Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՎԱՂՈՒՑ ԷԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ

Հունիս 21,2003 00:00

ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՎԱՂՈՒՑ ԷԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Մի շարք իրադարձությունների համադրումն է՛լ ավելի է հիմնավորում այն տեսակետը, թե Հայաստանում հացի (ալյուրի) գների թանկացումն ու այնուհետեւ էժանացումն ամենեւին էլ շուկայական բնականոն զարգացումների արդյունք չեն։ Այլ՝ տվյալ շուկայում գերիշխող դեր զբաղեցնող գործարարների մտածված քայլ։ Եվ երկրի ղեկավարության համարժեք արձագանքի հետեւանք։ Եվ իրականությունից այնքան էլ հեռու չէ այն ենթադրությունը, թե այդ բիզնեսով զբաղվող գործարարները այս քայլին գնացել են մտածված։ Չնայած այս պնդումները հաստատապես անելու համար անհրաժեշտ են լրացուցիչ փաստեր, որոնք ժամանակ են պահանջում։ Ռուսաստանում ցորենի (ալյուրի) գինը չի իջել, բայց այն իջել է Հայաստանում, չնայած մենք այդ երկրից ենք ցորեն ներկրում։ Պետք է խոստովանել, որ սա շուկայի համար համարյա աբսուրդ է։ Բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանում, շահավետ բիզնեսի ոլորտներում, անպայման գերիշխող դիրք զբաղեցնողներ կան, դեպքն օրինաչափ է թվում։ Սա մի ապացույց է, որ այստեղի գներն, այնուամենայնիվ, ռուսաստանյան գների հետ քիչ են կապված եղել։ Առավել եւս, որ երկու երկրներում էլ գները բարձրացան զուգահեռաբար։ Երկրորդ, Մաքսային պետական կոմիտեից ստացված տվյալները վկայում են, որ գործարարներն այս թանկացումը վաղուց էին նախապատրաստել՝ այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստան ալյուր գրեթե չներկրելով։ Ավելի ստույգ, ներկրվել է ընդամենը 740 տոննա՝ շուրջ 172 անգամ պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակաընթացքում։ Չի ավելացել (էականորեն) անգամ ցորենի ներկրման ծավալը, որը կարող էր լրացնել պակասը։ Իսկ որ առավել ուշագրավ է, կտրուկ կրճատվել է ներկրող սուբյեկտների թիվը՝ ցորենի դեպքում շուրջ երկու անգամ (35-ից դառնալով 17), իսկ ալյուրի դեպքում՝ 3 անգամ (10-ից մնացել է 3 սուբյեկտ)։ Այս առնչությամբ «Առավոտի» հարցին ի պատասխան, երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ես այդպիսի տվյալներ չունեմ»։ Այդ տվյալներն «Առավոտը» ստացել է, ինչպես նշեցինք, Մաքսային պետական կոմիտեից, որը, սակայն, հրաժարվում է տրամադրել ներկրող սուբյեկտների անունները՝ պատճառաբանելով կոմերցիոն գաղտնիքով։ Հակված ենք տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահի աշխատանքից ազատվելն էլ դիտարկել այս համատեքստում, առավել եւս, որ այս հանձնաժողովը հիշատակված հարցերի շուրջ ուսումնասիրություններ էր անցկացնում եւ հայտնի չէ, թե ինչեր էր հայտնաբերել։ Հանձնաժողովն, ի դեպ, շատերի կարծիքով, միակ արդյունավետ աշխատողն էր, եթե համեմատենք մյուսների հետ։ Խնդիրն այն է, որ շատ դժվար կլինի պարզել, թե մեկը մյուսի հետ իրական ինչ առնչություններ ունի, որովհետեւ ուսումնասիրությունների ընթացքը գաղտնի է պահվում, իսկ արդյունքը կարելի է համապատասխանեցնել ցանկացած որոշման։ «Առավոտի» հարցին, թե այս ամենը հաշվի առնելով կարելի՞ է ասել, որ հացի (ալյուրի) գների էժանացումն, այնուամենայնիվ, քաղաքական որոշման արդյունք էր եւ գերիշխող դեր զբաղեցնողների քայլերին համապատասխան արձագանք, նախագահ Քոչարյանը պատասխանեց. «Ոչ, դա քաղաքական որոշում չէ։ Մենք գներ չենք կարգավորում։ Բայց նաեւ վերջին տարիներին ներմուծում էին Ռուսաստանից, քանի որ բավականին բարենպաստ էին գները։ Այս գների աճը կնշանակի, որ կսկսեն այլ շուկաներ փնտրել, որտեղից իրենք կարող են էժան գներով ներմուծել։ Ոչ մի քաղաքակիրթ երկրում գներն ադմինիստրատիվ ձեւով չեն կարգավորվում։ Կան այլ մեխանիզմներ»։ Օրինակ, ցորենի պահուստները նման դեպքում հակակշռելը արհեստական դեֆիցիտի հեռանկարին, ինչը մեր երկիրը չունի։ Ըստ Ռ. Քոչարյանի, տնտեսական մրցակցության հանձնաժողովի «ուսումնասիրության գործընթացն էլ կարող է դրական ազդեցություն ունենալ գների վրա։ Դրա համար մենք ոչ թե քաղաքական ազդեցությամբ, այք պետական մեխանիզմներով ենք արձագանքում»։ Նախագահն ավելացրեց. «Դա նշանակում է (էժանացումը.- Ա. Ու.), որ, իսկապես, մրցակցային շուկա է եւ իսկապես, շուկան սկսում է ճիշտ ձեւով արձագանքել այդ երեւույթին»։ Նախագահը հավանաբար նկատի ունի այլ երկրներից էժան ցորենի ներկրումը, ինչը դժվար է «տեղավորել» 1,5 ամսից քիչ ժամանակի մեջ, որի ընթացքում նոր գործընկերներ գտնելը, պայմանագրեր կնքելը, ներկրելն ու վաճառելը գործնականում անհնար է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել