Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ԵՄ-Ի ՀԱՄԱՐ»

Հունիս 24,2003 00:00

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ԵՄ-Ի ՀԱՄԱՐ» ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար Խավյեր Սոլանայի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին – 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունը եւ ՆԱՏՕ-ն սկսեցին խոսել Հարավային Կովկասի դերի մեծացման եւ տարածաշրջանի երկրներին ավելի ակտիվ աջակցելու անհրաժեշտության մասին: Կարելի՞ է արդյոք ակնկալել, որ ԵՄ-ն պատրաստ է նոր նախաձեռնություններ իրականացնել Հարավային Կովկասում: – Հարավային Կովկասի տարածաշրջանն առաջնային է Եվրոպական Միության համար: Մենք բավական ջանքեր ենք գործադրել տարածաշրջանում ինստիտուցիոնալ, իրավական, ենթակառուցվածքային եւ վարչական բարեփոխումների, մասնավոր հատվածի զարգացման, շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ: Վերջին 10 տարիների ընթացքում ԵՄ-ն Հարավային Կովկասին ավելի քան 1 մլրդ եվրոյի դրամաշնորհներ է հատկացրել: Հարավային Կովկասը կշարունակի կարեւոր տեղ զբաղեցնել մեր օրակարգում: – Չնայած ԵՄ-ի TRACECA եւ INOGATE ծրագրերի գոյությանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հրաժարվում են այն նախագծերի իրագործումից, որոնք ենթադրում են Հայաստանի մասնակցությունը: Չե՞ք կարծում, որ տարածաշրջանային համագործակցության ծրագրերի համար հսկայական միջոցներ հատկացնող ԵՄ-ն պետք է ավելի խիստ վերահսկի «խաղի կանոնների» պահպանումը: – Խաղի կանոնները, ինչպես դուք եք ասում, ձեր տարածաշրջանում համալիր բնույթ են կրում: Եվրոպական Միությունը միշտ հանդես է եկել ինչպես Հարավային Կովկասի երկրների միջեւ, այնպես էլ տարածաշրջանի եւ միջազգային հանրության միջեւ ավելի ընդարձակ համագործակցության օգտին: Դա, իհարկե, դյուրին խնդիր չէ: Սակայն եթե Հարավային Կովկասը ցանկանում է կայուն եւ բարգավաճ կյանքով ապրել, այն պետք է վերջ տա ներկայիս իրավիճակին եւ դիմի վստահությանն ու համագործակցությանը: Եվրոպական Միությունը կանի ամեն հնարավորն այդ գործընթացին լրացուցիչ նշանակություն եւ թափ հաղորդելու համար: – Բոլոր միջազգային կազմակերպություններն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական դերը վերապահված է ԵԱՀԿ-ին: Միեւնույն ժամանակ, հաճախ կարծիքներ են հնչում այն մասին, որ Մինսկի խմբին չի հաջողվում ապահովել հակամարտության լուծումը: Հնարավո՞ր է, որ գա մի պահ, երբ Եվրոպական Միությունը որոշի ավելի ակտիվ ներգրավվել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների լուծման գործում: – Ես խորապես ափսոսում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ: «Սառեցված հակամարտությունը» կարող է ցանկացած պահին ապակայունացնել տարածաշրջանը եւ լուրջ արգելքներ է ստեղծում դրական զարգացումների համար: ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ-ին՝ խնդրի լուծմանն ուղղված նրա ջանքերում եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է լրացուցիչ օգնություն առաջարկել: Սակայն, պետք է նշեմ, որ հիմնական պատասխանատվությունը կրում են հենց հակամարտող կողմերը: – Բացի չլուծված հակամարտություններից, ի՞նչն է մտահոգում ԵՄ-ին Հարավային Կովկասում: – «Սառեցված հակամարտությունները» հանդիսանում են մեր մտահոգության հիմնական պատճառը, քանի որ նրանք ուղեկցվում են բազմաթիվ բացասական երեւույթներով: Հենց այդ պատճառով էլ մենք հատուկ նշանակություն ենք տալիս հակամարտությունների կանխարգելմանը: Մեր մյուս մտահոգություններն անցումային փուլի խնդիրների հետեւանք են, որոնք կարող են առաջանալ ցանկացած երկրում, որն ընթանում է բարեփոխումների եւ պետականության կառուցման բարդ ճանապարհով: Մասնավորապես, մեզ անհանգստացնում է կաշառակերության մակարդակի աճը, անարդյունավետ կառավարումը, թույլ ինստիտուտները եւ անբարենպաստ քաղաքական եւ ենթակառուցվածքային պայմանները: – Կարո՞ղ են Հարավային Կովկասում ԵՄ-ի վարած քաղականության վրա անդրադառնալ Եվրոպական Միության մասնակից երկրների ներքին հակասությունները: – Իրաքյան ճգնաժամը մեծ ճնշում առաջացրեց ոչ միայն եվրոպական երկրների, այլեւ ողջ միջազգային հանրության վրա: Ինձ թվում է, որ այսօր մենք արդեն մի կողմ ենք դրել տարաձայնությունների մեծ մասը եւ ղեկավարվում ենք Իրաքի կայունացման եւ վերակառուցման ուղղությամբ համատեղ աշխատելու ցանկությամբ: Կարծում եմ, հարկ չկա ավելորդ դրամատիզացնել այս իրադարձությունների հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա: Աշխարհը շարունակում է էվոլյուցիայի ենթարկվել եւ ավելի ու ավելի փոխկապակցված է դառնում: Դրա հետ մեկտեղ հաստատվում են նոր շահեր եւ առաջնայնություններ, եւ Հարավային Կովկասը, ինչպես եւ բոլոր տարածաշրջանները, պետք է կարեւոր ընտրություն կատարի. շարունակել աշխատել՝ այս գործընթացի լիիրավ անդամ դառնալու համար, կամ պահպանել առկա ստատուս-քվոն՝ ապագայում հայտնվելով «խաղից դուրս» վիճակում: – Որքանո՞վ իրատեսական եք համարում ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի եւ Ադրբեջանի ձգտումը: Դա չի՞ հանգեցնի նոր բաժանարար գծերի ստեղծմանը Հարավային Կովկասում: – Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ նոր եւ կառուցողական հարաբերությունները նշանակում են, որ մենք կարող ենք հերքել բոլոր խոսակցությունները «նոր բաժանարար գծերի» մասին՝ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ որեւէ այլ տարածաշրջանում: Ինչ էլ ապագայում կատարվի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված, դա արդեն կլինի շարունակական զարգացում ապրող միջազգային անվտանգության ավելի ընդարձակ պատկերի մի մասը: – Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեն տարածաշրջանի երկրները Հարավային Կովկասում գերտերությունների մրցակցության դրսեւորումները նվազագույնի հասցնելու համար: Հնարավո՞ր է արդյոք գտնել այն «ոսկե միջինը», որը թույլ կտա տարածաշրջանին խուսափել նոր ցնցումներից: – Տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունը եւ բարեկեցությունը կախված են ինչպես Հարավային Կովկասի երկրների, այնպես էլ տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող դերակատարների գործողություններից եւ դիրքորոշումներից: Ես համոզված եմ, որ արտաքին բացասական ազդեցության հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու եւ իրական անկախությունն առավելագույնս ապահովելու լավագույն ուղին տարածաշրջանի երկրների անկեղծ եւ կայուն ջանքերն են՝ ուղղված գոյություն ունեցող այն խնդիրների լուծմանը, որոնք հող են ստեղծում արտաքին ազդեցությունների համար: – ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն հայտարարեցին, որ Հայաստանի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին: Կարելի՞ է ենթադրել, որ այդ գնահատականը բացասաբար կազդի Հայաստանի եւ ԵՄ-ի փոխհարաբերությունների վրա: – Եվրոպական Միությունը մտահոգությամբ ի գիտություն ընդունեց այն, որ Հայաստանում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին: Մենք կշարունակենք Հայաստանի իշխանություններին կոչ անել աշխատել ժողովրդավարական թերությունների վերացման ուղղությամբ եւ պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին՝ համագործակցելով միջազգային այլ կազմակերպությունների հետ: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն հատուկ ԱՌԱՎՈՏԻ համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել