Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԴԵՄ

Հունիս 20,2003 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԴԵՄ Երեկ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի եւ հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, նաեւ «Եվրասիա» ու «Բաց Հասարակության աջակցության» հիմնադրամները, միջազգային ու տեղական լրագրողական կազմակերպությունները բաց նամակով դիմել են ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Նամակում հիշեցնում են, որ Հայաստանը 2002-ի ապրիլին վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, պարտավորվելով պահպանել խոսքի ազատությունը եւ մարդու հիմնարար այլ ազատությունները: Եվ դրանից ելնելով՝ նամակի հեղինակները մտահոգություն են հայտնում նոր «Քրեական օրենսգրքի» մի շարք դրույթների առնչությամբ, որոնք «մեր կարծիքով՝ լրջորեն սպառնում են Հայաստանում խոսքի ազատությանը»: Մասնավորապես՝ այդ օրենսգրքի 135 եւ 136 հոդվածները զրպարտությունը եւ վիրավորանքը որակում են իբրեւ քրեական հանցագործություններ, որոնք պատժվում են մինչեւ 3 տարի ազատազրկմամբ: 318 հոդվածով մինչեւ 2 տարի ազատազրկում է սահմանված ԶԼՄ-ներում իշխանության ներկայացուցչին հասցված վիրավորանքի համար: «Այսպիսով, «Քրեական օրենսգիրքը» երաշխավորում է ավելի մեծ պաշտպանվածություն պաշտոնատար անձանց, քան շարքային քաղաքացիների համար (որոնց հասցված վիրավորանքի պարագայում նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով),- նշում են բաց նամակի հեղինակները:- Հուսով ենք, որ Դուք կիսում եք մեր տեսակետը վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման անհրաժեշտության մասին, եւ, որ լուծումը պետք է գտնվի քաղաքացիական, այլ ոչ քրեական օրենսդրությունում: Կամ էլ, ծայրահեղ դեպքում՝ օրենսգիրքը չպետք է նախատեսի պատիժ ազատազրկման ձեւով»: Առաջարկելով փոփոխություններ անել օրենքում՝ տվյալ կազմակերպություններն ԱԺ-ի հետ այս հարցում համագործակցության պատրաստակամություն են հայտնում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել