Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՇՏԱՆԳՈՂՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԷԻՆ

Հունիս 24,2003 00:00

ԽՈՇՏԱՆԳՈՂՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԷԻՆ «Ընդդեմ իրավական բռնության» կազմակերպությունը նշում էր Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրը։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան այդ օրը նշում է ավանդաբար հունիսի 26-ին։ Խոշտանգումների խնդիրը դեռեւս մնում է օրակարգային։ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի». Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վերոնշյալ հոդվածը մեջբերելով՝ կազմակերպության պատասխանատու Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ Հայաստանում խոշտանգվածների երկու խումբ գոյություն ունի։ Առաջին խմբում նրանք են, որոնք տուժել են Ադրբեջանում, եւ նրանց նկատմամբ կիրառվել են արգելված միջոցներ։ Երկրորդ խմբի մեջ են անհայտ կորածների, պատանդների, խոշտանգվածների ծնողները՝ նրանք, ովքեր «անվերջ սպասումի պատճառով մատնվել են անորոշության»։ Վերջին խմբի համար Լ. Ալավերդյանը նշեց, որ խախտվել է հարազատների մասին տեղեկություններ ունենալու նրանց իրավունքը։ Ընդհանրապես, մի քանի թվեր նա հրապարակեց, որոնք պատերազմական եւ ետպատերազմական շրջանի մեր իրականության բնորոշիչները կարող են դառնալ։ Չնայած վիճակագրությունը նա համարեց թերի, այնուամենայնիվ, ըստ այդ վիճակագրության, 1989-95թթ. թվով 5000 հայեր հայտնվել են Ադրբեջանում։ Ունենք Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից բնակիչներ (թվով 947), որոնք դասակարգվում էին անհայտ կորածների մեջ։ Կազմակերպությունը 100 մարդու մասին (որոնք այսօր գտնվում են Ադրբեջանում) ունի հավաստի տեղեկություններ. «Նրանք ողջ են»։ Ըստ Լ. Ալավերդյանի, տեղեկությունները ճշտվել են տարբեր աղբյուրներից։ Նա հայտնեց նաեւ, որ 1991-97թթ. 1800 մարդ վերադարձվել է հայրենիք (1-5 տարի գտնվել են պատանդի կարգավիճակում)։ Ցավոք, ըստ բանախոսի, ՄԱԿ-ի «Կամավորական հիմնադրամն» է օգնություն ցույց տալիս խոշտանգումների զոհերին եւ նրանց ընտանիքների անդամներին, իսկ պետական առանձին կառույցների, բարեգործական կազմակերպությունների կողմից որեւէ տիպի օգնություն չի ցուցաբերվել զոհերին եւ նրանց ընտանիքներին։ Միջազգային չափանիշներով օգնությունը սովորաբար 3 ուղղություններով է ընթանում՝ նյութական, բժշկական եւ բարոյական։ «Անհայտ կորածների կազմակերպության» պատասխանատու Ռիմա Առաքելյանը հավանաբար այդ անտարբերությունը նկատի ուներ, որ ասաց. «Մենք ապրում ենք ֆիզիկապես, հոգեպես վաղուց ենք մահացել։ Եվ խնդրում ենք լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին՝ մայրություն ցուցաբերել մեր գործին»։ Գետաշենի հայտնի դեպքերի զոհերից էր պատանդ վերցված Սարգիս Հակոբքյոխյանը։ Նա երեք բժիշկներից մեկն էր, որ 13 գետաշենցիների հետ տեղափոխվեց Կիրովաբադի բանտ։ Բժիշկը երեկ ներկայացրեց կիրառված բռնությունները, երբ մերկացնում, մահակներով, ոտքերով ծեծում էին իրենց։ Նա նկարագրեց նաեւ, թե ինչպես ատրճանակի փողով բացելով բերանը, ազերիները քլորակիր էին լցրել բերանի մեջ, որի արդյունքում կորցրել էր գիտակցությունը, իսկ ուշքի էին բերում ծխախոտով «արթնացնելով»։ Հելսինկյան ընկերակցության պատասխանատու Ավետիք Իշխանյանը նկատեց, որ, ի վերջո, Հայաստանը միացել է եվրոպական բոլոր կոնվենցիաներին։ Նա նշեց, որ այս օրերին էլ տեղի են ունենում դեպքեր, որոնք վերջանում են մահվան ելքերով, սակայն հասարակությունը համարժեք վերաբերմունք ցույց չի տալիս։ «Առավոտի» ներկայացուցիչը հիշեցրեց մեր թերթի միջոցով հասարակական մեծ հնչեղություն ստացած Վանաձորի թիվ 3 մեկուսարանում գազանաբար խոշտանգված, Աֆղանստանի հերոս, փոխգնդապետ, զինկոմ Արտուշ Ղազարյանի, ինչպես նաեւ՝ 2000թ. նոյեմբերի 28-ին ՊՆ զորամասերից մեկում ծեծի ենթարկված, խոսելու ունակությունը կորցրած զինվոր Սուրեն Գրիգորյանի, Մադաղիսի զորամասում սպանության մեջ մեղադրված, 15 տարի ազատազրկման դատապարտված Աղաբեկ Հայրապետյանի գործերը։ Վերջինիս ոչ միայն անմարդկային վերաբերմունքի էին ենթարկել, այլեւ տեղազննության ժամանակ ձեռնաշղթաներով գամել էին սյանը։ Այս դաժան օրինակները լսեցին ԶԼՄ-ները, հասարակական վերնոշյալ կազմակերպությունները։ Խոշտանգում իրականացնող կառույցները (ՆԳՆ, ՊՆ, քրեակատարողական հիմնարկներ եւ այլն), ինչպես միշտ, բացակա էին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել