Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտե՛մ, չե՛մ տեսել, չե՛մ լսել

Հունիս 20,2003 00:00

Չգիտե՛մ, չե՛մ տեսել, չե՛մ լսել Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ եւ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի եւ «Առավոտի» միջեւ տեղի ունեցավ հետեւյալ երկխոսությունը: -Պարոն Ռուստամյան, այդ ինչպե՞ս է ստացվում, որ անգամ Երեւանում բարեկամության մասին քրդական ֆիլմի ցուցադրմանն են խոչընդոտում դաշնակցականները, բայց բավական հանդուրժող եք, երբ Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում են նաեւ թուրք զինվորականները: – Ի՞նչ քրդական ֆիլմ: – Նկատի ունեմ «Մասնավոր հայացք» կինոփառատոնում տեղի ունեցածը: – Տեղյակ չեմ՝ ի՞նչ է եղել այնտեղ: – ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իր բողոքի ակցիայով տապալեց ֆիլմի ցուցադրությունը: Մինչդեռ զորավարժությունների բացման արարողության ժամանակ հնչեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ նաեւ Թուրքիայի հիմնը, եւ մամուլն արձանագրեց, որ այն հոտնկայս ունկնդրել են կառավարության նաեւ դաշնակցական նախարարները: Ինչպե՞ս եք մեկնաբանում սա: – Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Ընդհանրապես տեղյակ չեմ՝ ո՛չ այդ «Մասնավոր հայացքի», ո՛չ էլ, թե այդ ով է հոտնկայս ունկնդրել: – Քրդական ֆիլմի ցուցադրությունը խոչընդոտելուն Դուք տեղյա՞կ չէիք: – Ոչ: Ճիշտն ասած՝ նոր եմ լսում այդ մասին: Ի՞նչ են խոչընդոտել, ինչո՞ւ են խոչընդոտել: – Թերթերի մեկնաբանությունների՞ն էլ ծանոթ չեք՝ ասենք «Այբ-ֆե»-ն նշել էր, թե անհայտ է՝ ինչո՞ւ է թուրք 3 սպաների ներկայությունը հանդուրժելի, իսկ թուրքական ֆիլմի ցուցադրումը՝ ոչ. «Կարելի է կարծել, թե դարասկզբի Հայոց ցեղասպանությունը ոչ թե թուրքական բանակն է իրականացրել, այլ Թուրքիայի կինեմատոգրաֆիստների միությունը»: – Ի՞նչ 3 սպաներ: Ովքե՞ր են այդ 3 սպաները: – Նրանք մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժություններին: – ՆԱՏՕ-ն ի՞նչ կապ ունի թուրքական բանակի հետ: – Չգիտե՞ք, թե ինչ կապ ունի: – Չէ, բայց ՆԱՏՕ-ն ի՞նչ կապ ունի այդ կինոյի հետ՝ ա՛յդ չեմ հասկանում: … Նշենք, որ մեր զրույցը դեռ մի քիչ էլ շարունակվեց՝ նույնպիսի հարցուպատասխաններով: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել