Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջարկվել է չճանաչել ՀՀ մանդատները

Հունիս 24,2003 00:00

Առաջարկվել է չճանաչել ՀՀ մանդատները Երեկ երեկոյան «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը Ստրասբուրգից հաղորդել է, թե ԵԽ ԽՎ երեկ մեկնարկած ամառային նստաշրջանի քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է չհաստատել ԵԽ-ում Հայաստանի խորհրդարանական նոր պատվիրակության մանդատները։ Առաջարկի հեղինակը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքները ԵԽ ԽՎ-ում ներկայացնող Բերնարդ Շրայներն է։ Վերջինս իր առաջարկը փաստարկել է ընտրությունների ընթացքում կատարված խախտումների ծավալով եւ լրջությամբ։ 43 կետից եւ 6 հավելվածից բաղկացած հաշվետվության նախագծում, որը կազմվել է դիտորդների կողմից, տեղ է գտել նաեւ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին առնչվող հատված։ Ինչպես հայտնի է, Հ. Հովհաննիսյանը հանել էր իր թեկնածությունը հենց ընտրությունների օրը։ Զեկուցողը նաեւ դիմել է ԵԽ ԽՎ բյուրոյին՝ առաջարկելով քննարկել ետընտրական գործընթացներին հետեւելու նպատակով Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը։ Հաղորդվում է նաեւ, որ ԵԽ ԽՎ ընթացիկ նստաշրջանին Հայաստանից մասնակցում են Արմեն Ռուստամյանը եւ Արտաշես Գեղամյանը։ Վերոհիշյալ առաջարկի քննարկման արդյունքները, ըստ ամենայնի, հայտնի կդառնան արդեն այսօր։ Ինչպես հայտնի է, այս նստաշրջանում ներկայացվելու է նաեւ զեկույց Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների մասին։ Նախատեսվում է, որ այն կհրապարակվի հունիսի 26-ին։ Այն մասին, որ Հայաստանի նկատմամբ ԵԽ-ն առայժմ չի պատրաստվում խիստ պատժամիջոցներ կիրառել, առավել եւս՝ կասեցնել ՀՀ անդամակցությունն այս կառույցում, բազմիցս նշել են Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտի պատասխանատուները։ Մյուս կողմից՝ ԵԽ-ում մեկ անգամ չէ, որ միանշանակորեն հասկացնել են տվել. մենք պատրաստ ենք համբերել, սակայն բացառություններ չենք հանդուրժելու։ Ի դեպ, արդեն հայտնի է, որ մահապատժի անվերապահ արգելումը սահմանող արձանագրության վավերացման հարցում ԵԽ-ն հերթական անգամ ընդառաջ է գնացել Հայաստանին։ Հայաստանի նորընտիրները վերջնականապես կողմնորոշվելու համար այս ուղղությամբ դեռ կմտորեն մինչեւ 2004 թ. սկիզբը։ Այնժամ արդեն Հայաստանը ներկայացնող քաղաքական վերնախավը ստիպված պետք է լինի ընտրություն կատարել. կամ՝ Եվրոպա, եւ ըստ այդմ՝ համապատասխան արժեքային համակարգ, կամ այն, ինչ որ ունենք եւ ինչը չի տրվում որեւէ հոդաբաշխ բնութագրման։ Մինչ այդ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ ԽՎ նստաշրջանին դատարկաձեռն չեն ներկայացել։ Առաջինում իշխանություններն անսպասելի գորովանքով են լցվել ընդդիմության նկատմամբ եւ, միմյանց հերթ չտալով, կարեւորում են այդ տարրի քաղաքական նշանակությունը։ Երկրորդում վերջին օրերին ազատ են արձակել հատուկենտ քաղկալանավորների։ Նշենք, որ ի թիվս այլ հարցերի, ԵԽ ԽՎ ընթացիկ նստաշրջանում կքննարկվեն նաեւ Եվրոպայում մարդկային օրգանների առեւտրին, Գուանտանամոյում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից կալանված անձանց իրավունքներին եւ Եվրոդատարանում հասարակական մեղադրողի պոստի ստեղծմանն առնչվող հարցեր։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել