Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԳԻՆԸ

Հունիս 24,2003 00:00

ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԳԻՆԸ Հիշո՞ւմ եք «Օրակարգից դուրս» հաղորդումը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ: Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներին բանավեճի հրավիրելու փոխարեն /ինչը կհամապատասխաներ թե՛ լրագրողական պրոֆեսիոնալիզմի եւ թե՛ Եվրոպայի խորհրդի պահանջներին/, Հանրային հեռուստատեսությունը եթեր էր կանչել բացառապես Քոչարյանի ջերմեռանդ կողմնակիցներին, որոնք մեջլիս էին մտել մրցելու համար՝ ով ավելի քաղցր կենաց կարտասանի գործող նախագահի հասցեին եւ ով ավելի թունդ լուտանքներ կձեւակերպի ընդդիմության մասին: Իսկ հիմա հիշեք, թե ովքեր էին այդ «բուռն բանավեճի» մասնակիցները՝ Տիգրան Թորոսյանը, Աղվան Վարդանյանը եւ Սերգո Երիցյանը: Որտե՞ղ են հիմա հիշյալ հաղորդման մասնակիցներից երկուսը: Այո, նախարարական աթոռներին: Քոչարյանին փառաբանելու եւ նախարար նշանակվելու միջեւ պատճառահետեւանքային կապն այնքան ակնհայտ է, որ չի կարող քողարկվել ոչ «դաշնակցային հուշագրով», ոչ էլ կասկածելի փաստարկով, թե նախարարական պաշտոնը «զուտ քաղաքական է»: Հակառակ դեպքում «կոալիցիոն» կուսակցություններից մեկի անդամ Լեւոն Մկրտչյանը կմնար ԿԳ նախարարի պաշտոնում, եւ նույն կուսակցությունում կգտնվեր սոցիալական ապահովությանն ավելի մոտ կանգնած անձնավորություն, քան բանաստեղծ եւ լրագրող /ի դեպ, ժամանակին հրաշալի խմբագիր/ Աղվան Վարդանյանը: Նշված պատճառահետեւանքային կապը գալիս է հաստատելու այն գլխավոր սկզբունքը, որը գերիշխում է դասական լճացման ժամանակաշրջանում՝ «քծնիր, եւ կարիերայի դռները բացվելու են քո առաջ»: Այդ սկզբունքն ուղենիշ է դառնալու հայաստանցի հարյուրավոր /եթե ոչ հազարավոր/ երիտասարդների համար: Պետք չէ, հետեւաբար, զարմանալ, որ իշխանամետ գործիչների շուրթերից Քոչարյանի հասցեին շուտով կհնչեն բնորոշումներ, որոնք վերջին անգամ մենք լսել ենք «թանկագին Լեոնիդ Իլյիչի» հետ կապված: 8230Այնպես զուգադիպեց, որ հարեւաններիցս մեկը վերջերս նախարար դարձավ: Նշանակումից մեկ շաբաթ անց սկսվեց նրա բնակարանի վերանորոգումը: Կողքի խոսակցությունները հետեւյալն են. «Բա ոնց, բա էդպես ա, բա դրա համար են մինիստր դառնում»: Եվ խոսողների ինտոնացիայից զգում եմ՝ իրենք էլ են ուզում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել