Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղսովետի տվածը հիմք չէ

Հունիս 24,2003 00:00

Քաղսովետի տվածը հիմք չէ Երեւան քաղաքում հողերի մասնավորեցումը սկսվեց 2001-ի գարնանից՝ տարեկան «հաղթահարելով» 30-40 հա տարածք։ Գործընթացը բարդացնող խնդիրները շատ են, վեճերն ու դատական պրոցեսները՝ նույնպես։ Բանն այն է, որ 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ նախկին քաղսովետի ու շրջսովետների գործկոմներից պայմանագրով ստացել են հողակտորներ՝ գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար։ Այս տարիներին նրանք մշակել են այդ տարածքները, դարձրել այգի ու բանջարանոց, վճարել հողի ու ջրի հարկերը եւ չեն էլ մտածել, որ մի օր զրկվելու են իրենց ստեղծած կանաչ գոտուց։ Ինչո՞ւ, որովհետեւ ժամանակին չեն մտածել տարածքը սեփականաշնորհման նոր վկայագրով «իրենցով» անելու մասին։ Ու երբ սույն փաստաթղթով մի քաղաքացի հայտնվում է որպես սեփականատեր, նոր սկսում են աղմկել, որ «մենք էլ կսեփականացնեինք, թող ասեին»։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Երեւանի մի շարք տարածքներում՝ Դալմայի այգիներում, Մոլդովական փողոցում, Ավանում եւ այլուր։ «Հողատերերի մի մասն ունի այգեգործականի համար պայմանագիր, որն այժմ ուժը կորցրած է համարվում, իսկ մյուս մասն ընդհանրապես ապօրինի է զավթել տարածքը»,- փաստում են Երեւանի քաղաքապետարանում։ Ֆինանսատնտեսական վարչության պետ Աշոտ Բաբայանի բացատրությամբ, «Երեւանի գլխավոր հատակագծում այդ հողամասերը նշված չեն եւ տարածքն ազատ է օրինական աճուրդով վաճառքի համար, խնդրեմ, թող այդ հողատերերն էլ մասնակցեն բաց աճուրդին, շահեն ու պահպանեն իրենց ունեցվածքը»։ Որեւէ առավելություն այն հողատիրոջ համար, որը 10 տարուց ավելի իր ձեռքերով մշակել ու կանաչ տարածք է ստեղծել, օրենքը չի նախատեսում։ Աճուրդի սկզբունքն էլ պարզ է՝ «ով շատ կտա»։ Սակայն Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հավաստմամբ, «մարդկային գործոնը կա, որոշ առավելություն նրանց վերապահում ենք, եթե մասնակցեն աճուրդին»։ Դրա համար «թերթում աճուրդի մասին հայտարարություն տալուց զատ, նրանց տեղեկացնում ենք այդ մասին առանձին»։ Գլխավոր ճարտարապետը մատնանշեց մեկ այլ ճանապարհ՝ «եթե քաղաքացին հողատարածքը մշակել է 10 տարուց ավելի եւ ունի այգեգործական օգտագործման փաստաթղթեր, նա կարող է մինչեւ աճուրդը դիմել դատարան, եւ եթե մենք այդ տարածքի վրա չունենանք քաղաքաշինական կոնկրետ ծրագիր, քաղաքացին կարող է ձեւակերպել սեփականության փաստաթղթեր»։ Իսկ այն դեպքի համար, երբ քաղաքաշինական ծրագիր կա, Ն. Սարգսյանի հավաստմամբ, «փորձում ենք ներդրողի միջոցով որոշ փոխհատուցում տրամադրել հողատերերին»։ Կա՞ն նախադեպեր. «իհարկե, ու՝ շատ, որտեղ աղմուկ չի եղել, ուրեմն՝ փոխհատուցում է տրվել»,- ասաց գլխավոր ճարտարապետը։ Նկատենք, որ հողի մասնավորեցումը բավականին ժամանակատար, նյարդայնացնող ու ծախսատար գործընթաց է։ Իսկ նախկինում հողակտորներ ստանում էին հիմնականում վաստակաշատ բանվոր-ծառայողները, որոնց եկամուտները եթե համեստ էին այն ժամանակ, ապա ավելի քան համեստ են այժմ։ Նրանցից շատերի համար հողի հետ շփումը ոչ միայն հաճույք է, այլեւ՝ նյութական միջոց։ Կնշանակի՝ չնախատեսված հավելյալ գումարներ հայթայթել ու մայրաքաղաքային «թանկ ու կրակ» գներով հող մասնավորեցնել կարող են ոչ բոլորը։ «Որոշ փոխհատուցում»-ն այդպիսիների համար լավագույն ելք է ստեղծված իրավիճակում։ Ըստ Ն. Սարգսյանի՝ «եթե որեւէ տեղում դժգոհություն կա, ուրեմն կապված է դրա հետ»։ Սակայն «նման խնդիրներ ծագել եւ ծագում են բոլոր երկրներում, մեր մայրաքաղաքում հողերի մասնավորեցումը կշարունակվի եւս 2-3 տարի, որից հետո կկայանա անշարժ գույքի շուկան»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել