ԱՐԱՏԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ Կոալիցիայի կադրային քաղաքականության սկզբունքների թերություններն ակնառու են անգամ կոալիցիային մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչների համար: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակված «Օրինաց երկրի» փոխնախագահ Թամար Պողոսյանի հարցազրույցն այս օրերին քաղաքական շրջանակներում ամենաշատ քննարկվողներից մեկն է: Պատգամավորներն ու լրագրողները զավեշտի պես են իրար վերապատմում, որ նոր նախարարն, ասենք, հայտարարել է, թե իր առաջին քայլը լինելու է ստացած շնորհավորական հեռագրերը վերլուծելը. «Այդ շնորհավորանքների մեջ արդեն համագործակցության եզրերն ընդգծվում են: Այ, սա ինձ համար աշխատանքի առաջին ոլորտն է»: Այսպիսով, նախարարը շարադրեց, թե ինչպես է պատկերացնում մշակութային քաղաքականության իրականացման, ոլորտի հիմնախնդիրների լուծման ուղիները՝ մենք էլ փորձեցինք պարզել, թե արձակագիր, թարգմանիչ եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանն ինչպե՞ս է գնահատում այդ ամենը: – Ծանոթացե՞լ եք մշակույթի նորանշանակ նախարարի հայտարարություններին: Ըստ այդմ՝ Ձեր կարծիքով, այդ պաշտոնի համար հաջո՞ղ ընտրություն է արվել: – Մինչեւ վերջ չկարողացա կարդալ նրա հարցազրույցը՝ կարդալու բան չէր: Բայց ավելի շատ՝ «կոալիցիա» կոչվող երեւույթի թերություններից կարող եմ խոսել, քան այդ կնոջ թերություններից: Կին է էլի իր համար. նշանակել են, ինքն էլ ակամա հայտնվել է այնտեղ: Սա ձեւավորված համակարգի՛ թերություններից է, թե այս կուսակցությանը տալիս ենք սա, ուրեմն՝ թող այն իր շարքերից ջոկի, թե ով է այնտեղ հարմար: – Սակայն կոալիցիայի հուշագրով նաեւ սահմանված է, թե կադրային նշանակումների ժամանակ կողմերը պետք է առաջնորդվեն արհեստավարժության ու քաղաքական փորձառության սկզբունքներով։ – Ամբողջ խնդիրն այն է, որ «կոալիցիա» ասված կազմակերպությունների կադրային բանկը՝ իմ տպավորությամբ, պիտի համալրված լիներ: Կամ եթե համալրված չէ՝ նրանք պետք է ստանձնեին գոնե այն ոլորտների պատասխանատվությունը, որին համապատասխան կադրեր ունեն: Մեզ մոտ ոչ մի անգամ այդ հարցերը կարգին չեն լուծվել: Ժամանակին Արմեն Դարբինյանն արհեստավարժների կառավարություն էր կազմում՝ այն ժամանակ դա «կոալիցիա» չէր կոչվում, բայց, ի վերջո, կոալիցիայի նման մի բան էր՝ նա ասում էր, թե ամեն կուսակցությունից մասնագետների է վերցնում, եւ իր համար չունի նշանակություն, թե ով է, ինչ է: Օրինակ՝ Արմեն Դարբինյանն ինձ հետ զրուցել է մշակույթի նախարարի պաշտոնի մասին, եւ ասում էր, թե ինձ գործուղել է Դաշնակցությունը: Այսինքն՝ ինձ դիտում էր միայն իբրեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ ամեն ինչ, բացի Ռուբեն Հովսեփյանից: Թե ես ով եմ՝ ինքը չգիտեր: Իր մոտ «դոսյե» չկար, որ կարդար ու տեսներ՝ այս մարդն արժանի՞ է, թե՞ արժանի չէ: Մերո՞նք էին մեղավոր, որ չէին տվել նման «դոսյե», թե՞ ինքը չէր ցանկացել… Հիմա գրեթե նույն բանը՝ էլի անկատար վիճակում, կատարվում է այստեղ: Ասում են՝ «Օրինաց երկիր», քեզ տալիս ենք այս-այս նախարարությունները: Շատ լավ, բայց «Օրինաց երկիրն» ունի՞ այդ կադրերը, թե՞ չունի: Ինքը դրա մասին չի մտածում, քանի որ արագ-արագ ցանկանում է մի պորտֆել վերցնել: Բայց այստեղ վերացել է քննելը կամ ուսումնասիրելը, որ վարչապետը կամ նախագահն ասեն՝ ա՜յ ընկեր, հասկացանք, քեզ տալիս ենք այդ պորտֆելը, բայց տվյալ անձը կարո՞ղ է, թե՞ չի կարող: – Կներեք, բայց սա հենց Դաշնակցության առաջարկած սկզբունքն է՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էր դեռ հունիսի 4-ին ապագա կոալիցիայի առջեւ պայման դրել. «Քաղաքական ուժերն իրե՛նք են նշանակում իրենց ներկայացուցիչներին, այլ ոչ թե իրենց միջից ընտրվում է ուրիշի տեսակետից հարմարագույնը: Քաղաքական կուսակցությո՛ւնն է պատասխանատու իր կադրի համար՝ ուրեմն ինքն էլ կատարում է այդ առաջարկը, եւ նշանակումը պայմանավորում իր առաջարկով»: – Ես արդեն չեմ ուզում անդրադառնալ, թե ո՛վ է առաջարկել, ի՛նչ է արել: Բանակցություններն այնպիսի գործընթաց են, որ սա տալիս ես, այն առնում եւ այլն: Ինքնին այս գործընթացն իր մեջ շա՛տ մեծ թերություններ ունի, որոնք զգայուն տեղերում ցցուն դարձան միանգամից: Եվ դրանցից ամենազգայուն տեղը երեւի մշակույթն էր, քանի որ այնտեղ չես կարող ասել, թե գիտե՞ս, նախարար լինելը քաղաքական կարգավիճակ է: – Իսկ «ՕԵ» նախագահը հենց դա էլ ասում է, որ Թամարա Պողոսյանը փորձված քաղաքական գործիչ է, իսկ նախարարն էլ՝ քաղաքական պաշտոն: – Ամբողջ խնդիրն այն է, որ մշակույթի պարագայում դա շատ քիչ է: Հնարավոր է, որ այդ պաշտոնում պիտի նաեւ քաղաքական գործիչ լինի, բայց առաջին հերթին պիտի կարեւորվի մասնագիտացումը: Եվ չէի ուզենա, որ այլ կերպ լիներ էներգետիկայի կամ արդյունաբերության ոլորտներում եւս: – Իսկ այս պարագայում՝ առավել ակնհայտ է, որ նախարարը չի պատկերացնում իր ոլորտը: – Այո՛, չի պատկերացնում, եւ շատ պարզ երեւում է, որ երկա՜ր ժամանակ ինքը չարչարվելու, տառապելու է եւ ուրիշներին է տառապեցնելու, չարչարելու: Քանի որ մարդը, երբ ստանձնում է տվյալ ոլորտի ղեկավարումը՝ արդեն պիտի պատրաստ լինի այնտեղ լինելո՛ւ, եւ ոչ թե պիտի գա այնտեղ սովորելո՛ւ: – Ըստ Թամարա Պողոսյանի՝ Արթուր Բաղդասարյանն իրեն ասել էր, թե մշակույթի համակարգը «կնոջ կայացման համար, սկզբի համար շատ բարի է»: – Իհարկե, կին էլ կարող էր դառնալ մշակույթի նախարար: Ո՞վ ասաց, թե դա կնոջ համար տեղ չի, բայց այդ կինը պիտի պատրաստ լիներ: Ինքը կարող էր մեկ այլ տեղ շատ ավելի լավ պաշտոնավարել: Ախր, մեր երկրի եւ ժողովրդի ամբողջ դժբախտությունն այն է, որ կադրերն իրենց տեղերում չեն: – Իսկ Ձեր կուսակցության ներկայացուցիչ, բանաստեղծ Աղվան Վարդանյանն իր տեղո՞ւմ եւ պատրա՞ստ է իբրեւ սոցիալական ապահովության նախարար: – Այդ մասին պիտի իրեն հարցնեմ, երբ հանդիպեմ, թե պատրաստ ու կարո՞ղ է դա անել: Ես չեմ կարող վստահ ասել՝ ինքը պատրա՞ստ է, թե՞ պատրաստ չէ: Այնուամենայնիվ՝ սոցիալական հարցերը բոլորիս են առնչվում, եւ մի քանի տարի լինելով քաղաքականության մեջ՝ շփվել ու ծանոթ ենք այդ ոլորտի հիմնահարցերին: Բայց մշակույթը շատ յուրահատուկ է՝ այստեղ միայն շփվելով ու թատրոն գնալով չես կարող իմանալ, թե թատրոնի համար ինչ է հարկավոր: Բոլորս էլ գնում ենք թատրոն, բայց մեր շփումը հանդիսատեսի, ո՛չ մասնակցի շփում է: Աղվանի պարագայում կարող եմ ասել, որ նա, այնուամենայնիվ, եղել է մասնակից, օրենքների մշակման է մասնակցել եւ այլն: Իսկ այս մեկը հաստա՛տ հանդիսատես է: – Ըստ հուշագրի՝ «կոալիցիայի կողմերից յուրաքանչյուրը կարող է հետ կանչել իր կողմից առաջադրված պաշտոնյային եւ նրա փոխարեն առաջադրել մեկ այլ թեկնածու»։ Գուցե «ՕԵ»-ն էլ կիրառի այդ դրույթը: Բայց մինչ այդ՝ որքա՞ն ավերներ իրեն անծանոթ ոլորտում կարող է գործել տվյալ պաշտոնյան: – Շատ հնարավոր է, որ գործի, քանի որ փխրուն ու առանց այն էլ՝ քարուքանդ եղած ասպարեզ է՝ շատ-շատ պատճառներով: Մշակույթը շատ զգայուն օրգանիզմ է եւ կարող է շատ արագ անկում ու հիասթափություն ապրել. ունեցել ենք այդպիսի տարիներ: Բայց հնարավոր է նաեւ, որ պատրանք առաջանա, թե ամեն ինչ կարգին է: Ի վերջո, Լինսի գումարներով նորոգումից հետո սպասվում է մշակութային օջախների վերաբացում. բոլոր թատրոնները պատրաստվում են: Անկախ նրանից՝ նախարար կա՞, թե՞ չկա, այս վերաբացումներն ինքնին բերելու են խանդավառության ու ոգեւորության ալիք: Եվ հնարավոր է նաեւ, որ մեր տիկինն այդ ֆոնին լավ երեւա: Աստված տա, որ գոնե այդ արանքում բան սովորի, եւ ոգեւորության այդ ալիքի վրա մի քիչ չերեւան իր թերությունները: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ