Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ

Հունիս 20,2003 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ Իսկ ՄԱԿ-ը ժողովրդահաճո հարցեր է տալիս Մինչեւ այսօր ժամը 13։30-ը կոալիցիոն կառավարությունը տոչորվելու է սպասումների մեջ։ Ազգային նորընտիր երեսփոխանները երեկ ունկնդրեցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի «ծրագրային» խոսքը եւ այսօր պետք է դիրքորոշում արտահայտեն՝ վստահե՞լ կոալիցիայի ուժերին, հավատա՞ն կառավարության աշխատանքային ծարավին, թե՞ ընտրեն մեկ այլ սթափեցնող միջոց։ Այս ամենը օրենքի տեսանկյունից՝ սահմանադրական, իսկ իրականության տեսանկյունից՝ ձեւական բնույթ ունի։ Որեւէ բանական քաղաքացու մտքով չի անցնում, որ կոճակ սեղմողների մեծամասնությունը (երեկ ԱԺ նիստին 96 պատգամավոր էր մասնակցում, ընդդիմությունը բացակա էր) կարող է համերաշխորեն «ոչ» ասել այս կառավարությանը։ Այսինքն՝ կարելի էր նաեւ 24 ժամ չսպասել, բայց կարգը մնում է կարգ, եւ կառավարությանը վստահելու հարցը կվճռվի այսօր։ Վարչապետը կառավարության ծրագրի քննարկումներից հասկացել է, որ ծրագրի ընդունման հետ կապված բարդություններ չեն կարող լինել. «որքան հասկացա քննարկումներից, բարդություններ չեն լինելու»։ Հավանաբար վարչապետը նկատի ունի կոալիցիայի անդամ կուսակցությունների հետ քննարկումները, քանի որ ըստ ԱԺ գործող կանոնակարգի, պատգամավորները քննարկելու հնարավորություն չունեն, ունեն միայն հարցեր տալու հնարավորություն, ինչը եւ երեկ արեցին։ Հերթագրվել էր 10 պատգամավոր, եւ նրանց մեջ մեծամասնություն էին կազմում «ոչ կոալիցիոն» ՄԱԿ խմբակցության անդամները։ Ընդ որում, բոլոր հարցերը սոցիալ-առողջապահական ուղղվածության էին, որոնք այլ պարագայում որակվում են որպես ժողովրդահաճո։ Եթե ՄԱԿ-ը շարունակի հաջորդ նիստերին եւս հարցերի նման առատությամբ աչքի ընկնել, ապա ակնհայտորեն նախկին «ՕԵԿ» խմբակցության տեղը խորհրդարանում դատարկ չի մնա։ Պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանին հետաքրքրում էր կանանց դերն ու տեղը կառավարության ծրագրում։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հարցին փորձեց պատասխանել պրոֆեսիոնալի պես, բայց ստացվեց ինչպես միշտ։ Նա ասաց, որ մարդկության կողմից կանանց դերի թերագնահատման դեպքերը միշտ էլ դատապարտվում են, եւ ինքը դրանից խուսափելու համար միշտ էլ փորձել է բարձր գնահատել կանանց դերը, եւ որպես ասվածի ապացույց՝ հիշեցրեց, որ իրեն կից ունի Կանանց խորհուրդ, որին շատ հնարավորություններ են տրված, եւ որի հետ վարչապետը սիրով է աշխատում. «իհարկե՝ կառավարության շրջանակներում»։ Իսկ լրագրողների հարցերին պատասխանելով, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ կառավարությունը պատրաստ է կոալիցիայից դուրս մյուս կուսակցություններին եւս հնարավորություն տալ մասնակցելու ծրագրի իրականացմանը։ Ընդդիմության մասով վարչապետն ասաց. «Ընդդիմության ներկայացուցիչները նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ մտածում են մեր պետության ներկայի եւ ապագայի մասին։ Անկախ այն քաղաքական դրսեւորումներից, որ մենք ունենք ընտրական կամ հետընտրական շրջանում, ես մտածում եմ, որ նրանք ակտիվ մասնակցություն կունենան եթե ոչ կատարման ուղղությամբ, ապա կատարածի հանդեպ վերաբերմունքը ցույց կտան։ Ես պատրաստ եմ հաշվի առնել բացասական երեւույթների նկատմամբ ընդդիմության դիտարկումները»։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ կոալիցիոն կառավարության ծրագիրը «լավ, ռեալիստական, սոցիալիստական ուղղվածություն ունեցող փաստաթուղթ է եւ դրան «դեմ» քվեարկելը տրամաբանական չէ։ Թե ինչպես մենք դա կաշխատեցնենք, սա էլ կլինի մեր հիմնական քննությունը, որը, կարծում եմ, բյուջեի ընդունման ժամանակ կերեւա»։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի (ՀՀԿ) գնահատմամբ՝ կառավարության ծրագիրը գործնականում լրիվ իրականացվող փաստաթուղթ է։ Հանրապետական Գալուստ Սահակյանն օրերս հայտարարեց, որ եթե կոալիցիայի անդամներից որեւէ մեկը դուրս գա, ապա ՀՀԿ-ն պատրաստ է մինչեւ վերջ կրել պատասխանատվությունը։ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի ներկայացմամբ. «Եթե այնպես ստացվի, որ ՀՀԿ-ն ստիպված լինի ինքը ձեւավորել կառավարություն, բնական է՝ պատրաստ է դրան։ Կան փաստեր. երեք տարի Հանրապետական կուսակցությունը միայնակ էր կրում պատասխանատվությունը, եւ կարծում եմ, պատվով կրեց՝ շատ ավելի քիչ պատգամավորներ ունենալով, քան այսօր։ Այն, որ Հանրապետականը չփորձեց միայնակ ձեւավորել կառավարությունը, դա Հանրապետականի հանդուրժողականության մասին է խոսում, եւ պետք է ընկալել համագործակցության ցանկության դրսեւորում եւ ոչ թե մտածել, թե ՀՀԿ-ն միայնակ չէր կարող այդ բեռը տանել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել