով տարբերվում էր մյուս բուհերից: Այն տարիներին ամենահեշտը ընդունվում էին պոլիտեխնիկական ինստիտուտ, բայց ամենադժվարությամբ էլ սովորում էին այստեղ: Սրանք այն մասնագետներն են, որոնցից պահանջվում է հսկայական տրամաբանություն, ոչ միայն անգիր անել կամ ինչ-որ թեզ սովորել: Ինժեներները սովորաբար ավելի համեստ են, ավելի զուսպ՝ համեմատած գրեթե բոլոր մյուս մասնագետների հետ: Ինժեներական մասնագիտությունը ուրիշ հոգեբանություն է դնում մարդու մեջ՝ դեռ ուսանողական տարիներից: Ավելին՝ եթե ուզում ես դառնալ ինժեներ, ուրեմն քո հոգեբանությունն ուրիշ է»: Պոլիտեխնիկցուն թերեւս ամենաբնորոշ «մորուքավոր» անեկդոտներից մեկը «ՀՊՃՀ շրջանավարտների միություն» հ/կ-ի նախագահ պոլիտեխնիկցի, նախկին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանի պատմածն էր. «Պոլիտեխնիկցու կինը մտածում է, թե ամուսինը սիրուհու մոտ է, սիրուհին մտածում է՝ կնոջ մոտ է, իսկ այդ պահին խեղճ պոլիտեխնիկցին մի տեղ նստած գծագիր անելիս է լինում»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել