Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք գնդապետը գոհ է

Հունիս 21,2003 00:00

Թուրք գնդապետը գոհ է 1999 թվական։ Հայաստանի ներկայիս տարածքի վրա ձեւավորված երկու պետությունների՝ Լեռնակերտի եւ Սարաստանի միջեւ կատաղի սահմանամերձ բախումներ են տեղի ունենում։ Պատճառը տեղանքում առկա բնական պաշարներով պայմանավորված վեճն է։ Վտանգված է սահմանամերձ գյուղերի եւ քաղաքների բնականոն կյանքը։ Հումանիտար աղետն անխուսափելի է թվում։ Զինված հակամարտության հետեւանքով սպանվել է 15.000 մարդ, մոտ 25.000-ը տեղահան է եղել։ Իրավիճակն աստիճանաբար անվերահսկելի է դառնում։ Եվ ահա, ՆԱՏՕ-ի միջնորդությամբ ՄԱԿ-ն ընդունում է թիվ 6020 բանաձեւը, որի հիման վրա ալյանսի խաղաղարար կոնտինգենտը մուտք է գործում տարածշրջան։ Շտապենք հանգստացնել։ Սա մտացածին սցենար է, որն ընկած է այս օրերին Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք2003» զորավարժությունների հիմքում։ Երեկ տեղի ունեցավ զորավարժությունների երկու համանախագահների մամուլի ասուլիսը, որոնցից մեկն, ի դեպ, Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչ, ՆԱՏՕ-ի Հարավային զորքերի Միացյալ հրամանատարությունում զորավարժությունների եւ ուսուցման բաժնի պետ, գնդապետ Ահմեդ Մեթին Քաբաքն է։ «Ազգությունը ոչ մի առնչություն չունի զորավարժությունների հետ», մասնավորապես նշեց մյուս համանախագահ, ՀՀ պաշտպանության փոխնախարարի օգնական, գնդապետ Մուրադ Իսախանյանը։ «Միանգամայն բնական է, որ թուրք զինծառայողները մասնակցում են Հայաստանում առաջին անգամ անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին»,- իր հերթին հավելեց թուրք գնդապետը։ Հարցին, թե նկարագրված սցենարը խիստ արդիական է թվում Հայաստանի պարագայում, Քաբաքը պատասխանեց, թե այն պայմանական է եւ իրականության հետ ոչ մի կապ չունի։ Ահմեդ Քաբաքը բարձր գնահատեց հայ զինվորականների պատրաստվածությունը։ Վերջինս նշեց նաեւ, թե Հայաստանի ներկայացուցիչների հետ թուրք զինծառայողներն ակտիվորեն աշխատել են զորավարժությունների պլանավորման փուլում։ Գնդապետ Մուրադ Իսախանյանը հաստատեց, որ «հայ եւ թուրք սպաների միջեւ շփումների մակարդակը շատ բարձր է»։ Այսպիսով, բոլորիս աչքի առջեւ տեղի է ունենում այն, ինչն ընդամենը մի քանի տարի առաջ հանգիստ կարող էր դասվել քաղաքական ֆանտաստիկայի ոլորտը։ Փաստն այն է, որ անկախ զորավարժությունների ֆորմատից, միեւնույն՝ թեկուզեւ պայմանական վտանգի առջեւ համատեղ կերպով հանդես են գալիս հայ եւ թուրք զինծառայողները, եւ այն էլ՝ գործողությունները համադրողի ղեկավար կարգավիճակներով։ Դրակա՞ն է արդյոք երեւույթը. անկասկած, քանզի, անկախ երկու երկրների միջեւ եղած հակասություններից, անհրաժեշտ է գիտակցել, որ աշխարհը եւ, մասնավորաբար, մեր տարածաշրջանն այսօր կանգնած են առավել համընդգրկուն սպառնալիքների առջեւ, որոնց պետությունները չեն կարող դիմագրավել միայնակ կերպով։ Ի դեպ, ըստ Մուրադ Իսախանյանի, Հայաստանն անպայման մասնակցելու է ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք- 2004»՝ հաջորդ տարի Ադրբեջանում կայանալիք զորավարժություններին, եթե ՆԱՏՕ-ի կողմից համապատասխան հրավեր ստանա։ Նշենք, որ նման հրավեր այս տարի ստացել էր նաեւ Ադրբեջանը, սակայն հրաժարվել էր սեփական զինստորաբաժանում Հայաստան ուղարկելուց։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել