Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆԱՆՈՒՆ ԾԱՌԱՀԱՏՈՂՆԵՐ

Հունիս 20,2003 00:00

ԱՆԱՆՈՒՆ ԾԱՌԱՀԱՏՈՂՆԵՐ Երբ լուսանկարում էինք նոր կտրված այս ծառը, բանվորներն արագ հեռացան տեսադաշտից։ Կոմիտասի շուկայի դիմացի պուրակում կատարված հերթական ծառաջարդի մասին մեզ տեղեկացրեց սրտացավ մի քաղաքացի։ «Երեկ ու նախորդ օրը տեսանք, թե ինչպես են այստեղ ծառ կտրում, տեսանք, թե ոնց է հսկայական ծառը շուռ գալիս»,- պատմեցին այգու մշտական այցելու պապիկները։ Փողոցի կողմից կապույտ կտորով շրջափակված տարածքում մեկ կոճղ կար, երկու «գլխատված» ծառ, մեկն էլ սպասում էր իր հերթին։ Նույն քաղաքացու ահազանգով տարածք էր եկել Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Հրայր Անտոնյանն իր աշխատակազմով։ Մի քանի քայլ այն կողմ գտնվող իր աշխատավայրից նա լսել էր էլեկտրական սղոցի ձայնը, բայց «մտածում էի, որ սանհատում են անում»։ Պուրակը մի մեծ ծառից զրկելուց հետո թաղապետարանի ներկայացուցիչը խիստ կարգադրեց «շինարարությունը սկսել միայն վնասը փոխհատուցելուց հետո»։ Կոմունալ բաժնի պետի պատկերացմամբ, փոխհատուցումը կլինի այն, որ «սրա տեղը 5 հատ ծառ տնկեն-աճեցնեն, նոր շինարարությունն սկսեն»։ Թաղապետարանի ներկայացուցիչը տեղյակ էր, որ կառուցող կազմակերպությունն ունի շինարարության համար թույլտվություն, բայց տեղյակ չէր, թե ինչ անուն ունի այդ կազմակերպությունը։ Նրա հավաստմամբ, «նման դեպք մեր համայնքում չի եղել»։ Կոմունալ բաժնի պետի զայրույթն այնքան մեծ էր, որ խոստացավ փոխհատուցումը ստանալուց հետո էլ գործը մտցնել դատարան։ Ահազանգը ստանալու ժամանակ աշխատանքային օրն ավարտվում էր, եւ հնարավոր չեղավ պարզել թե՛ կառուցող կազմակերպության անունը, թե՛ կանաչ գոտու համար պատասխանատուների վերաբերմունքը կատարվածի մասին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել