Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիան կկառավարի 4 տարի

Հունիս 21,2003 00:00

Կոալիցիան կկառավարի 4 տարի Պնդում է ՀՀ նախագահը Քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ իր գնահատականները նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց երեկ, ավտոդողերի գործարանում։ Նրա կարծիքով, այսօրվա եւ 1999-ի ընտրություններից հետո կնքված քաղաքական համաձայնությունների ստեղծված իրավիճակների համեմատությունը հօգուտ այսօրվա է, որովհետեւ «այն ժամանակ մենք ունեցել ենք դաշինք, ավելի շուտ երկու անձի (Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի- Ա. Ու.) միջեւ, որոնք այո, հեղինակություն են վայելել, որոնք հզոր անձինք էին, բայց, այնուամենայնիվ, դաշինքը եղել է անձերի միջեւ։ Այսօր կայացել է կոալիցիա քաղաքական միավորների (ՀՅԴ, «ՕԵ», ՀՀԿ) միջեւ, ինչը, համոզված եմ, նշանակում է ավելի երկարատեւ համագործակցություն»։ Նաեւ «այն ժամանակ (1999-ին) չենք ունեցել դինամիկան տնտեսության զարգացման առումով։ 1999 թ. առաջին կիսամյակում լուրջ տնտեսական աճ չենք ունեցել եւ բիզնեսի սպասելիքները մի քիչ այլ էին»։ Հիմա «այս գործընթացի (քաղաքական համաձայնության.- Ա. Ու.) հետ զուգընթաց մենք ունենք նաեւ լուրջ տնտեսական ցուցանիշներ»,- վերլուծեց նախագահը։ Որոշ տերմիններ, կոալիցիոն համաձայնության արդյունքում ստացված կառավարության կազմին ծանոթանալուց հետո, ինչպես նախագահ Քոչարյանը նկատեց. «մենք չպետք է քաղաքականության մեջ օգտագործենք»։ Այդպիսի տերմիններից է «մաթեմատիկայի գծով մշակույթի նախարարը»։ Նախագահի կարծիքով, անձնավորված հարաբերություններ այստեղ չեն կարող լինել։ Պետք է գնահատենք, թե հետեւյալ բանաձեւով կառավարությունն ի վիճակի՞ է աշխատել, արդյունավետ կլինի՞, թե՞ ոչ»։ Իսկ ծրագիրն՝ «իրատեսական է, եւ նախորդ 3 տարիները ցույց են տալիս, որ կարելի է նման բավական բարձր պլանկա դնել որպես նպատակ եւ հասնել դրան»։ Խորհրդարանական ընդդիմության բոյկոտին չնայած իշխանություններն, ըստ նախագահի, քաղաքական չափազանց բարձր կուլտուրա են հակադրում։ Բայց ակնհայտորեն, բոյկոտն անհանգստացնում է իշխանություններին։ Իսկ ԱԺ գալու, աշխատելու կառուցողական առաջարկը չընդունվեց «Արդարության» եւ «ԱՄ»-ի կողմից։ Ավելին, նրանք հանդես եկան հետագայում նախագահին անվստահություն հայտնելու մտադրությամբ։ Բայց Ռոբերտ Քոչարյանը հավաստիացնում է. «չեմ կարծում ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ։ Բայց ժողովուրդը քվեներ է տվել պատգամավորներին՝ ԱԺ աշխատանքներին մասնակցելու համար»։ Կոալիցիա կազմելու վերաբերյալ փաստաթուղթը, ըստ նախագահի, չի կարող հակասահմանադրական լինել այն պարզ պատճառով, որ «Սահմանադրությունն իրավական փաստաթուղթ է, իսկ համաձայնագիրը՝ քաղաքական»։ Նա իհարկե հավատում է «գործընթացի հաջողությանը, որը նաեւ իմ հաջողությունն է լինելու»։ Իսկ «հիշո՞ւմ եք, ասում էին 3 ամսվա կառավարություն է (Անդրանիկ Մարգարյանինը)։ Դո՛ւք բոլորդ։ Երեք տարվա եղավ։ Հիմա էլ 4 տարվա է լինելու»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել