Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ Է՞Լ ՊԱՏՎԵՐ ԿԿԱՏԱՐԻ

Հունիս 21,2003 00:00

ՍԴ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ Է՞Լ ՊԱՏՎԵՐ ԿԿԱՏԱՐԻ ՍԴ-ն երեկ շարունակեց ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների դիմում-բողոքների քննությունը: Հերթը թիվ 3 ընտրատարածքում առաջադրված Ղուկաս Ուլիխանյանի ներկայացրած դիմումինն էր: Նիստի ընթացքում Գագիկ Հարությունյանը խոստովանեց, որ այս ընտրատարածքում տեղի ունեցած օրինախախտումներն իրենց բնույթով աննախադեպ են: Իսկ դատական նիստը, ԸԸՀ նախագահի եւ իրավաբանի շնորհիվ, որը «ընտրված» պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հորեղբոր որդին էր, վերածվել էր շուի: Դիմող կողմի 188 էջանոց բողոքում առկա էին բոլոր ընտրախախտումների վերաբերյալ արձանագրությունները, ինչը նույնպես աննախադեպ էր մինչ օրս ներկայացված դիմում-բողոքներից: Ղ. Ուլիխանյանի ներկայացուցիչն իր ելույթում նշեց, որ նախընտրական քարոզչության փուլում թիվ 3 ընտրատարածքում որոշ թեկնածուների նախընտրական շտաբեր տեղակայված են եղել ընտրական տեղամասերում: Այս ընտրատարածքի մի շարք ընտրատեղամասերում քվեաթերթիկներ ստացվել են կամ նախատեսվածից ավելի շատ, կամ մի քանիսով պակաս/թիվ 0046/03, 0050/03, 0066/03, 0068/03 եւ այլն/, որոնց վերաբերյալ արձանագրությունում անճշտությունների թիվը լրացված չէ: Դա առավել ցայտուն երեւում է 0065/03 տեղամասում. ըստ ամփոփիչ արձանագրության, այս տեղամասում 1861 ընտրողի համար ստացվել է 5888 քվեաթերթիկ՝ նախատեսվածից 3933-ով ավելի, որից ընտրողները ստորագրությամբ ստացվել է 866 քվեաթերթիկ, մարվել է 3303-ը, 1719 քվեաթերթիկ անհետացել է, իսկ արձանագրությունում անճշտությունների թիվ լրացված չէ: Իսկ 0053/03 տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման փուլում քվեատուփում հայտնաբերվել են չկնքված ավելի քան 100 քվեաթերթիկներ, որոնք, ըստ վստահված անձերի դիմում-բողոքների, անվավեր են ճանաչվել, սակայն դրանց մասին ամփոփիչ արձանագրություններ նույնպես արտահայտված չեն: Բացի այդ, ըստ դիմող կողմի փաստարկների, քվեարկության արդյունքների ամփոփումը կատարվել է ոստիկանների ներկայությամբ/ԸՕ-ով արգելված է: Լ. Ս./, ինչը չհերքեց նաեւ ԸԸՀ նախագահը: Բացի այդ, դիմումատուն ներկայացրեց այն արձանագրությունները, որտեղ նշված է, թե նախագահը քվեաթերթիկների վավեր-անվավեր ճանաչելու հարցը լուծել է միանձնյա՝ առանց քվեարկության ներկայացնելու, իսկ ընտրական փաստաթղթերը (քվեաթերթիկների փաթեթները) չեն զմրսվել: Դիմումատուն նաեւ նշեց, որ 0064/03 տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման փուլում տեղամաս են ներխուժել թեկնածու Ռ. Պետրոսյանի կողմնակիցները եւ խանգարել են նիստը: Բացի այս, նույն թեկնածուի կողմնակիցները ծեծի են ենթարկել 0068/03 հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Դոլայանին, եւ՝ 0052/03-ում մյուս թեկնածու Արմեն Ասլանյանի վստահված անձին: 0055/03 հանձնաժողովի անդամ Ն. Միքաելյանի մոտից հայտնաբերվել է Հայաստանից բացակայող քաղաքացիների տվյալներ, որը հանձնված է Ավան-Նոր Նորքի դատախազությանը: Ամենաուշագրավ փաստն այն էր, որ քվեարկության արդյունքների ամփոփման փուլում 0050/03, 0052/03, 0055/03, 0059/03, 0060/03, 0065/03, 0068/03, 0070/03 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները չեն ամփոփվել: Իսկ 0046/03, 0047/03, 0051/03, 0054/03, 0056/03, 0057/03, 0062/03 0063/03, 0064/03 ընտրական տեղամասերից ընտրական փաստաթղթերով պարկերը բերվել են բաց վիճակում՝ զմրսված չեն եղել, ինչի կապակցությամբ ԸԸՀ նախագահ Ֆրունզե Վարդանյանը դատարանում հայտարարեց, թե ՏԸՀ աշխատակիցները շատ հոգնած են եղել եւ ամփոփիչ արձանագրություններն իրենց փոխարեն արդեն ԸԸՀ-ում կատարել է ԸԸՀ ԱԺՄ անդամ Տիգրան Սահակյանը: Այս մեկնաբանությունը զարմացրեց Գ. Հարությունյանին, եւ նա ԸԸՀ նախագահից հետաքրքրվեց, թե նման օգնականներ իրենք շատ ունե՞ն: Այս ընտրատարածքի ԸԸՀ նախագահը ընտրությունների օրը՝ չկարողանալով դադարեցնել ընտրախախտումները՝ որոշում է կայացրել դադարեցնել իր լիազորությունները՝ արձանագրելով, որ անհրաժեշտ է այդ ընտրատարածքում ընտրություններն անվավեր ճանաչել: Սակայն 7 ժամ անց նա մեկ այլ դիմումով վերականգնել է իր լրազորությունները: ՍԴ-ն՝ լսելով կողմների փաստարկները, որոշում կայացրեց ԸԸՀ-ից պահանջել գործավարական մատյանը, կազմված արձանագրություններն ու այն տեղեկանքները, որոնց վերաբերյալ ԸԸՀ-ն ստուգումներ է անցկացրել: Դատական նիստը կշարունակվի հունիսի 28-ին: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել