Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնորդվեք չգրված օրենքներով

Հունիս 21,2003 00:00

Առաջնորդվեք չգրված օրենքներով Այսպիսի խորհուրդ են տվել քաղաքապետարանում գործարար Գրիգորի Պետրոսյանին: Երկար տարիներ աշխատելով օտար ափերում, Գրիգորի Պետրոսյանը որոշում է վերադառնալ հայրենիք եւ աշխատած գումարով իր բիզնեսը դնել։ 1999 թվականին գնելով Մարշալ Բաղրամյան պողոտայի 2-րդ նրբանցքի թիվ 13 հասցեում գտնվող 720 քմ մակերեսով 4 հարկանի շենքը, այն սեպտեմբերից վարձակալական հիմունքներով տրամադրում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնին։ Շենքի դիմաց մոտ 3 մետր հեռավորության վրա տեղակայված է ճարտարապետական որեւէ նորմի չհամապատասխանող կոշկակարի ապօրինի կրպակ, որը խոչընդոտում է շենքի նորմալ շահագործմանը, մեքենաների ու հետիոտնի անցուդարձին։ Մայթ չկա, բեռնատար մեքենան անցնում է պատին քսվելով։ Ճիշտ չէ նաեւ անվտանգության առումով՝ կտրուկ շրջադարձ է կատարվում շենքի մուտքին մոտենալու համար, իսկ տեսադաշտը փակ է։ Կառույցի մուտքի մոտ մի մեքենա կանգնելու դեպքում ճանապարհն արդեն անանցանելի է դառնում։ Մինչ պրն Պետրոսյանը փորձում է կոշկակարի հետ համաձայնության գալ կրպակը հանելու համար, որը նաեւ վերջինիս միակ կացարանն էր՝ շաբաթը ուրբաթից շուտ է գալիս՝ կոշկակարը կնքում է իր մահկանացուն եւ ապօրինի կառույցին «տիրանում» են մոտակայքում գտնվող ծաղկի կրպակի տղաները։ Տարածքը անձնական միջոցներով բարեկարգելու իրավունք ձեռք բերելու եւ ապօրինությունը կանխելու խնդրանքով փետրվարին քաղաքապետարան է դիմել Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավարությունը, ապա լիազորել է Գրիգորի Պետրոսյանին՝ զբաղվելու այդ հարցով։ Վերջինս նույն խնդրով երկու անգամ դիմում է ներկայացրել քաղաքապետին, բայց մինչ օրս պատասխան չի ստացել։ Ավելին, ըստ պրն Պետրոսյանի, Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Հ. Սարգսյանը բացատրել է, որ «գոյություն ունեն նաեւ չգրված օրենքներ», համաձայն որոնց, պետք է ծաղկավաճառանոցի տղաների հետ «լեզու գտնի»։ Գ. Պետրոսյանը կարծում է, որ «ծաղկավաճառ տղաները» հովանավորվում են քաղաքապետարանի որոշ աշխատակիցների կողմից, որոնք էլ ձգձգում են հարցի լուծումը, որպեսզի անօրինական կրպակը «հետին թվով սեփականաշնորհեն եւ իրեն կանգնեցնեն փաստի առաջ»։ Սեփականատերը մտավախություն ունի նաեւ, որ խնդրի ոչ դրական ելքի դեպքում դեսպանության մշակույթի կենտրոնը կկանգնի այլ տեղ փոխադրվելու դժվարին կացության առջեւ։ Երեկ Գ. Պետրոսյանը ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունից ստացել է մի գրություն, ըստ որի տեղական նշանակության փողոցների եւ ճանապարհների լայնությունը պետք է լինի 6 մետրից ոչ պակաս: Փորձեցինք քաղաքապետարանից ճշտել, թե ի՞նչ ընթացքի մեջ է բողոք-դիմումը։ Երկու օրվա փնտրտուքից հետո լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ քաղաքապետարանը միայն այսօրվա ապօրինի շինություններով է զբաղվում, իսկ 20 տարվա վաղեմություն ունեցող կրպակի հարցով պետք է զբաղվեն թաղապետարանում։ Թե որքանով է դա իրավական, սա հարցի մի կողմն է, բայց այս մասին պետք է տեղյակ պահեին բողոք-նամակների հեղինակներին։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել