Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեղավորը մշակութային քաղաքականությունն է

Հունիս 21,2003 00:00

Մեղավորը մշակութային քաղաքականությունն է Օրերս Բելգրադ կատարած համերգային ուղեւորությունից վերադարձավ հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլը: Կոլեկտիվը Բելգրադ էր մեկնել տեղի օպերային թատրոնի, Հայ-սերբական ընկերության, մշակույթի նախարարության եւ ԱՍԱԼԱ հայկական ժողովրդային շարժման հրավերով։ Աշխարհի տարբեր երկրներ հյուրախաղերի մեկնած անսամբլի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար եւ խմբավար Սեդրակ Երկանյանը կարեւոր է համարում «Տաղարանի» ելույթները նախեւառաջ Հայաստանի մարզերում եւ քաղաքներում։ Ըստ նրա. «Մեր մշակույթի նախարարությունը, կարծես, Երեւանի՝ կենտրոնի նախարարություն լինի։ Ես մինչեւ հիմա չեմ տեսել նախարարության համագործակցությունը Սիսիան, Գորիս, հանրապետության մյուս քաղաքների երաժշտական կյանքի հետ»։ Անսամբլի ղեկավարը կարոտով վերհիշեց էն թվականների նախկին ֆիլհարմոնիայի գործունեությունը, դրան հակադրելով «այսօրվա «միապետ»- ռեժիսոր Լաերտ Մովսիսյանի կազմակերպած, իբրեւ թե մասշտաբային միջոցառումները»։ Ս. Երկանյանին չի բավարարում մինչ օրս Երեւանում (շրջանների մասին խոսք լինել չի կարող- Ս. Դ.) կայացած խաչատրյանական տարվա համերգներն ու միջոցառումները։ Իր խոսքերով. «Եթե հետեւենք հայտագրերին, նվիրված մեծ կոմպոզիտորի 100-ամյակին, կտեսնենք, որ քանակական տեսակետից էլ դրանք շատ չեն։ Միեւնույն կոլեկտիվներն են Հայաստանի պետական կամերային եւ ֆիլհարմոնիկ նվագախմբերը եւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոսներ եւ ուսանողներ»։ Ավելին, խմբավարը շոկի մեջ էր ընկել այն բանից հետո, երբ հունիսի 16-ին «ՅԱՆ»TV-ի լրագրողի Երեւանի փողոցներում անցկացրած հարցմանը, այն է՝ ով է Արամ Խաչատրյանը, երիտասարդ սերնդից մինչեւ 60 տարեկան եւ ոչ մի հայ մարդ չէր իմացել կամ միանգամից «տեղը չէր բերել» աշխարհահռչակ կոմպոզիտորին։ Ըստ պարոն Երկանյանի. «Մեղավորը՝ տարիներ շարունակ տարվող մշակութային քաղաքականությունն է»։ Իսկ մշակութային քաղաքականություն ասելիս, առաջին հերթին հասկանում ենք՝ մշակույթի նախարարություն։ Արվեստագետը մեզ փոխանցեց տարիներ առաջ իրեն հասած մի իրողություն. «30-ական թվականներին Հայաստանի մշակույթի նախարարը մասնագիտությամբ գյուղատնտես է եղել, թեպետ սա հնչում է որպես անեկդոտ, բայց ասում են՝ լավ էլ գլուխ է հանել գործից» ու անցում կատարելով մեր օրերը, ասաց. «Դժվարանում եմ ասել, թե ՕԵ կուսակցությունից մշակույթի նախարար նշանակված ոչ-արվեստագետը գլուխ կհանի՞ ստանձնած պաշտոնից, բայց մի բանում համոզված եմ, որ տիկինը գուցե կայանա որպես նախարար, եթե շրջապատված լինի գրագետ ու բարյացակամ չինովնիկներով»։ Որոշ երաժշտական կոլեկտիվների ղեկավարների նման, պարոն Երկանյանը չի տրտնջում. «Հասկանալի է, բոլոր համերգասրահները համատարած նորոգվում են։ Գիտե՞ք, թե ինչ մշակութային ավանդույթներ ունեցող դահլիճներ կան Երեւանում»։ Արդեն քանիցս «Տաղարանը» ելույթ է ունեցել Հայարդնախագիծ ինստիտուտի դահլիճում, որտեղ դեռ 60-ականներին բեմ են բարձրացել «Կոմիտաս» քառյակը, Լուսինե Զաքարյանը եւ այլ հեղինակություն վայելող դեմքեր։ Թեեւ «Տաղարանը» պետական, ոչ առեւտրային կազմակերպություն է ու պետությունից ստանում ենք միայն «թոշակ», այդուհանդերձ թողարկվել է անսամբլի ձայնագրություններով 3 հատ CD, իսկ երաժիշտները լուռումունջ տարիներ շարունակ իրենք են հոգացել իրենց հոգսերը: Սա այն դեպքում, երբ Ս. Երկանյանը կարող էր վաղուց արվեստագետին վայել կյանքով ապրել ու ստեղծագործել արտերկրում։ Նրա եղբայրը՝ ճանաչված արվեստագետ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը տարիներ շարունակ տնօրենն է Բեյրութի «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի։ Այս առիթով Ս. Երկանյանն ասաց. «Երբեք մեր երկու եղբայրների հարազատությունը շուկայի չենք վերածել։ Չկարծեք, թե հայրենասիրություն եմ խաղում։ Իսկական հայրենասիրության դրսեւորում կլիներ «Տաղարանի» համերգները մեր մարզերում ու քաղաքներում»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. 2003 թվականին «Տաղարան» անսամբլի համերգները եւ հյուրախաղերը նվիրվում են Ա. Խաչատրյանի 100, Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» 1000 եւ հայ գրերի գյուտի 1600- ամյակներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել