Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բարի տնօրենի» հույսին

Հունիս 20,2003 00:00

«Բարի տնօրենի» հույսին Մեյմարյանների ընտանիքն ապրում է թիվ 12 գիշերօթիկ դպրոցում, բայց ցանկացած պահի կարող է փողոց հանվել: «Առավոտն» անդրադարձել էր (23.04.2003) Կալմիկիայից Հայաստան տեղափոխված Մեյմարյանների ընտանիք, որն ամիսներ շարունակ ապրում էր փողոցում: Վերջերս նրանց տեղավորել են թիվ 12 գիշերօթիկ դպրոցի մասնաշենքում: Այս մասին նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆ. Ցոլակյանին եւ ընտանիքին անվճար իրավաբանական ծառայություն մատուցող «Սրետենկա-կոնսուլ» ռուս-հայկական իրավաբանական գործակալության գլխավոր տնօրեն Ա. Զոհրաբյանին գրավոր հայտնել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ Ռուբեն Սինոյանը։ Նոր բնակավայրում սանիտարահիգիենիկ պայմաններ գրեթե չկան, բայց դրանք, ինչ խոսք, փողոցից լավն են։ Թաղապետն իր գրությամբ հավաստիացնում է. «Մեյմարյանների ընտանիքին օգնելու նպատակով թաղապետարանի կողմից լուծվել են ընտանիքի անհրաժեշտ բուժզննման եւ սպասարկման, սննդի՝ նրանց ընդգրկելով ամենօրյա բարեգործական ճաշարանում, եւ ժամանակավոր բնակավայրի հարցերը»։ Տեղում, սակայն, պարզեցինք, որ Մեյմարյաններին հուսալի ձեռքերի չեն «պահ տվել»։ Թիվ 12 գիշերօթիկ դպրոցի տնօրեն Սամվել Մկրտչյանը ոչ միայն իր զայրույթը արտահայտեց «հյուրերի» առնչությամբ, այլեւ պաշտոնապես հայտնեց (ոչ միայն «Առավոտի» ներկայությամբ), որ «այս ընտանիքին ցանկացած պահի կարող եմ փողոց հանել», բայց դա կանի «մի երկու ամսից, երբ դպրոցում սկսվեն դասերը»։ Հետո սակայն բացատրեց, որ ոչ մեկն իր ծանոթներից չի հավատում, որ ինքը նման քայլի կդիմի, քանի որ շատ բարի է։ Պրն Մկրտչյանի բարեհոգության մասին պատկերացում տալիս է նրա պահվածքը. դպրոցի տնօրենը Մեյմարյաններին հատկացված սենյակ մտավ առանց դուռը ծեծելու։ Ավելին, նա ծխախոտով մտավ սենյակ, որտեղ երկու երեխա կա, երկուսն էլ հաշմանդամ։ Սամվել Մկրտչյանն ակնհայտորեն պատկերացում չունի բնակարանի անձեռնմխելիության մասին սահմանադրական դրույթի վերաբերյալ։ Բարեբախտաբար, Մեյմարյաններն այստեղ երկար չեն մնալու։ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Ռ. Սինոյանը հայտնեց, որ ընտանիքը շուտով մշտական բնակություն կհաստատի վերջերս կառավարության որոշմամբ համայնքին հանձնված Զեյթունի ուսանողական հանրակացարանի մի մասնաշենքում։ Նշենք, որ նախորդ հրապարակումից անմիջապես հետո ընտանիքի տատիկը՝ Եփրաքսի Ալեքսանյանը, ստացավ իր 1,5 տարվա կենսաթոշակը։ Այժմ ընտանիքի անդամները սնվում են ամենօրյա բարեգործական ճաշարանում։ Պարոն Սինոյանի հավաստմամբ, երեխաները բուժզննում են անցել եւ, հավանաբար, կլուծվի նաեւ բուժսպասարկման հարցը։ Թաղապետը նաեւ խոստացավ, որ ընտանիքի անդամներից մեկին կապահովի աշխատանքով, եթե առաջիկա ուրբաթ համենա ընդունելության։ «Առավոտը» կշարունակի հետեւել ընտանիքի ճակատագրին։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել