Ո՞ւՐ «ԿՉՎԻ» «ԾԻԾԵՌՆԱԿԸ» Սկզբից փախստականներին համոզում են ընդունել ՀՀ քաղաքացիություն, հետո որպես քաղաքացիներ դուրս են անում ժամանակավոր կացարաններից: Եթե Ամառանոցային 123 հասցեով հանրակացարանում բնակվող փախստականները չընդունեին ՀՀ քաղաքացիություն, նրանց նկատմամբ առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանները չէին կայացնի ժամանակավոր կացարանից վտարման վճիռ։ Փոխարենը դատարանը պարտավորեցրել է ՀՀ միգրացիայի եւ փախստականների վարչությանը լուծել նույն հանրակացարանում բնակվող, սակայն այդպես էլ ՀՀ անձնագիր չստացածներին բնակարանով ապահովելու հարցը։ Որ վարչության կանոնադրությամբ այդ կառույցին նման գործառույթ վերապահված չէ, արդարադատություն իրականացնողները երեւի չգիտեն։ Սակայն այստեղ կա նաեւ այլ հարց։ Մի քանի տարի է, ինչ հանրապետությունում սկզբում հատուկենտ, հետո նաեւ մասսայաբար, փախստականներն ընդունում են ՀՀ քաղաքացիություն։ Հաճախ նման արարողությունները տեղի են ունենում հանդիսավորությամբ՝ նրանց նորակառույց բնակարանների բացման ժամանակ։ Այդ արարողություններին ներկա ՀՀ պաշտոնյաները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստիացնում են, որ ՀՀ անձնագիր ստանալը փախստականին չի զրկում իր՝ փախստականի արտոնություններից եւ իրավունքներից եւ որ նա առաջվա նման «կվայելի» դրանք։ ՀՀ միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը գտնում է, որ վերոնշյալ վճիռները կարող են դառնալ նախադեպ եւ ՀՀ անձնագրից փախստականին հեռու վանելու լավագույն միջոցը։ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը նաեւ այս կապակցությամբ ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ կացարանը փախստականի մշտական բնակության վայրն է։ Այսօր փախստականների համաշխարհային օրն է, եւ պրն Եգանյանի կարծիքով, լավագույն առիթը՝ հասարակությանը նրանց խնդիրների մասին հիշեցնելու։ Ամբողջությամբ կամ մասամբ փախստականներով բնակեցված ժամանակավոր կացարանները 260-ն են եւ դրանց մի մասը սեփականաշնորհվել է։ Իսկ որ այդտեղ փախստականներ են բնակվում, պարզվել է միայն սեփականաշնորհումից հետո։ Փախստականներին վտարելու դեպքերից հետո, այժմ, կառավարության որոշմամբ, պետական գույքի կառավարման նախարարությունը հարցում է անում ՄՓ վարչությանը, որի ուսումնասիրությունների եւ եզրակացության հիման վրա էլ կառավարությունը որոշում է կամ ոչ, որ օբյեկտը սեփականաշնորհողը պետք է կամ փախստականի համար բնակարան գնի, կամ փոխհատուցի դրա արժեքը։ Իրականությունը սակայն այլ է։ Հիշենք արդեն սեփականաշնորհված «Ծիծեռնակ» հանգստյան տանը բնակվող փախստականների 7-8 ընտանիքներին, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած վտարման վճիռը վերաքննիչն անփոփոխ է թողել։ («Ծիծեռնակին» «Առավոտն» անդրադարձել է)։ Պրն Եգանյանը տեղեկացրեց, որ այս դեպքում պայմանագիր է եղել կնքված պետական գույքի կառավարման նախարարության եւ օբյեկտը սեփականաշնորհողի (նույն ինքը՝ հանգստյան տան տնօրենի) միջեւ, որով վերջինս պարտավորվում էր սեփականաշնորհումից հետո 2 տարի այնտեղ բնակվող փախստականներին չվտարել եւ ապահովել աշխատատեղով։ Ըստ պրն Եգանյանի, դրանք չեն կատարվել, թեեւ ամբողջ պայմանագիրը վարչության պետը որակեց «միակողմանի»՝ բացառապես սեփականաշնորհողի օգտին։ Ոչ միայն փախստականները, այլեւ Գ. Եգանյանն է համոզված, որ եթե «Ծիծեռնակի» եւ «Ամառանոցային 123»-ի հարցը մեր դատարաններում չլուծվի (իհարկե, հօգուտ փախստականների), բոլոր հիմքերը կան այն շահելու Եվրոդատարանում։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ