Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ

Հունիս 21,2003 00:00

ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ Տարին կիսեցինք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով։ Մարդորսության տենդը բռնել էր ողջ հանրապետությունը. այդպիսի բան մեկ էլ, հավանաբար, եղել է Աֆրիկայից Ամերիկա նեգրեր տեղափոխելու ժամանակներում։ Պատմության դեղնած էջերից մեկ անգամ եւս հառնեց բալզակյան կուրտիզանուհիների ինչպես պերճանքը ընտրարշավի ընթացքում, այնպես էլ թշվառությունը՝ ընտրություններից հետո։ Կյանքը փոխելու ինչպիսի սրտառուչ պոռթկումներ եղան եւ սույն մտադրությունը ավելի լավ ժամանակների հետաձգելու ինչպիսի առինքնող պատրաստակամություն։ Երկրում օրենքներ հաստատելու ինչ ջերմեռանդ երկյուղածություն եւ ավանդները վերադարձնելու ինչ բացառիկ ավանդույթ։ Բազուկների կարեկից բազմություն, ինտելեկտի կրկես, կառնավալի հրապարակ, դեմքը դիմակներով հերթափոխելու սրահ։ Պայծառատեսության նոպա, արթմնի տեսլականներ, արդարության երազախաբություն, Հանիբալին արժանի տիտանական զորաշարժեր. այստեղ ես հասկանում Նարեկացու պերճախոսության գաղտնիքը… Հազար անգամ ճշմարիտ են հոգեվերլուծաբանները՝ պատերազմներն ու հեղափոխությունները համաշխարհային պատմության օրգազմի աստեղային պահերն են։ Կաբինետներում հույժ սեւեռված խեղճերն ինչ իմանային, որ այդպիսի բան մեկ էլ լինում է ընտրություններում՝ համաժողովրդական վեցամսյա տոնախմբություն, այն էլ ուրախության քիչ առիթներ ունեցող երկրում։ Իսկ հետո՝ առեւտուրն ավարտված է, խաղաղ զորանոցներ։ Ինչպես դիպուկ նկատեց Անդրանիկ Մարգարյանը՝ կյանքը ընտրություններով չվերջացավ. կնշանակի սկսվում է։ Եվ սկսվեց հանճարեղ սերնդափոխությամբ. իշխանությունը համալրվում է 88-ին արբունքի տարիքին չհասած կոմսոմոլներով։ Այդ տարիներին Արթուրը 20 տարեկան էր, գրեթե այնքան, ինչքան Պարույրն անցկացրեց բանտերում՝ նրանց դեմ մղված ձախավեր պայքարի առիթով եւ ահա արդյունքը՝ հռչակավոր այլախոհը հիմա գլուխը ո՞ր պատերով տա։ Ինչեւէ, բազմիցս նշել եմ, որ հանրապետության ներքաղաքական խնդիրների լուծման տրամաբանությունը դժվար է քաղաքական համարել։ Քաղաքական ինչ տրամաբանության մասին կարող է խոսք լինել, երբ ԱԺ ընտրություններում ստուգապես հաղթանակած կուսակցությունը հանկարծ գնում է զիջումների եւ կոալիցիա կազմում ուժերի հետ, որոնք ընտրարշավում «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» ոչ պակաս մեղմ տարբերակներով սեւացնում էին վերջին տարիներին պատասխանատվություն ստանձնած այդ նույն կուսակցության կազմած կառավարության գործունեությունը։ Հավանաբար, ամեն ժողովուրդ ունի սեփական տարտյուֆականության կերպը (դաշնակները կասեին՝ տեսակը), որով երեսպաշտությունը ներկայանում է որպես առաքինություն։ Եվ հոգեբանական այդ մոլիերիզմը դրսեւորվելու այլ ձեւ չունի, քան ազգային եւ գեոպոլիտիկ մարտահրավերներին ոչ թե կոմպլիմենտար, այլ ոչ ստանդարտ լուծում պահանջող գերխնդիրներում խճճված պետության եւ նրա շփոթահար նախագահի՝ պատասխանատվությունը իրենից վանելու փորձը, իբր, միասնության պատրանք ստեղծելու բարեպաշտ նախաձեռնություն։ Այլ կերպ ասած՝ բարեհաջող տիրանալով նախագահական աթոռին, Քոչարյանը յուրացրեց նաեւ խորհրդարանական արդյունքները՝ տնօրինելով սեփական հայեցողությամբ։ Եվս այդպիսի մի ցնցում եւ մինչեւ վերջերս իշխող կուսակցություն համարվող հանրապետականները կընկնեն ՀՀՇ-ի օրին։ Իսկ այդ ցնցումը կարծես թե չի ուշանալու, չնայած կոալիցիոն կառավարություն ձեւավորելուց հետո, առերեւույթ թվում է՝ հրադադար է։ Մանավանդ ամառային տայմաուտ է վերցրել նաեւ ընդդիմությունը, չհաշված, որ մարդկանց ապահով ուսերից օրերս իջնելու փորձ է անում Արտաշես Գեղամյանը եւ «սարսելով դահլիճն ու ֆոյեն», ավետում նախագահի օրինականության առիթով վստահության հանրաքվե կազմակերպելու սպառնալիքը։ Բայց դա էլ կարելի է համարել Արամ Խաչատրյանի երբեւէ չգրած օպերայի ձախողված բեմականացման crescendo-ին հետեւող անկման ալիքը։ Մի խոսքով, նախընտրական եւ ետընտրական լավատեսական կանխատեսումները չարդարացան, նույնիսկ՝ Քոչարյանից Սերժով ազատվելու հեռանկարը։ Կամ՝ այդ տարբերակը հետաձգվեց ավելի հարմար պահի, ասենք, երբ ուժեղանան արտաքին ճնշումները եւ երբ իշխանությունը պահելու այլ ելք չի մնա, քան այն հանձնել ավելի հուսալի ձեռքերի, կամ, որ ավելի հնարավոր է՝ նախարարի աշունը մոտենում է։ Կանխատեսումների չիրականացումը, հավանաբար, նաեւ այն պատճառով է, որ լավատեսության հիմքեր չունենք։ Կարծել, թե հոռետեսության հիմքեր ունենք՝ միակողմանի կլինի, պարզապես ռուսական հինավուրց առածի հանգույն, ուզում ենք ավելի լավ լինի, բայց ստացվում է ինչպես միշտ։ Մյուս կողմից՝ այս փուլում Քոչարյանին այլ բան չի մնում, քան ամրապնդել նախագահական աթոռի իր իրավահաջորդի դիրքերը։ Դատելով ԱԺ նախագահի պաշտոնին Արթուր Բաղդասարյանին «դնելու» թափած ջանքից, այդպիսի իրավահաջորդ նա համարում է հենց վերջինիս։ Եթե, իհարկե, «սահմանադրական բարեփոխում» անվան տակ, որ արձանագրված է եռակուսակցությունների հուշագրում, այնպիսի փոփոխություն չկատարվի, որ նրան երրորդ անգամ հնարավորություն կտա նախագահելու, իսկ «Օրինացի» նախագահին ակամա սատարելու մղումը սոսկ ժամանակ շահելու նպատակ ունի։ Իրոք անհնար է չհիանալ մեծ կոմբինատորի անսպառ մտքի ճկունությամբ։ Խոստովանենք՝ վեց ամսում պետական մակարդակի երկու ապօրինություն անելը հաստատ սովորական մահկանացուի ուժերից վեր է, եթե մանկուց մեծ երազանքներ չես ունեցել եւ չես քնել կեսարների պատմությունը բարձիդ տակ դրած։ Հեշտ բան չէ ամեն անգամ խաղը սկսել «սպիտակներով խաղալու» արտոնությամբ, մանավանդ այն պարագայում, երբ ուզես էլ չես կարող կասկածել այդ իրավունքը սրտանց բաշխող կուսակցությունների անմեղսունակությանը։ «Իսկ ընդդիմությո՞ւնը»,- հարցը կարելի է առկախ թողնել դասականին վայել խոհեմությամբ։ Առայժմ լսելի է միայն «նահանջ երգովի» մեղեդին, եթե, իհարկե, նահանջը երգով է լինում։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել