Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԵՎ ՀՅԴ ԲԱՆԱՎԵՃԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՇՈՒՐՋ

Հունիս 21,2003 00:00

ՀՀԿ ԵՎ ՀՅԴ ԲԱՆԱՎԵՃԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՇՈՒՐՋ Գործընկերներիցս մեկը կոռուպցիայի դեմ պայքարի խիստ արդյունավետ միջոց էր առաջարկել՝ թող իշխանությունը բաժանվի երկու խմբի ու սկսեն կռվել իրար հետ. ցանկացած ելքի պարագայում կոռուպցիան կստանա լո՛ւրջ հարված: Մինչդեռ Դաշնակցությունն ընտրություններից հետո անընդհատ խոսում է հակակոռուպցիոն հատուկ գործակալություն ստեղծելու մասին: Հանրապետականներն էլ չցանկացան այդ առաջարկը ներառել կառավարության ծրագրում, քանի որ՝ ինչպես ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը բացահայտեց. «Ինչքան շատ են այդպիսի մարմինները՝ այնքան մեծանում են կոռուպցիայի հնարավորությունները»: Խնդրեցինք փաստարկել իր այս պնդումը. «Սա ո՛չ տնտեսական հիմնավորում է, ո՛չ էլ քաղաքական: Ուղղակի փորձն է ցույց տվել, որ ինչքան շատ պետական մարմիններ ենք ավելացնում՝ այնքան բարդանում է մեր վիճակը: Մենք հիմա հակառակն ենք անում՝ քչացնում ենք պետության հետ ձեռներեցի շփումները: Առաջ մի 100 տեղից էին ստանում թղթեր, իսկ անցած 2 տարում կարողացանք այնպես անել, որ մի տեղից ստանան ու մի տեղ էլ տան: Համաշխարհային բանկը եւ Միջազգային արժույթային հիմնադրամն ուսումնասիրել եւ համոզվել են, որ բազմակի կրճատվել են ձեռներեցների բողոքները»: Վկայակոչեց այդ կառույցների՝ նաեւ Եվրոպական ու Ասիական բանկերի տվյալները, ըստ որոնց՝ Արեւելյան Եվրոպայի երկրներում միայն Հայաստանը եւ Չեխիան ցածր ցուցանիշներ ունեն հետեւյալ «նվաճումների» գծով. «Կաշառային հարկ՝ այսինքն այն գումարը, որով տնտեսվարողը հարցեր է լուծում, եւ կաշառային ժամանակ՝ այն ժամանակը, որ տնտեսվարողը ծախսում է հարցեր լուծելու համար»: Հարցական է, թե ինչ գործառույթներ պիտի ունենար դաշնակցականների առաջարկով ստեղծվելիք մարմինը՝ արդյոք նաեւ հետաքննությո՞ւն իրականացնելու հնարավորություն: «Այ, այդպիսի շա՜տ խնդիրներ կան,- համաձայնեց պրն Խաչատրյանը:- Սահմանադրական կարգից ենք խոսում: Իսկ Սահմանադրությամբ հստակ սահմանված է, որ ունենք կառավարության կազմից դուրս գտնվող դատարաններ ու դատախազություն, կամ ոստիկանություն եւ անվտանգության մարմիններ, որոնք բոլորն էլ, ըստ իրենց գործառույթների, պիտի լուծեն այս խնդիրները: Հիմա ասում են, թե այդ 4 մարմինները լավը չեն, ա՜յ, որ մի հատ էլ լիներ…»: Մեր դիտարկմանը, թե իր նշած բոլոր մարմիններն էլ խիստ կոռումպացված են՝ նախարարն այսպես արձագանքեց. «Իսկ այդ մարմինը լա՞վն է լինելու: Եթե արդեն գոյություն ունեցող մարմիններին չեք վստահում, այլ խնդիր է, որ դրանք պիտի փոխվեն: Կարող են նաեւ գործող մարմիններում վերահսկման ինչ-որ նոր մեխանիզմներ ստեղծել, սահմանել նոր գործառույթներ եւ խնդիրը կարգավորել Սահմանադրության, կառավարության ունեցած իրավասությունների շրջանակում: Թեեւ կարող են, իհարկե, դատախազության անունն էլ փոխել ու վրան գրել «հակակոռուպցիոն մարմին»: Վարդան Խաչատրյանը նաեւ պնդեց, թե շատ քիչ երկրներում կան նման մարմիններ, ընդ որում՝ դրանք այնպիսի պետություններ են, որոնց մասին խոսել էլ չարժե: Այսուհանդերձ, հակակոռուպցիոն «ինստիտուցիոնալ մեխանիզմների» վերաբերյալ առաջարկը մերժվելուց հետո՝ ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարեցին, թե այդ հարցը մնում է իրենց օրակարգում: Գուցե փորձեն այդ հակակոռուպցիոն մարմինը ստեղծելո՞ւ այլ ձեւ գտնել: «Երեւի հնարավոր չէ այլ ճանապարհ գտնել: Թեեւ, վերջիվերջո, ուժային մարմինների համակարգողը հանրապետության նախագահն է,- ասաց Վարդան Խաչատրյանը: – Համենայն դեպս՝ ա՛յս պահին իմաստ չունի ստեղծել այդ մարմինը: Երբ մենք կարողանանք լուծել ինստիտուցիոնալ շատ հարցեր եւ ամեն մարմին հստակ կատարի իր գործառույթները, իսկ չկատարելու դեպքում՝ լինեն պատասխանատվության մեխանիզմները, դրանից հետո կարելի է եւ ստեղծել ցանկացած մարմին: Բայց այս պահին դեռ ԽՍՀՄ որոշ օրենքներ են գործում, շատ հարցեր հստակեցված չեն, ուստի նման մարմին ստեղծելը համարում ենք ոչ նպատակահարմար»: Իսկ ընդհանրապես՝ նպատակահարմա՞ր է, որ պետական որեւէ մարմին ձեւավորի այդ գերատեսչությունը, քանի որ կոռուպցիան հենց պետական պաշտոնյաների շահագրգիռ միավորումն է տնտեսվարողների հետ: «Ճիշտ եք,- համաձայնեց պրն Խաչատրյանը:- Դրա համար էլ կառավարությունը չպիտի ձեւավորի նման մարմին: Մենք ծրագիր ենք մշակում (դե, մեկը պիտի՞ գրի), որ քննարկում ենք դոնորների եւ հասարակության հետ: Իսկ ծրագրի իրականացման պարագայում կողմնակից եմ, որ կառավարությունից դուրս՝ լինի հասարակական խորհուրդ, որում կընդգրկվեն հայտնի մարդիկ, լրագրողներ եւ նրանք հետեւեն, թե ինչպես է իրականացվում ծրագիրը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել