Լրահոս
Օրվա լրահոսը

3000 «ՄԵՌՅԱԼ ՀՈԳԻ»՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Հունիս 24,2003 00:00

3000 «ՄԵՌՅԱԼ ՀՈԳԻ»՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՍԴ-ն երեկվա նիստում քննության առավ թիվ 56 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու դաշնակցական Արթուր Երկանյանի դիմում-բողոքը: Նշենք, որ այս ընտրատարածքում պատգամավոր է ընտրվել Հովիկ Աբովյանը, որը նախորդ գումարման ԱԺ մտավ այն բանից հետո, երբ ազգընտիրները որոշում կայացրին «անհարգելի» համարել այդ ընտրատարածքում պատգամավոր ընտրված Վանո Սիրադեղյանի բացակայությունները: Այս հանգամանքը հաշվի առնելով, երեկ ՍԴ-ում մեկն անգամ կատակեց, թե ով՝ ով, բայց այդ ընտրատարածքում հաստատ դաշնակ պատգամավոր չէր ընտրվի, քանի որ Տավուշում նրանց նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է: Դիմող կողմի փաստարկները շատ թույլ էին՝ բաղկացած երկու էջից, որտեղ արձանագրված էր միայն այն, որ այդ ընտրատարածքում ընտրություններին «մասնակցել» են կեղծ անձնագրային տվյալներ ունեցող անձինք, համապատասխանաբար դրվել են կեղծ ստորագրություններ: Ա. Երկանյանի ներկայացուցիչ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը դատարանում հայտարարեց, թե ՀՅԴ կողմից ճշտված տվյալներով՝ շուրջ 9 տեղամասերում կեղծվել է 3000 ձայն: Այդ 3000 «ընտրողներն», ըստ ՀՅԴ ունեցած տվյալների՝ Տավուշի մարզից բացակայողներն են, մահացածներն ու հետախուզման մեջ գտնվողները: Դիմումում նաեւ նշվում է, որ միայն թիվ 18/54 տեղամասի արդյունքների ստուգման արդյունքում պարզվել է, որ ընտրված պատգամավոր Հ. Աբովյանին կողմ տրված ձայները պակասել են 65-ով: Գ. Մանուկյանը դատարանում նշեց, որ ՀՅԴ ԳՄ գրության հիման վրա ԿԸՀ-ն դիմել է ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին՝ Տավուշի մարզի Կողբ համայնքի ընտրողների անձնագրային տվյալներն իրենց տրամադրելու խնդրանքով: ՀՀ ոստիկանությունն ընդառաջել է ՀՅԴ ԳՄ խնդրանքն ու նախապատրաստել է այդ տվյալները, սակայն դրանք չի տրամադրել ԿԸՀ-ին՝ պատճառաբանությամբ, որ դրանք կարող են տրամադրվել միայն ՍԴ պահանջի դեպքում: ՍԴ-ն երեկ մերժեց դաշնակցական Ա. Երկանյանի դիմում-բողոքը: Հետաքրքիր է՝ ՍԴ այս որոշումը որքանո՞վ է արդար ՀՅԴ համար, եւ արդյոք նա չի՞ համարում, որ ՍԴ-ն կատարում է Տավուշի մարզի ինչ-ինչ ուժերի պատվերը, որոնք, ըստ դիմումի, մասնակցել են ընտրություններին՝ չնայած նրան, որ մահացած են, բացակայում են մարզից կամ գտնվում են հետախուզման մեջ: Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել