Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻՈՆ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ

Հունիս 21,2003 00:00

ԿՈԱԼԻՑԻՈՆ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ Երեկ ՀՅԴ խմբակցության հրավիրած ասուլիսում հարց ուղղեցինք, թե այդքան կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարը՝ մոռացությա՞ն են մատնում, որ իրենց կոալիցիոն (ի դեպ՝ այս բառը թարգմանվում է «դաշնակցային») գործընկերների շարքերում բազմաթիվ են այն պաշտոնյաները, որոնց անունների հետ շաղկապված է կոռուպցիան: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի հետ է կապվում վառելիքի ներկրման ոլորտում գերիշխող դիրք ունեցողների հովանավորությունը: Կարող եւ պատրա՞ստ են այս պայմաններում պայքարել կոռուպցիայի դեմ՝ վտանգելով դաշնակիցների հետ փխրուն հարաբերությունները: Ի պատասխան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մասնավորապես ասաց, թե Դաշնակցությունը չի խուսափում «սրել հարաբերությունները խոշոր չինովնիկների հետ»: Խնդրեցինք մեկնաբանել նաեւ հակակոռուպցիոն գործակալության ստեղծման առնչությամբ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պնդումը, թե «ինչքան շատ են այդպիսի մարմինները՝ այնքան մեծանում են կոռուպցիայի հնարավորությունները»: ՀՅԴ խմբակցության նախագահ Լեւոն Մկրտչյանը նշեց, թե այժմ գործող հակամենաշնորհային հանձնաժողովի մեխանիզմերի եւ գործառույթների վերանայման դեպքում՝ կոռուպցիայի դեմ պայքարում հնարավոր է հաջողություն ակնկալել։ Նա հայտնեց, որ ՀՅԴ խմբակցությունն արդեն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել հակակոռուպցիոն պայքարի ծրագրի նախագիծ, որն ուսումնասիրվում է քաղաքական ուժերի կողմից։ Ասուլիսում տեղեկացանք, որ Դաշնակցությունը մտադիր է մեծացնել իր նախարարների հաշվետվությունների հաճախականությունը. բացի ընդունված տարեկանից՝ լինելու են նաեւ պարբերական հաշվետվություններ: Ի դեպ, ուշադրություն հրավիրեցինք, որ կառավարման համակարգում որոշակի շրջափուլի ականատեսն ենք՝ արարատցի 3 նախարարների փոխարինել են դաշնակցական 3 նախարարները: Սակայն Լեւոն Մկրտչյանը հակված չէր այս իրողության մեջ որեւէ խորհրդանշական բան տեսնել եւ տեղեկացրեց, որ կառավարությունում այլեւս չեն նաեւ սասունցի նախարարները՝ ինքն ու Ռոլանդ Շառոյանը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել