Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրություններից ընկել է դպրոցների որակը

Հունիս 21,2003 00:00

Ընտրություններից ընկել է դպրոցների որակը Հարցում դպրոցների տնօրենների շրջանում Տնօրեններին, մասնավորապես, մտահոգում է, որ խորացված ուսուցմամբ եւ «սովորական» դպրոցներում հարցաթերթիկները նույնն են: Օրինակ, «ֆիզիկամաթեմատիկական առարկաների խորացված ուսուցմամբ դպրոցի աշակերտի համար խաղուպար է լուծել այն հարցաթերթիկների խնդիրները, ինչը դժվարությամբ են լուծում հումանիտար թեքումով դպրոցների երեխաները»,- մեզ հետ զրույցում իր մտահոգությունն էր հայտնում Րաֆֆու անվան դպրոցի տնօրեն Արտավազդ Անդրեասյանը: Նա նշում է, որ իրենց դպրոցում աշակերտները նկատելիորեն չեն շեղվում իրենց ընտրած ուղղություններից: Դպրոցն ունի տարբեր ուղղվածություններով «վարժարանային դասարաններ», որտեղ աշակերտները ոչ իրենց ընտրած առարկաներից ընդհանուր գիտելիքների դրսեւորման հարցում թերանում են: Չեխովի անվան անգլերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն առաջարկում է հարցաթերթիկների կազմումը թողնել դպրոցի հայեցողությանը կամ ԿԳ նախարարությունն ինքը ամեն դպրոցի հարցում դրսեւորի հատուկ մոտեցում: «Մեր դպրոցի աշակերտների համար այս տարվա անգլերենի հարցաշարը խիստ հեշտ էր, անգամ՝ պարզունակ»: Այս տարի Չեխովի անվան դպրոցի 10-րդ դասարանի հայոց լեզվի քննության արդյունքները սպասվածից ցածր են եղել, թեեւ անբավարար ստացողներ չեն եղել: Իսկ մեկ 8-րդ դասարանցի այստեղ կունենա վերաքննություն: Դպրոցն այս տարի ունեցել է մեդալի 5 հավակնորդ, որից 4-ն է դարձել մեդալակիր: Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցի տնօրեն Վաչագան Սարգսյանի հավաստմամբ տարեցտարի որակական աճ է նկատվում, եւ աշակերտներն սկսել են ավելի ու ավելի կարեւորել քննություններն ու դրանց պատրաստվել հենց տարեսկզբից՝ համոզված, որ դպրոցը քննություններում պահպանելու է օբյեկտիվություն: Թիվ 54 դպրոցի տնօրեն Էթերի Պետրոսյանը կարծում է, որ աշակերտների շրջանում այս տարի նկատվող որակական մակարդակի իջեցումը մեծապես պայմանավորված էր ընտրություններով: Տնօրենն իր այս միտքը չմանրամասնեց: Եվ կարիք էլ չկա, թերեւս, հիշել, թե նախընտրական շրջանում որքան քաղաքականացված էր դպրոցի ամեն մի ուսուցիչ կամ տնօրեն: «Ուսման նկատմամբ աշակերտների սերը նկատելիորեն պակասել է, չնայած՝ նրանց ընդհանուր զարգացածությունը մեծացել է, ինչն էլ խիստ ինֆորմացված լինելու արդյունք է»: Հարցաթերթիկների հետ կապված վերոնշյալ խնդիրն ունի նաեւ այս դպրոցը: Տնօրենի խոսքերով, անգլերեն լեզվի խորացված ուսուցմամբ իրենց դպրոցում աշակերտները դժվարացել են հատկապես տեխնիկական առարկաների քննություններում: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել