Լրահոս
Օրվա լրահոսը

MESA CULPA

Հունիս 20,2003 00:00

MESA CULPA Մեր մեղքն այն է, որ բոլորս սպասում ենք, թե երբ է երկիրը կարգի գալու Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ է դարձել, որ նրանք չլուծեցին հայաստանյան հասարակության մեջ կուտակված հիմնահարցերը եւ հակասությունները: Այս առումով նրանք որեւէ հետաքրքրություն չէին ներկայացնում: Ձեւավորված խորհրդարանն էլ քիչ հետաքրքիր է: Հասարակությունն ընկել է հերթական ապատիայի մեջ, որը շարունակվելու է այնքան, քանի դեռ ինքը չի սկսել ձեւավորել պետություն, լինել վճռորոշ ազդեցություն ունեցող ուժային կառույցը երկրում: Իսկ առայժմ տեսնում ենք հոգեմաշություն, հոգնածություն: Մեր ընտրողների ուղեղը հոգեմաշ է եղել այս տարիների եւ հատկապես վերջին տարվա մեջ: Հոգնել են բոլորը, անգամ ինքը՝ իշխանությունը: Բոլորի սիրտը, կներեք, խառնում է: Իսկ դա շատ վտանգավոր վիճակ է: Որովհետեւ կա դիմացկունության սահմանագիծ: Հենց «աչքերում կրակի», զգացական բաղադրիչի պակասն էր զգացվում վերջին ընտրություններում: Ընտրողներին ոչինչ չէր հետաքրքրում, ոչինչ չէր հուզում: Եվ ոչինչ նրանց այս ընտրությունների չէր կանչում: Միակ բանը, ինչն այսօր ամեն հայ անում է՝ սպասում է: Այստեղ է mesa culpa-ն, «մեր մեղքը», որ բոլորովս սպասում ենք, թե ինչ է լինելու կես տարի, մեկ տարի կամ հինգ տարի հետո: Մինչդեռ ինքն իրեն երկիրը կարգի չի բերվի, անգամ եթե գա այն կարգի բերողը (ոչ թե «փրկիչը»): Վերջին ընտրությունները թույլ են տալիս նաեւ արձանագրել մի երեւույթ. մայիսի 25-ին վերջնակետ դրվեց բազմաթիվ քաղաքական գործիչների կարիերային: Հասարակությունը իրականում հոգնել է հին քաղաքական գործիչներից, որոնք կոռումպացված են ոչ միայն նյութական առումով, այլ նաեւ հոգեպես եւ գաղափարապես, եւ կարոտ է նորերին, բայց այնպիսի նորերին, որոնք ունեն «մեսիջ»՝ այդ հասարակությանն ուղղելու, հանուն որի արժեր գնալ ընտրությունների եւ պայքարել: Գուցե կա հասարակության մեջ ինչ-որ մի զանգված, որն ուզում է կայունություն, որն ուզում է պահպանել ներկա վիճակը եւ քիչ-քիչ առաջ գնալ: Բայց այսօրվա վիճակը ոչ թե կայունության է նման, այլ՝ լճացման: Լճացման, որն ավարտվում է պետական կամ ռազմաքաղաքական աղետով, ինչպես մենք տեսանք 1989-1991թթ. Աֆղանստանի պատերազմի, կոմունիստական համակարգի եւ ճամբարի եւ ԽՍՀՄ-ի փլուզման դեպքերում: Սակայն լճացման մեջ կա նաեւ դրական պահ: Այն թույլ է տալիս հասարակության ներսում հասունանալ, խմորվել եւ կազմակերպվել ուժերին, որոնք, մեր պարագայում, փոփոխություններ են ցանկանում, որոնք ուզում են զարգացում, ուզում են լուծված տեսնել Ղարաբաղի պրոբլեմը, ուզում են, որ տնտեսական աճից օգտվեն ոչ թե իշխանավորներն ու փողատերերը, այլ բոլոր սովորական մարդիկ, հասունանալ եւ կազմակերպվել, որպեսզի այն պահին, երբ «լճացման ուժերին» կասվի՝ «Ձեզ կշռեցին, հաշվեցին եւ գտան անպիտան», ստանձնեն երկրի ղեկն ու պատասխանատվությունը զարգացման համար: Ակնհայտ դարձավ նաեւ, որ ընդդիմությունը, որն այսօր մենք ունենք, չի կարող դառնալ լուրջ արմատական ուժ եւ սկսել լրջորեն պայքարել իշխանության համար: Խնդիրն այն է, որ թե՛ Ստեփան Դեմիրճյանը, թե՛ նրա հետ «Արդարություն» դաշինքի մեջ մտած մարդիկ պիտի գիտակցեն, որ իրենց քաղաքական պոտենցիալը շատ հեռու է իրենց իրական քաղաքական հավակնություններից, որ իրենք չդարձան փնտրվելիք այլընտրանքը: Նրանք պետք է պատրաստ լինեն իրենց տեղը զիջել կամ սատարել այն մարդկանց, որոնք իրական հայտ կներկայացնեն երկիրը կարգի բերելու եւ «Հոկտեմբերի 27»-ի ողբերգության հետեւանքներից մաքրելու համար, որն ունի բովանդակություն ունեցող «մեսիջ» Հայաստանի ժողովրդին: Այսինքն, խոսքը գնում է այնպիսի լիդերների մասին, որոնք էքզիստենցիալ ընտրություն են կատարել, ինչպես կատարում են այսօր աշխարհում ցանկացած քիչ թե շատ արժանի լիդերները, ինչպես Բուշը, Բլեերը, Պուտինը կամ Կվասնեւսկին: Լիդերների, որոնք որոշել են, թե ուր եւ ինչպես պետք է շարժվել, եւ ունեն «մեսիջ» (ուղերձ) հասարակությանը, որն այն կընկալի, կքննարկի եւ ինքնակամ կընդունի կամ կմերժի: Ես չեմ ասում, որ այսօր Հայաստանում նման մարդիկ կան կամ չկան, ես միայն հույս եմ հայտնում, որ նրանք կամ նրանցից մեկը Աստծո կամոք կհայտնվի պետության ղեկավարի պաշտոնում: Պարզ է, որ այն մթնոլորտում եւ դաշտում, որը տիրում էր Հայաստանում, ինքը՝ քվեարկությունը, ոչինչ փոխել չէր կարող, այն չդարձավ ընտրություն: Քանի դեռ մենք բոլորս չենք սկսել պարզ եւ բարձրաձայն խոսել, քաղաքականություն Հայաստանում չի լինելու: Ժամանակն է պոկել կեղծ պիտակները այսօրվա քաղաքական դերակատարներից, վերջ դնել «ազգասերների» եւ «ազատականների» մենաշնորհներին: Այսինքն, հարկավոր է մշակել եւ կյանքի կոչել գալիք քաղաքական շրջանի օրակարգը: Մեզ սպասում է բանավեճ Հայաստանի զարգացման ուղիների մասին, ինչից մենք փորձում էինք խուսափել վերջին վեց տարիներին: Թե որոնք են մեր երկրի հեռանկարները եւ ինչ կառավարման է այն արժանի: Ցանկացած պատասխանն այս հարցին կփոխի այսօրվա պատկերացումները քաղաքական դաշտի եւ ուժերի հարաբերակցության մասին: Վասիլ Բիկովը, հռչակավոր բելառուս գրողը, որն այժմ լքել է իր հայրենիքը՝ կապված Լուկաշենկոյի վարչակարգի կողմից հաստատված մթնոլորտի հետ, եւ որը հույսը չի կորցնում տեսնել ազատ եւ ժողովրդավարական Բելառուսը, իր վեպերից մեկում գրում էր դիմադրության վճռորոշ դերի մասին: Այնտեղ կար մի հերոս, որը քիչ համակրելի էր եւ կոպիտ, բայց որը չի հանձնվում, որը հրաժարվում է հարմարվել առկա իրավիճակին, եւ նրա ազդեցության տակ մյուս բոլոր մնացած մարդիկ սկսում են իրենց մարդկային դեմքը հետ բերել: Սկզբից պետք է մարդուն վերականգնենք, երկիրն արդեն ինքնըստինքյան կվերականգնվի: ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել