Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻ ԿՌԻՎ

Հունիս 21,2003 00:00

ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻ ԿՌԻՎ Երեկ հրավիրած մամլո ասուլիսում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դարձյալ անդրադարձավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կենսագրությանը՝ նրան անվանելով ՊԱԿ-ի շարքային գործակալ: Նա նշեց, որ «գործակալի գործակալը ամենաահավորն է. նա բութ ուղեղ է, որովհետեւ, բացի իրեն տված հանձնարարություններից ինֆորմացիա չունի, ոչինչ չգիտի»: Իսկ հետո անցավ վարչապետի կուսակցությանը՝ այն բնութագրելով «ողորմելի», քանի որ «յուրացրել» է ԱՄԿ-ն ու ԱԻՄ պատմությունը. «Պատկերացրեք, ժողովուրդ, սա մեր երեխաներին մատուցվող պատմությունն է, որը խեղաթյուրվում է արդեն այսօր:… Երբ բոլորը գոռում էին Լենին, Պարտիա, Գորբաչյով` այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը, այն ժամանակ միայն ԱԻՄ-ն էր ասում, որ միայն անկախությունը կլուծի Արցախի խնդիրը: Ինչո՞ւ դա չի ներկայացվում»,- ասուլիսում վրդովված հայտարարեց Հայրիկյանը՝ նկատի ունենալով այն, որ 9-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքերում մի տող անգամ գոյություն չունի ԱԻՄ-ի ու Հայրիկյանի նվաճումների մասին: Քանի որ Անդրանիկ Մարգարյանի անցյալի մասին մեղադրանքները Հայրիկյանի շուրթերից հնչում են պարբերաբար եւ զարմանալի համառությամբ, «Առավոտը» որոշեց դիմել նաեւ հակառակ կողմին։ Վարչապետի զինակիցները վրդովված դիմեցին խմբագրություն եւ ասացին մասնավորապես հետեւյալը. «Զարմանում եմ, թե մարդը ինչքան փոքրոգի պիտի լինի, ինչքան թշնամի պիտի լինի, որ համառությամբ, լկտի ձեւով շարունակական կեղծ մեղադրանքներ հնչեցնի հանրապետականի եւ Անդրանիկ Մարգարյանի հասցեին։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ (որքան էլ դժվար է ինձ համար դա ընդունել), որ Պարույր Հայրիկյանը օտար ծառայությունների պատվերն է կատարում»,- ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանը։ Իսկ վարչապետի օգնական, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը իր հերթին ավելացրեց. «Լուրեր են պտտվում, թե Հայրիկյանը կատարում է արտաքին ուժերի պատվերը, բայց ես չեմ բացառում նաեւ, որ պատվերը հին ՊԱԿ-ի կողմից է, որի որոշ կառույցներ մինչեւ այսօր էլ ուժեղ լծակներ ունեն եւ չեմ բացառում, որ Պարույր Հայրիկյանը նրանց ջրաղացին ջուր է լցնում»։ Ռազմիկ Զոհրաբյանը վստահեցրեց. «Եթե մեկ վայրկյան անգամ կասկածեի, որ Անդրանիկ Մարգարյանը ՊԱԿ-ի կամակատար է, ես նրա կողքին երբեք չէի կանգնի»։ Վազգեն Կարախանյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտի» հաջորդ համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել