Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿԱՇԽԱՏԻ 100 ՕՐ

Հունիս 21,2003 00:00

ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿԱՇԽԱՏԻ 100 ՕՐ Պնդում է «Արդարություն» դաշինքը «Ստեղծված կոալիցիան իր բնույթով առնչություն չունի քաղաքական համագործակցության մոդելի հետ, այն իր բնույթով նման է խունտայի, որովհետեւ ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին միավորում է ոչ լեգիտիմության հենքը։ Ընդդիմությունը, ճիշտ է, ընտրություններով չկարողացավ վերականգնել սահմանադրական կարգը, սակայն անդառնալի հարված հասցրեց վարչախմբին՝ էապես սահմանափակելով վերջինիս գոյատեւման ռեսուրսները։ «Արդարություն» դաշինքը չմասնակցեց ԱԺ առաջին նիստերին, իր ներկայությամբ անօրենների համաձայնություններին քաղաքական բնույթ չհաղորդելու նպատակով»,- ՀԺԿ գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանը։ Դաշինքի ներկայացուցիչները գնահատականներ տվեցին կոալիցիոն կառավարության ծրագրին։ Շավարշ Քոչարյանը նշեց, որ կառավարության ծրագրում որեւէ տող չկա երկրի արտաքին քաղաքականության եւ ԼՂՀ հարցի վերաբերյալ։ Միակ դրական նախադասությունը ծրագրում գտել էր Շավարշ Քոչարյանը. «կստեղծվի ազնիվ եւ արդյունավետ գործող պետական կառավարման համակարգ», պրն Քոչարյանի եզրակացությունն այդ դրականից. «ուրեմն իրենք ընդունում են, որ մինչեւ այսօր կառավարման համակարգը եղել է անազնիվ եւ անարդյունավետ»։ Ալբերտ Բազեյանը նշեց, որ կոալիցիան մի 100 օր հանգիստ կապրի, առանց ընդդիմության քննադատության, իսկ հետո պահանջատերը կլինի հանրությունը։ «ՀԺ»-ի թղթակցին հետաքրքրում էր՝ դաշինքի պատգամավորները ստանալու են ԱԺ-ից հունիս ամսվա աշխատավարձը։ Ալբերտ Բազեյանը նկատեց, որ իրենց որոշումը քաղաքական է եւ որ պատգամավոր լինելը միայն նիստերին մասնակցելը չէ։ Եվ ավելացրեց՝ եթե աշխատավարձը տան, կստանան, եթե ոչ, ուրեմն՝ ոչ։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել